Քարին տակ գյուղ (ԼՂՀ Շուշիի շրջան): Գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հարավ՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 1300-1400 մ բարձրության վրա: Տարածքը՝ 200 հա: Բնակչությունը՝ 123 մարդ (2003): Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ: Կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում է Ավանկարան քարայրը և այլն:
1988-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (Վ. Առուշանյան, Հ. Ամիրջանյան, Ա. Առաքելյան, Ա. Սարգսյան, Ա. Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է Շուշիի պաշտպանության շրջանի 52-րդ գումարտակը: 1991-ի նոյեմբերի 19-ին հակառակորդը հարձակվել է Քարինտակի վրա: Մի քանի ժամ տևած մարտերից հետո թշնամին հետ է շպրտվել: Նույն թվականի դեկտեմբերին Քարինտակի արևելյան և «Խաչին» բարձունքի ուղղությունների դիրքերի վրա հակառակորդը նորից է հարձակվել, սակայն վերստին հետ է շպրտվել: 1992-ի հունվարի 8-ին և 26-ին հակառակորդը մեծ ուժերով հարձակվել է Քարինտակի վրա, և տեղի են ունեցել լուրջ բախումներ:
Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է Ղարաբաղյան պատերազմի բոլոր ուղղությունների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին: Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով հետմահու պարգևատրվել են Վ. Առուշանյանը,Ա. Վարդանյանը, 2-րդ աստիճանով՝ Գ. Առաքելյանը (հետմահու), Հ. Ամիրջանյանը, Վ. Պետրոսյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Առաքելյանը, «Արիության համար»՝ 20, «Շուշիի ազատագրման համար» մեդալներով՝ 51 ազատամարտիկ: Քարինտակից զոհվել է 28 ազատամարտիկ:
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am