Պապոյան Ռուբեն Արտաշեսի: Ծնվել է 1921թ. նոյեմբերի 4-ին քաղաք Թեոդոսիայում (Ղրիմ, Ուկրաինա): Ընտանիքը 1922թ տեղափոխվել է Թբիլիսի: 1941թ. մայիսին զորակոչվել է զինված ուժեր: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Սովորում էր Սևաստոպոլի ռազմածովային ուսումնարանում: 80-րդ ծովային հատուկ բրիգադի կազմում մասնակցել է Սևաստոպոլի, Նովոռոսիյսկի պաշտպանությանը, ապա` Մոսկվայի, Լենինգրադի և Կարելիայի մարտերին: 1944թ. մարտ-ապրիլին 728-րդ հրետանային գնդի (176-րդ ՀԴ, 32-րդ Բ, Կարելյան ռազմաճակատ) հետախույզ շարքային Պապոյանը թափանցել է հակառակորդի թիկունք Սեգօզերո լճի (Կարելիա) շրջանում, հետախուզել 2 դիտակետի, 2 հրետանային և 1 ականանետային մարտկոցների դասավորվածությունը, որոնք նրա ցուցումով ոչնչացվել են: 1944թ. հունիսի 16-ին պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. հուլիսի 31-ին Պորոսօզերո ավանի մոտ (Կարելիա) ոչնչացրել է հակառակորդի 1 գնդացիր և 4 զինվոր: Ծանր վիրավորվել է, նրան դասել էին զոհվածների շարքում, 2 ամիս բուժվել է հոսպիտալում, որտեղից ինքնակամ մեկնել է զորամաս: 1944թ. օգոստոսի 25-ին պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945թ հուլիսի 25-27-ին ք. Անգերբուրգի (Վենգոժևո, Լեհաստան) մոտ հայտնաբերել է հակառակորդի 3 դօտ, որոնք նրա ցուցումով ոչնչացվել են, ապա ուղիղ նշանակությանբ ոչնչացրել է մեծաքանակ զինվորներ: 1945թ. փետրվարի 16-ին Ցինտենի գյուղի (Կորնևո, Բագրատիոնովսկի շրջան, Կալինինգրադի մարզ, ՌԴ) մոտ հակառակորդին մեծ վնաս է պատճառել: 1946թ մայիսի 15-ին հետախույզ, շարքային Պապոյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով, որը ստացել է 20 տարի անց: Պատերազմն ավարտել է Չեխիայում: 1945թ. ավագ Պապոյանը զորացրվել է: Ապրել է Երևանում: Կյանքի վերջում տեղափոխվել է Սևաստոպոլ: Մահացել է 1996թ. դեկտեմբերի 26-ին: Թաղված է Հերոսների Ծառուղում: Մասնակցել է 1985թ. մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am