Օհանյան Սեյրան Մուշեղի Օհանյան Սեյրան Մուշեղի: Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին Շուշի քաղաքում (ԼՂՀ): 1983թ. ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը, ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է մոտոհրաձգային դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ: Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատար: 1989թ. օգոստոսից նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, 1990թ. սեպտեմբերից` մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 1992թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992թ. դեկտեմբերից - ԼՂՀ-ի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ, 1994թ. սեպտեմբերից - ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից - 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 1999թ. օգոստոսից - ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ. հունվարից` ԼՂՀ պաշտպանության նախարար- պաշտպանության բանակում հրամանատար: 2007թ.-ից - ՀՀ զինված ուժերի գերագույն շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, 2008թ. ապրիլի 14-ից-ՀՀ Պաշտպանության նախարար: 1995թ. շնորհվել է գեներալ-մայորի, 2000թ. գեներալ-լեյտենանտի, 2007թ. գեներալ-գնդապետի զինվորական կոչումներ: Պարգևատրվել է ԽՍՀՄ «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին», «Անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» մեդալներով, ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, գերատեսչական «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Մայրական երախտագիտության», «Խորհրդային Միության մարշալ Ժուկով», մեդալներով, «Զինանշան» հուշամեդալով: Արցախի հերոս (1999): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am