Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Օղակ (Կոլցո) գործողություն

 «Օղակ» (Կոլցո) գործողություն«Օղակ» (Կոլցո) գործողություն: Խորհրդային իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողության պայմանական անվանումը։ Նպատակն էր Հայաստանին պարտագրել միանալու միութենական նոր պայմանագրին, իսկ հայ ժողովրդին ահաբեկելով ստիպել հրաժարվելու անկախության համար մղվող պայքարից։ Գործողությունն իրականացրել են ԽՍՀՄ ԶՈՒ և ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՆՋ-ականները՝ 1991-ի ապրիլ-օգոստոս ամիսներին։ Ապրիլի 30-ից մայիսի 8-ը ավերել են Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, տեղահանել շուրջ 3,5 հզ. բնակիչների, մայիսի 13-16-ը տեղահանել են Հադրութի շրջանի Ջրաբերդ, Քարինգ, Առաքյուլ, Բանաձոր, Կարմրաքար, Սարալանջ, Արևշատ, Քարագլուխ, Մյուլքադարա, Պետրոսաշեն, Ծամձոր, Ցոր, Խանձաձոր, Շուշիի շրջանի Մեծշեն, Եղցահող, Ծաղկաձոր, Հինշեն գյուղերի բնակիչներին։ Հարձակվել են ՀՀ սահմանամերձ շրջանների գյուղերի վրա։ Տեղահանումից մի քանի օր առաջ, որպես կանոն, բնակավայրերը շրջապատել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԶՈՒ տարբեր (այդ թվում զրահատեխնիկայի և օդուժի) ստորաբաժանումները, իսկ ՄՀՆՋ-ականները ներխուժել են և ավերել բնակավայրերը, կողոպտել, բռնաբարել են կանանց, սպանել և տեղահանել բնակիչներին։ Հուլիսի 6-ից օգոստոսի 19-ը իրականացրել են Շահումյանի շրջանի էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի հայաթափումը։ Շրջափակել են Մարտակերտի շրջանի Հաթերք և Վերին Հոռաթաղ գյուղերը, որոնք միայն ատակապ դյության պետական, կոմիտեի պարտությունից հետո են փրկվել ավերումից ու տեղահանումից։

 

Գրականության ցանկ

Մկրտչյան Ա., Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում, Ե., 1992։

Ղարամանյան Կ., Հյուսիսային Արցախ. գոյության պայքար, գիրք Բ, Ե., 1993։

Սողոմոնյան Ն., «Կոլցո». մարդորսություն, Ա և Բ մասեր, Ս. 1994, 1995։

Հարությունյան Մ., Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագաւմը, Ե., 2000։

 

Մ. Հարությունյան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am