Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

 Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը։ XVIII դարի 20-ական թվականների Արցախի հայության ազատագրական կռիվներն ավարտվեցին պարտությամբ։ Թուրք նվաճողները մեծ դաժանությամբ ճնշելով հայ զինվորականության դիմադրությունը՝ իրենց տիրապետությունը հաստատեցին երկրամասում։ Բայց լեռնաշխարհի որոշ վայրերում, հատկապես Գյուլիստանում, ապստամբները զենքը վայր չդրեցին և շարունակում էին անհավասար պայքարը։ 1730-1731 թթ. թուրքական սուլթանի հրամանով Գանձակի Իբրահիմ փաշան Բայազետի, Երևանի, Գանձակի, Շիրվանի, Շաքիի և Դաղստանի թուրքական միացյալ բանակներով «սրբազան պատերազմ» էր մղում Աբրահամ սպարապետի (ինչպես իրենք էին ասում՝ «գյավուր Աբրահամի») գլխավորած Գյուլիստանի հայկական զորամասերի դեմ։ Սակայն թուրքերը չկարողացան ընկճել հայերի դիմադրությունը։ Ինչպես Սյունիքի, այնպես էլ Արցախի լեռնային անմատչելի վայրերում շարունակվում էին հայերի ազատագրական կռիվները։

 Նման պայմաններում հասկանալի է դառնում, թե ինչու XVIII դարի 20-ական թվականների վերջերին և 30-ական թվականների սկզբներին Պարսկաստանում սկսված ու լայն ծավալ ընդունած հակաթուրքական ազատագրական պայքարի մեջ պետք է միավորվեին բոլոր այն ուժերը, որոնք մարտնչում էին թուրքերի դեմ։ Մանավանդ Պարսկաստանում այդ շարժման գլուխ էր կանգնած այնպիսի լայնախոհ, հեռատես ռազմական գործիչ, ինչպիսին էր Նադիր խանը՝ ապագա Նադիր շահը։

 Նադիր շահը (1736-1747) Պարսկաստանի պատմության ամենաինքնատիպ ու ականավոր պետական գործիչներից էր։ Նա եղել էր հասարակ զինվոր և իր աշխատասիրության ու տաղանդի, համառ կամքի ու խիզախության շնորհիվ բարձրանալով ծառայողական աստիճաններով՝ դարձել էր զորավար։ Նա երիտասարդ տարիներից մասնակցել էր Պարսկաստանում իրենց տիրապետությունը հաստատած աֆղանների դեմ մղված ազատագրական պատերազմներին, ապա ծառայության էր անցել Թահմազ II շահի մոտ, նշանակվել բանակի գլխավոր հրամանատար։ Նադիրը հաղթել էր աֆղաններին, ուզբեկներին, թուրքմեններին, քրդերին, լեզգիներին, պարսկական ու ադրբեջանական կենտրոնախույս խաներին, հաջողությամբ կռիվներ էր մղել նաև թուրք նվաճողների դեմ։ Հատկապես նա բազմաթիվ փայլուն հաղթանակներ էր տարել 1730-1736 թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ 1735 թ. հունիսին Եղվարդի վճռական ճակատամարտում Նադիրը գլխովին ջախջախել էր թուրքերին, որոնք ստիպված հրաժարվել էին Ատրպատականից, Անդրկովկասից ու Դաղստանից։ Մինչ այդ՝ 1732 թ,, նա ռուսներին ստիպել էր հեռանալ մերձկասպյան նահանգներից, որ այնքան զոհողությունների ու ջանքերի գնով ձեռք էր բերել Պետրոս I-ը, և որն այնքան մեծ հույսեր էր ներշնչել հայ ազատագրական շարժման գործիչներին։

 1736 թ, Նադիրը գահընկեց է անում Աբբաս III-ին և իրեն hռչակում Պարսկաստանի շաh։ Նվաճողական պատերազմներ վարելով` նա գրավում է Բուխարան, Աֆղանստանը, Հնդկաստանը և ստեղծում մի հզոր աշխարհակալ պետություն։ Իր ռազմական գործունեության ընթացքում Նադիրը, բնականաբար, չէր կարող անուշադրության մատնել հայ զինական ուժերը, որոնք տարիներ շարունակ միայնակ հերոսական պայքար էին մղում բազմաքանակ թուրքական բանակների դեմ։ Շահը, որ խորունկ ու ճկուն քաղաքագետ էր, վեր էր կանգնած կրոնական սահմանափակվածությունից։ Թուրքիայի դեմ պայքարի հենց սկզբում նա հասկացավ, որ ողջ Անդրկովկասում հայերը միակ իրական ու կարող ուժն են, որ դիմագրավում են իր հակառակորդին։ Հակաթուրքական ուժ լինելով՝ հայերը փաստորեն հանդես եկան որպես Նադիրի դաշնակիցներ։ Ահա թե ինչու սա աշխատում էր սիրաշահել հայերին: Նրա խորհրդով էր, որ շահ Թահմազը ճանաչել էր Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի անկախ հայկական իշխանությունը, Արցախի ազատագրական շարժման գործիչներից մի քանիսին՝ Ավան Հարյուրապետին և այլոց, շնորհել էր խանի պատվատիտղոս։ Նադիրն աշխատում էր հայերին ընդգրկել հակաթուրքական միասնական ճակատի մեջ։ Այդպիսի մտադրություն ունեին նաև հայ որոշ գործիչներ։ Ժամանակին այդպիսի տրամադրություն էր ունեցել նաև Դավիթ Բեկը։ Թուրքական ընդհանուր սպառնալիքը երկու կողմին էլ ստիպում էր անտեսել տարաձայնությունները, ատելությունն ու անհանդուրժողականությունը և հանդես գալ միասնական ուժերով։ Այս պատճառով է, որ Նադիրը հայերին սիրով վերցնում էր զինվորական ու պետական ծառայության։ Հայտնի է, որ նրա բանակի կազմում կային զգալի թվով հայ զինվորականներ։ Օրինակ՝ 1732 թ. Համադանի համար մղված մարտերի ժամանակ նրա բանակում մարտնչում էին վեց հայկական զորաջոկատներ։ Հայ զինվորականներն աչքի ընկան 1735 թ. Գանձակի և Կարսի շրջաններում տեղի ունեցած ռազմական գործողություններում, հատկապես Եղվարդի ճակատամարտի ժամանակ։

 Նադիրի շրջապատում կային մի քանի բարձրաստիճան հայեր, ինչպես, օրինակ՝ մելիքներ Մկրտումը, Հակոբջանը, Եգանը, Թամրազը, Մանուչար Շահնազարյանը, Հարությունը և ուրիշներ։ Սրանցից Նադիրին առավել մոտ էր հմուտ և հեռատես քաղաքական գործիչ, նշանավոր զինվորական Դիզակի մելիք Եգանը, որն արժանացել էր Նադիրի անվերապահ վստահությանն ու հարգանքին։

 Հենց մելիք Եգանի իմաստուն խորհրդով է, որ Նադիրը հատուկ քաղաքականություն է մշակում հայոց եկեղեցու նկատմամբ, անձամբ այցելում Ս. էջմիածին, լինում Մայր Աթոռում, հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Գ. Կրետացու հետ։ Նա հատուկ արտոնություններ էր շնորհել հայոց եկեղեցուն և ազատել հարկերից։ 1735 թ. հրովարտակով հաստատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսության իրավունքները, որի համաձայն ընդարձակվել էին Մայր Աթոռի կալվածքները։ Շահը Ս. էջմիածնի տաճարին նվիրել էր 15 կիլոգրամանոց ոսկե ջահ և պարսկական ընտիր գորգեր։ Չափազանց կարևոր էր, որ հայ հոգևորականության խնդրանքով Նադիրը սահմանափակում է կաթոլիկ միսիաների գործունեությունը Պարսկաստանում, արգելում նրանց քարոզչական առաքելությունը պարսկահայերի շրջանում, մի բան, որ առաջացրել էր Ֆրանսիայի դժգոհությունը։ Նադիրը Երևանի նոր խանին խստագույնս հանձնարարում է հոգատար լինել Հայոց կաթողիկոսի և ընդհանրապես հայերի նկատմամբ, խորհուրդ է տալիս չվստահել Երևանի պարսիկ և թուրք աղաներին, այլ ամեն հարցում «խորհրդակցել կաթողիկոսի և հայ մելիքների հետ», քանի որ «Երկիրն ու ժողովուրդը նրանցն են, և նրանք պետք է այն շենացնեն»։

 Հայ ժողովրդի շրջանում հատկապես գոհունակությամբ ընդունվեց Նադիրի հրովարտակը ժառանգական կարգի վերաբերյալ։ Եթե որևէ հայ ընդուներ մահմեդականություն, ապա նա այլևս չէր կարող, ինչպես հաստատված կարգն էր, հավակնել իր քրիստոնյա հարազատների ժառանգությանը։ Նադիրը հովանավորել է նաև հայ առևտրականներին, նրանց տվել բազմաթիվ արտոնություններ։ Մելիք Հակոբջանին, օրինակ, թույլատրել է Երևանում հիմնել դրամատուն և հատել արծաթե ու պղնձե դրամներ։ Կաթողիկոսի խնդրանքով 7 հազար հայերի ու վրացիների նա ազատել է պարսկական գերությունից և վերադարձրել հայրենիք։ Նշելի է, որ Պարսկաստանի բարձրաստիճան պետական գործիչների և հոգևորականության ներկայացուցիչների՝ 1735 թ. Մուղանում հրավիրված ժողովին մասնակցելու համար Նադիրը հրավեր էր ուղարկել նաև հայ մելիքներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ավագանու այս ժողովում էր, որ 1736 թ. մարտի 10-ին Նադիրը հռչակվել էր շահ։ Նրա թագադրության հանդեսի արարողությանն անձամբ մասնակցել է Աբրահամ Կրետացին և շահի մեջքին կապել սուր։ Ընդունելով սուրը՝ դրանով Նադիրը կարծես ցանկանում էր շեշտել, որ տերության բոլոր հպատակներն իր առջև հավասար են, և որ ինքը անխտիր ոչ միայն մահմեդականների, այլև քրիստոնյաների թագավորն է։

 Հայերին և հատկապես Հայոց եկեղեցուն տրված այս արտոնությունները զարմացնում էին մահմեդական հոգևորականությանն ու պետական շրջանակներին և դժգոհության տեղիք տալիս։ Բայց Նադիրը հաշվի չէր առնում այդ դժգոհությունները։ Հայերի նկատմամբ նրա որդեգրած քաղաքականությունն ուներ ավելի հեռու գնացող նպատակներ։ Անդրկովկասի (հատկապես Գանձակի, Շաքիի, Շիրվանի ) և Ատրպատականի թուրք (ադրբեջանցի) խաներն ու ցեղապետները, մասամբ նաև վրացիները, ունեին շեշտված թուրքական կողմնորոշում և ամեն անգամ օսմանյան արշավանքների ժամանակ դաշնակցելով թուրքերի հետ ՝ մեծ վտանգ էին ստեղծում պարսից պետության համար։ Հանձինս հայերի Նադիրը ցանկանում էր թուրքամետների նկատմամբ Անդրկովկասում ստեղծել հակակշիռ ուժ, որն ինչ-որ չափով պետք է ունենար նաև պետական-քաղաքական կազմավորում՝ ինքնավարության անկապտելի հատկանիշներով։

 Նադիրի այս ձեռնարկումները հայ հասարակական-քաղաքական կյանքը ղեկավարող անձանց ստիպեցին արագ և ճիշտ կողմնորոշվել՝ որդեգրելով քաղաքական նոր ուղեգիծ։ Այժմ նրանք անելիք ունեին ոչ թե ինչ-որ անորոշ խոստումների ու դրանց ապավինած հույսերի, այլ հաստատուն խոսքի և գործի հետ։ Այսպես՝ Նադիրը Արարատյան երկրի քալանթար նշանակեց Գեղարքունիքի և Սողքի տեր Մելիքջան Մելիք-Շահնազարյանցին։ Դա Երևանի խանից հետո ամենակարևոր և ազդեցիկ պաշտոնն էր, որով երկրամասի ներքին գործերի տնօրինությունը վերապահվում էր հայ մելիքներին։ Շահի հրովարտակներով մեծ իրավունքների տիրացան հատկապես Սյունիքի և Արցախի մելիքները։

 Գահ բարձրանալուց անմիջապես հետո Նադիր շահը ձեռնամուխ եղավ Արցախի մելիքությունները ռազմաքաղաքական մի ամրողջության մեջ միավորելու գործին։ Նրա հատուկ հրովարտակով Արցախի հինգ մելիքությունները միավորվեցին «Մահալ-է խամսե» (արաբերեն խամսա՝ հինգ) նահանգի մեջ։ Նորաստեղծ նահանգը դուրս բերվեց Գանձակի խանի վերահսկողությունից և դարձավ ինքնուրույն վարչական միավոր։ Խամսան հարևան Գանձակի, Շիրվանի, Երևանի և այլ խանությունների նման պետք է ուղղակի ենթարկվեր Ատրպատականի փոխարքա Իբրահիմ Աֆշար խանին, որը Նադիրի ավագ եղբայրն էր։ Եթե ինչ-որ հարցերում փոխարքան ընթացք չտար Խամսայի խնդիրներին, ապա հայ մելիքներն իրավունք ունեին անմիջապես դիմելու շահին։

 Փաստորեն Արցախի մելիքություններից Անդրկովկասում ստեղծվեց վարչական ինքնավար նոր միավորում։ Ըստ էության Նադիր շահը վավերացրեց այն, ինչ 15-ամյա պայքարի և հերոսական մաքառումների շնորհիվ ձեռք էր բերել Արցախի հայությունը։ Տե´ս ավելին

 

Գրականության ցանկ

Ժամկոչյան Հ.Գ. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը:

Րաֆֆի, Խենթը, Խաչագողի հիշատակարանը, «Սովետական գրող» հրատ., Երևան,1978 թ.:

Րաֆֆի, Խամսայի Մէլիքությունները, «Կովկաս կառավարիչ» հրատ., Թիֆլիս, 1882 թ.:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am