Մովսես Խորենացի, պատմահայր, քերթողահայր [մոտ 410, գյուղ Խորնի կամ Խորոնք (Տուրուբերան նահանգի Տարոն գավառ) - մոտ 490], միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան: Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մամբրե Վերծանողի եղբայրը: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում (մոտ 430-440), հմտացել քերթողական արվեստի, ճարտասանության, քերականագիտության մեջ, կատարելագործել հունարենի իմացությունը: Ուսուցիչների մահից հետո վերադարձել է հայրենիք (մոտ 440), կատարել է թարգմանություններ, գրել երկեր: Մովսես Խորենացու Գյուտ Ա Արահեզացու կողմից նշանակվել է Բագրևանդի թեմակալ առաջնորդ:
Մովսես Խորենացու գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրատունու պատվերով (մոտ 480-ին): Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից. 1-ինում տրված է հայ ժողովրդի ծննդաբանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորի և նրա սերունդների պատմությունը, 2-րդը սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության համառոտ հիշատակությամբ, ընդգրկում է Հայաստանում Արշակունյաց արքայատան հաստատման, հայ-հռոմեական պատերազմների, քրիստոնեության ընդունման և այլ անցքերի պատմությունը, 3-րդում զետեղված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի բաժանման, Արշակունյաց անկման (428) պատմությունը:
Մովսես Խորենցին տվել է հայ ժողովրդի հին պատմության այն պարբերացումը, որն, ըստ էության, ընկած է արդի հայագիտության ընդունած գիտական պարբերացման հիմքում: Որդեգրելով «Առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ» սկզբունքը՝ հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը՝ 2-րդ և 3-րդ գրքերը համալրելով ժամանակագրական կուռ ցանկով: Պատմության մեջ ընդգրկվել են թե՛ Հայոց արքաների ու կաթողիկոսների, և թե' Պարսկաստանի ու Հռոմի գահակալների իշխանության տարիները:
«Պատմութիւն Հայոց»-ը շուրջ 1400 տարի եղել է դասագիրք, միաժամանակ՝ օրինակ և չափանիշ միջնադարյան հայ բոլոր պատմագիրների համար: Անգնահատելի են Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների, քաղաքական պատմության, տնտեսական, հասարակական ու պետական կառուցվածքի, հեթանոսական կրոնի տարբեր շերտերի, նաև հավաստի և արժեքավոր տեղեկությունները Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:
Մովսես Խորենցին օգտագործել է տարաբնույթ՝ օտար և հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի (մ.թ.ա. XII - VII դդ. միջև), Հերոդոտոսի (մ.թ.ա. V դ.), Մանեթոնի (մթւս. Ill դ.), Հովսեփոս Փլավիոսի (մ.թ. I դ.), Հուլիոս Ափրիկանոսի (III դ.), Եվսեբիոս Կեսարացու (III դ.) և այլոց երկեր:
Նախամաշտոցյան մատենագրական սկզբնաղբյուրներից օգտագործել է Մար Աբաս Կատինայի (մ.թ.ա. II դ.) մատյանը, «Մեհենական պատմությունները», որոնց հեղինակներն են Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I-II դդ.) և ասորի գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դ.), ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը, որի հեղինակին Մովսես Խորենցին չի հիշատակում: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրներն են՝ Կորյունի, Ագաթաևգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերը, վավերագրական սկզբնաղբյուրները՝ Գահնամակը և Հայաստանում եղած այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրներն են ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ ժողովրդական բանահյուսության նմուշները՝ վիպասանների երգեր, թվելյաց երգեր, զրույցներ և այլն (օրինակ՝ «Արտաշես և Սաթենիկ», «Վահագնի երգը», «Տիգրան և Աժդահակ»), որոնք վկայում են «Սասնա ծռերից» շատ առաջ հայկական էպոսի և վիպերգերի գոյությունը, պատմաավանդական բնույթի ստեղծագործությունները, նախարարական տոհմերի ծագման ու դրանց ականավոր ներկայացուցիչների շուրջ հյուսված ասքերը (Մամիկոնյան, Կամսարական տոհմերի ծագման մասին ավանդությունները և այլն): Մովսես Խորենցու համար նյութական աղբյուր են ծառայել իր նկարագրած քաղաքները, բնակավայրերը, լեզվական աղբյուրներ՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք նա ստուգաբանել է ու մեկնաբանել՝ դրանց մեջ որոնելով պատմական իրադարձությունների արձագանքները:
Երկն առաջին անգամ հրատարակվել է Ամստերդամում (1695), առաջինը աշխարհաբար է թարգմանել ու հրատարակել Խորեն Ստեփանեն (ՍՊբ, 1889): Աշխարհաբար նոր և գիտական թարգմանությունը Ս. Մալխասյանցինն է (1940): «Պատմութիւն Հայոց»-ը դուրս է եկել ազգային պատմության շրջանակներից և դարձել համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն (4 անգամ), ֆրանսերեն (4), լատիներեն(2), իտալերեն (2), գերմաներեն, հունգարերեն, անգլերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հատվածաբար՝ 20 այլ լեզուներով: Մովսես Խորենացու անձի ու գործի վերաբերյալ լույս է տեսել շուրջ 3 հազար ուսումնասիրություն:
Մովսես Խորենցու դավանաբան, աշխատությունները զգալիորեն նպաստել են հայ աստվածաբանական մտքի զարգացմանը: Նշանակալի են «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորա», «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ», «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ») ներբողները, ինչպես նաև փիլիսոփայական-դավանական մի քանի երկասիրություններ: Թարգմանություններից (հունարեն) առավել արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը: Վաղ շրջանի գործերից է համարվում «Գիրք պիտոյից»-ը (1796, 1993, ռուսերեն թարգմանությամբ՝ 2000): Մովսես Խորենցուն է վերագրվում «Աշխարհացոց»-ի (1881) բնագիրը:
Մովսես Խորենցին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է և շարականագիր: Առավելապես հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական, քնար, ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգական շունչը: Մովսես Խորենացու անունով մեզ հասած երգասացություններում կան կցուրդներ, ավետիսներ, մեծարժեք են Աստվածամորն ուղղված «Մեծացուսցէ» կոչված (57) ձոներգերը:
Մոսվես Խորենացու անունով Երևանում և այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհեր, կանգնեցվել են նրա արձանները (ԵՊՀ-ի Ա Մատենադարանի առջև): 1993-ին սահմանվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալ:
Երկ. Մատենագրութիւնք, 2-րդ հրտ., Վնտ., 1865:
Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորա (քննական բնագիրը՝ Թ. Տասնապետյանի), Անթիլիաս, 1994:
Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ եւ Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց, Անթիլիաս, 1995 (քննական բնագիրը՝ Թ. Տասնապետյանի):
Հայոց պատմություն, Ե., 1997: Աստուածաբանական Երկեր, Ե., 2001:
Գրկ. Կոնիբեր Ֆ., Մովսէս Խորէնացու ժամանակի մասին, ՀԱ, 1902:
Հրանտ Արմեն, Պատմութիւն Խորէնացիի քննադատութեան, Երուսաղեմ, 1954: Աբեղյան Մ, Երկ., հ. 3, Ե., 1968:
Սարգսյան Գ., Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Ե., 1991: Թահմիզյան Ն, Մովսես Խորենացին և հայ հին ու վաղ միջնադարյան երգարվեստը, «Էջմիածին», 1979, № 5-6:
Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացու մատենագիտությունը, Ե., 1991:
Աղբյուրը՝ <<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 160-161:
Տե´ս ավելին
Հովհաննիսըան Պ., Մեվսես Խորենացի, ԵՊՀ հրատ, Երևան, 2013 թ.
Խորենացի Մ.,«Հայաստան» հրատ., Երևան, 1997 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am