Սիլիկով (Սիլիկյան) Մովսես Բաբայի (ծնվել է 26.9. 1862, գ. Վարդաշենում (Ելիզավետպոլի նահանգի Նուխիի շրջան) -մահացել է 1937 թ-ին, անհատի պաշտամունքի զոհ), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ–մայոր (22.8.1917)։ Ավարտել է Մոսկվայի (1882) և 3-րդ Ալեքսանդրովյան (1884) ռազմական ուսումնարանները, սպայական հրաձգային դպրոցը (1904)։ 1884-ից ծառայել է ռուսական բանակում։ 1914-ին՝ Երևանի զինվոր, պարետի օգնական։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-18. Կովկասյան ռազմաճակատում). 1915-ին՝ հրաձգային գնդի հրամանատար, 1916-ին գլխավորել է Վանի զորախումբը, աչքի ընկել Մուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ, վերջինիս գրավումից հետո նշանակվել է քաղաքի պարետ։ Մարտ, սխրանքների համար պարգևատրվել է շքանշաններով, Գեորգիևյան սրով։ Կովկասյան ռազմաճակատի փլուզումից հետո պաշտոնաթող է եղել, սակայն 1918-ի հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար, նպաստել այդ զորամասերի մարտունակության բարձրացմանը։ Երբ 1918-ի մայիսին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրքական զորքերը սկսել են հարձակումը Երևանի ուղղությամբ, Սիլիկյանը ստանձնել է կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարությունը։ 1918-ի մայիսին Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում ջախջախիչ հարված է հասցրել թուրքական զորքերին, կասեցրել նրանց հարձակումը։ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը Սիլիկյանին բնութագրել է որպես «ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին»։ 1920-ի աշնանը Սիլիկյանը եղել է հայկական զորքերի հրամանատարը Կարս-Ալեքսանդրապոլ ճակատում, ջանացել է սանձել առաջացող թշնա–մու գերակշիռ ուժերը, սակայն՝ անհաջող։ 1937-ին անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել։
Գրականություն
Ով ով է. հայեր, Կենսագրական հանրագիտարան, Հատոր 2-ին, էջ 456
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am