Մոսկվայի պայմանագիրը 1921 թվական:
Այլ կերպ նաև անվանում են բարեկամության և եղբայրության խորհրդաթուրքական պայմանագիր: Պայմանագիրը ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից հետո: Խորհրդային Ռուսաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից:
1-ին հոդվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջպետական որևէ այլ ակտեր, եթե պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»: Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել: Պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վերաբերում էին սահմանների հարցին: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը: Խորհրդային հանրապետությունների ներքին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րդ հոդվածը, որտեղ ասվում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմանով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով առանց մաքսի տրանզիտի իրավունք: Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաստանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետությունների դժգոհությունը: Այդ պատճառով պայմանագրի 15-րդ հոդվածով նախատեսվում էր, որ «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»: Պայմանագրի մնացած հոդվածների համաձայն կողմերը ճանաչում էին Արևելքի ժողովուրղների ազատության և անկախության իրավունքը, համաձայնվում էին Սև ծովի և նեղուցների միջազգային ստատուսի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ապագա կոնֆերանսին, ընդունում էին, որ երկու երկրների միջև մինչ այդ կնքված պայմանագրերը կորցրել են իրենց ուժը, իսկ Խորհրդային Ռուսաստանը «Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից»: Ուժը կորցրած էր համարվում կապիտուլյացիաների ռեժիմը, կողմերը պարտավորվում էին «իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն»:
Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում էր քեմալական Թուրքիային նրա, այսպես կոչված, հակաիմպերիալիստական պայքարում՝ անտեսելով Հայաստանի նկատմամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստանին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները՝ խորհրդային կառավարությունը ակտիվորեն մասնակցեց Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև պայմանագրի նախապատրաստմանը (տե՛ս Կարսի պայմանագիր 1921):
Տե´ս Մոսկվայի 1921 թ. պայմանագրի ամբողջական տեսքստը (ռուսերեն)
Զոհրաբյան Է.
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
Տե՛ս ավելին՝
Զոհրաբյան Է.Ա, «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերություններ 1920-1922թթ.», Ե„ 1979:
Кузнецова С. И., ,,Установление советско-турецких отношений’’, М., 1961;
Xейфец А. Н., Советски дипломатия и нарсцы Востока. 1921-1927, М., 1968: ,,История внешней политики СССР. 1917- 1945гг, 5 изд., перераб. И доп., М. 1986.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2487
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 815
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am