Մինսկի խումբ: Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններ վարող Մինսկի համաժողովի անդամ երկրների մարմին։ Սկսել է գործել 1992-ի ամառվանից։ Ստեղծման մասին որևէ որոշում չի կայացվել։ Խմբի անդամներ են ԱՀ, ՀՀ, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Ձեխոսլովակիան, Շվեդիան և ԼՂՀ ներկայացուցիչները։ Մինսկի խմբի առաջին նախագահ է նշանակվել իտալացի Մ. Սիկան, երկրորդը (1993-ից)՝ շվեդ Ա. Բրյուները։ Մինսկի խմբի  առաջին 5 նիստերը հրավիրվել են Հռոմում, որոնցից միայն վերջին երեքին են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները։ 1992-ի դեկտեմբերին Ստոկհոլմում հրավիրված նիստում չի արձանագրվել որևէ առաջընթաց։ Իրավիճակը շտկելու նպատակով 1993-ի մայիսին առանձնացվել է Մինսկի խմբի եռյակ՝ ԱՄՆ, ՌԴ և Թուրքիա, որոնց առաջարկությունները կրել են «ուլտիմատիվ» բնույթ։ Սակայն այդ երկրների՝ տարածաշրջանում ունեցած առանձին շահերի ու հակասությունների պատճառով հաջողություն դարձյալ չի արձանագրվել։ 1994-ին Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ ստեղծվել է Մինսկի խմբի համանախագահություն՝ Շվեդիա և Ռուսաստան։ 1995-ին Շվեդիային փոխարինել է Ֆինլանդիան, իսկ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո հիմնադրվել է եռանախագահություն՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա։ Այդ կազմով Մինսկի խումը գործում է մինչև օրս (2004)։ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են հակամարտության կարգավորման մի շարք փաստաթղթեր. 1993, 1994-ին՝ «հակամարտության կարգավորմանն ուղղված անհապաղ գործողությունների ժամանակացույց», 1994, 1997-ին՝ «Համաձայնագիր ռազմական հակամարտության համապարփակ կարգավորման մասին», 1998-ին՝ «ընդհանուր պետություն»։

 Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները դադարեցվել են 1998-ից՝ Ադրբեջանի կողմից Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքների շահարկման և ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով։ Համանախագահները վարում են մաքոքային դիվանագիտություն, որոնում են բանակցությունների շարունակման նոր ուղիներ։

 

 

Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am