Մեծ Հայքում Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը:
Հռոմում կայսերական գահի համար մղված պայքարի խառնաշփոթում Մեծ Հայքում գահակալում է Վաղարշ II-ը (185-198 թթ.): Հայաստանն այդ ժամանակաշրջանում անկախացել էր և չեզոքություն էր պահպանում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների նկատմամբ: Երբ Հռոմի կայսերական գահի թեկնածուներից Նիգերը (Ասորիքում) նրանից օգնություն է խնդրում՝ընդդեմ մյուս թեկնածու Սևերոսի, հայոց թագավորը պատասխանում է, որ ինքը ոչ մեկին չի օգնելու, սակայն, եթե որևէ մեկն իր վրա հարձակվի, ինքը պատրաստ է երկիրը պաշտպանելու:Կիլիկիայում՝ Իսոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Նիգերը սպանվում է: Սևերոսը,գալով Միջագետք, շտապում է հաշվեհարդար տեսնել նրա կողմնակիցների հետ: Չեզոքություն պահպանած հայոց թագավոր Վաղարշ II-ը բանակցությունների միջոցով հաշտություն է կնքում հռոմեական նոր կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ:
Վաղարշ II-ի հեռատես և հմուտ քաղաքականության շնորհիվ կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքված պայմանագրով հռոմեական լեգեոնները հեռացվում են Հայաստանից: Վաղարշ II-ը շարունակում է Վաղարշապատի կառուցապատումը: Հռոմեական կայսրը պարտավորվել էր գումար վճարել հայոց այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր Կովկասյան լեռնանցքների և մերձակա տարածքների պաշտպանությունը լեռնական ցեղերի հարձակումներից: Հենց նրանց դեմ մղված պայքարում էլ զոհվեց Վաղարշը:
Վաղարշ II-ի օրոք Հայաստանն այնքան է հզորանում, որ հայ Արշակունիների թագավորական իշխանությունը դառնում է ժառանգական:
Վաղարշ II-ին հաջորդած որդին՝ Խոսրով I-ը (198-215 թթ.), հայոց զորքով արշավում է Կովկասի լեռնական ցեղերի դեմ՝ ձգտելով առնել իր հոր մահվան վրեժը:
Պարթևական թագավորության թուլացումից օգտվեցին թե Հռոմը և թե պատմության ասպարեզ մտնող Սասանյանները: Սեպտիմիոս Սևերոսի որդին՝ Կարակալլան, կայսր դառնալով, երազում էր նվաճել Առաջավոր Ասիայի երկրները: Նա 215 թ. խաբեությամբ իր մոտ` Ասորիք է հրավիրում Խոսրով I-ին և ձերբակալում է նրան: Այս նենգ արարքը զայրույթ է առաջացնում Հայաստանում,ուր թագավոր է հռչակվում Խոսրովի որդին՝ Տրդատ II-ը (216-252 թթ.): Նրա գլխավորությամբ հայերը ջախջախում և Հայաստանից դուրս են վտարում Կարակալլայի ուղարկած զորքը:
Այդ ժամանակ բանտարկության մեջ մահանում է Խոսրով I-ը, և նրա որդուն` Տրդատ II-ին, որն արդեն գահակալում էր Մեծ Հայքում, հռոմեական կայսր Մակրինոսը թագ է ուղարկում: Ի նշանավորումն հայ-հռոմեական դաշինքի վերականգնման՝ կայսրը Տրդատին վերադարձնում էՀայաստանից տարված նրա մորը՝ թագուհուն, ավարը և այն կալվածքները (Կապադովկիայում),որոնք ստացել էր դեռևս Խոսրով I-ը:
Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները: Պարսկաստանում գահակալական կռիվներ են սկսվում թագավորող պարթև Արշակունիների և Պարսք նահանգի Սասանյան տոհմի ներկայացուցիչ Արտաշիրի միջև: Սասանյանների ռազմամոլ հարստության գահակալները,ձգտելով վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի նախկին հզորությունը, տարածաշրջանում մի քանի դար շարունակ վարեցին ծավալապաշտ քաղաքականություն:
Մեծ Հայքի հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին, ուստի Սասանյանները թշնամական դիրք էին բռնել հայերի նկատմամբ:
Ի պաշտպանություն պարթև Արշակունիների՝ Տրդատ II-ը արշավանքներ էր ձեռնարկել 226 թ.Պարսկաստանում գահին տիրացած Սասանյան արքայատոհմի դեմ՝ հասնելով մինչև Տիզբոն:Մովսես Խորենացին պատմում է. «Հայոց թագավորը վերադարձավ մեծ հաղթությամբ, շատ ավարով ու ցնծալից ուրախությամբ. նա վերադարձավ Հայաստան՝ Վաղարշապատ քաղաքը. եկավ մեծ ուրախությամբ, բարի անունով ու շատ ավարով»:
Տրդատ II-ի գլխավորած պայքարը Սասանյանների դեմ, չնայած որոշակի հաջողություններին,չփրկեց պարթև Արշակունիներին:
Արտաշիր I Սասանյանի առաջին ներխուժումը Հայաստան (228թ.) ավարտվում է պարսիկների պարտությամբ:
Արտաշիրի որդու՝ Շապուհ I-ի օրոք՝ Սասանյան Իրանի հզորացման և Հռոմեական կայսրության թուլացման ժամանակաշրջանում, Հայաստանը զերծ է մնում ռազմական գործողություններից:
III դ. կեսերին, երբ Հռոմը ներքին խռովությունների հետևանքով չէր կարող զբաղվել արևելյան գործերով, Շապուհ I-ը գրոհում է Տրդատ II-ի թագավորության վրա: Հայոց արքան, որ ավելի քան երկու տասնամյակ կարողացել էր դիմակայել Սասանյանների ոտնձգություններին, ստիպված էր հեռանալ Հռոմեական կայսրության սահմանները (252 թ.): Տրդատ II-ին հաջորդած Արտավազդից հետո hայոց գահն անցնում է Խոսրով II-ին:
260-ական թթ. կեսերից Սասանյանները փորձել են hայոց գահին հաջորդաբար բազմեցնել իրենց մի քանի թագաժառանգների, որոնք այնուհետև գահակալել են Պարսկաստանում:
Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը Մովսես Խորենացին (այդ օտար գահակալների ժամանակների միահյուսմամբ) բնութագրել է որպես «ժամանակ անիշխանության»՝ նշելով, որ «մեր երկիրը կառավարեց... պարսիկ գործակալների միջոցով...քսանվեց տարի» սասանյան արքա Շապուհ I-ի որդին՝ Որմիզդ-Արտաշիրը: Հայաստանի գահը 260-ական թթ. կեսերից զավթել էր Որմիզդ-Արտաշիրը (հետագայում՝ սասանյան արքա):Հայաստանում Սասանյաններն իրենց զավթումները դյուրացնելու նպատակով պարսից կրոնական սպասավորների` մոգերի միջոցով ձգտում էին հայերին բռնի ուժով պարտադրել Պարսկաստանում պետական կրոն հռչակված մազդեզականությունը (զրադաշտականությունը): Հայաստանուղարկված Անակ Պարթևի երկու զավակներից կրտսերին` Գրիգորին, ըստ ավանդության,դայակները հասցրել էին Մաժակ–Կեսարիա, որտեղ էլ նա մկրտվել և քրիստոնեական դաստիարակություն էր ստացել: Իսկ Խոսրով II-ի որդուն` Տրդատին, դայակները փախցրել էին «կայսեր արքունիք»:
Հռոմեական կայսրությունում գտնվելիս Տրդատը հաղթել էր օլիմպիական խաղերում և մեծ սխրագործություններ կատարել մարտի դաշտում, որոնցից առավել նշանավորն էր 276 թ. գոթերի իշխանի հետ նրա մենամարտը:
Գերմանական գոթերի ցեղի առաջնորդն իր հսկայական զորքով գալիս է պատերազմելու Հռոմեական կայսրության դեմ: Մինչ գոթերի և հռոմեացիների զորքերի իրար դեմ հայտնվելը,գոթերի իշխանը Պրոբոս կայսրին լուր է ուղարկում, թե փոխանակ իրենց զորքերը կռվեն և մեծ թվով կորուստներ տան, լավ կլինի, որ իրենք մենամարտի բռնվեն:
Եթե ինքը հաղթի, ապա հռոմեացիները իրենց կհնազանդվեն, իսկ եթե կայսրը հաղթի, ապա գոթերը նրան կհնազանդվեն, և «առանց արյան ու կոտորածի երկու կողմերի համար էլ խաղաղություն կլինի»: Պրոբոս կայսրն այդ լսելով՝ սարսափում է, քանի որ ինքն առողջությամբ տկար էր և թույլ: Ուստի նա լուր է ուղարկում իր տերության տարբեր կողմերը` պատրաստվելու պատերազմի: Այդ ժամանակ իրեն տեղեկացնում են Տրդատի ուժի և սխրագործությունների մասին: Որոշվում է, որ կայսեր փոխարեն Տրդատը կներկայանա մարտադաշտ և կկռվի գոթերի իշխանի դեմ: Հաջորդ առավոտյան կայսեր հրամանով Տրդատի վրա նետում են ծիրանի պատմուճանը` զարդարված կայսերական զարդով, նրա վրա գցում են նաև թագավորական նշանը: Իր հետ վերցնելով հռոմեական զորքի բազմությունը՝ Տրդատը գնում կանգնում է գոթերին դեմ հանդիման: Կայսերակերպ Տրդատը հաղթում է թշնամուն և գոթերի իշխանին բերում կանգնեցնում է Պրոբոս կայսեր առջև: Վերջինս Տրդատին մեծ պատիվների է արժանացնում,պարգևներ տալիս, թագ դնում գլխին և ծիրանի պատմուճաններով զարդարում: Հռոմեական օգնական զորքով կայսրը Տրդատին ուղարկում է Հայոց աշխարհ:
Տրդատը հաստատվում է հայ Արշակունիների գահին 287 թ., սակայն Պարսկաստանը չի ճանաչում նրա գահակալությունը:
Մովսես Խորենացին նկարագրել է Տրդատի բազում սխրագործությունները Հայաստանի հարավ-արևմուտքում և Պարսկաստանում: Այդ նույն ժամանակ սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները:
296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ է սկսում Հռոմի դեմ: Խառան և Կալինիկում քաղաքների միջև տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական բանակը պարտություն է կրում: Պատերազմական գործողությունները տեղափոխվում են Հայաստան: 297 թ. Ներսեհը, պարսից բանակով ասպատակելով երկիրը, հասնում է Բասեն գավառը և ճամբար դնում Ոսխա գյուղում: Լուսաբացին տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսից թագավորի զորքերը: Ներսեհը պարտվում է և փախուստի դիմում: Նա ստիպված էր խաղաղություն խնդրել և տարածքային զիջումներ կատարել Հյուսիսային Միջագետքում:
298 թ. Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Տրդատ III-ը, 298 թ. վերջնականապես հաստատվելով Մեծ Հայքի թագավորության գահին, վերականգնում է անկախ Հայոց աշխարհի ամբողջականությունը և սկսում է զբաղվել երկրի հզորացմամբ ու շենացմամբ:
Դանիելյան Է.