Մեղրյան Շահեն Զինավորի: Ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Գյուլիստան գյուղում (ԼՂՀ Շահումյանի շրջան): Մահացել է 17.4.1993, գ. Գյուլիստանում: Եղել է Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, հայդուկապետ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975)։ 1981-1988-ին՝ Շահումյանի պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991-ին՝ Շահումյանի շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992-ին՝ շրջգործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Ղարաբաղյան պատերազմի սկզբին Մեղրյանը կազմակերպել է կամավորական մարտական ջոկատներ և շրջանի ինքնապաշտպանությունը։ Զուգահեռաբար անլեգալ հանդիպումներ է ունեցել ՀՀ և ԼՂՀ ղեկավարների հետ, շրջանի օրհասական պահերին բողոք-հեռագրերով դիմել ԽՍՀՄ նախագահ Մ. Գոդաչովին և ՈԽՖԱՀ նախագահ Բ. Ելցինին։ 1990-ի հունվարի 8-ին Մեղրյանը և շրջանի ողջ ղեկավարությունը պատանդվել են Մարտունաշեն գյուղի մոտ։ 1990-ի հունվարի 18-ին փոխանակումով ազատվել են։ Մեղրյանի ստեղծած ինքնապաշտպանության ջոկատը 1990-ի հունվարին Մանաշիդ գյուղում ընդհարվել է գյուղի բնակչությանը տեղահանող ադրբեջանական ուժերի հետ և հետ շպրտել հակառակորդին գյուղի սահմաններից։ 1991-ին Մեղրյանի ղեկավարությամբ ազատագրվել են «Օղակ» գործողության ժամանակ զավթված Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը։ Այս ռազմական գործողությունն առաջինն էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ կամավոր ազատամարտիկներն իրենց ուժերով ազատագրել են զավթված տարածքներ։ 1992-ի հունիսի 13-ին, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչության բռնի տեղահանումից հետո, Մեղրյանը Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի (Հաթերք, Ականաբերդ, Մադաղիս, Տոնաշեն, Դաստագիր), Գյուլիստանի ազատագրական մարտերին, Սարսանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը՝ պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին։
Մեղրյանի անունն է կրում ՊՆ մեկ զորամաս։ 1997-ից գործում է «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամը։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր» շքանշաններով։
Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշարձան։ «ՄԵՐԳԵԼՅԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ 1989-1992-ին մասնակցել է ՀՀ Գորիսի (Շուռնուխ) շրջանի և ԼՂՀ Շուշի քաղաքի ինքապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Հարությունյան։ 1992-ից ջոկատի ազատամարտիկները ներառվել են տարբեր կամավորական ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմերում։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am