Մարտիրոսյան Սարգիս Սողոմոնի: Ծնվել է 1900թ. սեպտեմբերի 21-ին գ. Մադրասում (Հյուսիսային Արցախ): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1918թ. մայիսին կամավոր է գրվել Բաքվի կարմիր գվարդիա: 1919-1920թթ. կրտսեր ենթասպա է ծառայել առաջին ՀՀ 1-ին հեծյալ գնդում: 1920թ. մտել է կարմիր բանակ: 1921-1939թթ. ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում: 1925թ. ավարտել է Կովկասյան բանակի շտաբին կից դասընթացները (Թբիլիսի), 1928թ.` Գերագույն Շտաբին կից հրամկազմի կատարելագործման դասընթացները (Մոսկվա): 1939թ.-ից եղել է 30-րդ Հրաձգային դիվիզիայի օպերբաժնի պետ (Բելառուս. ռազմական օկրուգ): Մասնակցել է Մերձբալթիկայի, Արմ. Բելառուսի և Արմ. Ուկրաինայի ազատագրմանը: 1941թ. փետրվարից 227-րդ Հրաձգային դիվիզիայի շտաբի պետ (18-րդ Բանակ, Խարկովի ռազմական օկրուգ), մասնակցել է Կիևի պաշտպանությանը: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. սեպտեմբերի 21-ից 340-րդ Հրաձգային դիվիզիայի (49-րդ Բանակ, Արմ. ռազմաճակատ) հրամանատար: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Կուրսկի, Տուլայի, Օրյոլի ճակատամարտերին, Օստրոգոժսկ-Ռոսսոշանսկյան, Կորսուն-Շևչենկովսկյան, Սանդոմորյան, Յասսո-Քիշինևյան, Ներքին-Սիլեզյան, Վիսլա-Օդերյան, Բեռլինի և Պրահայի գործողություններին, Ուկրաինայի (12 անգամ Գերագույն գլխավոր հրամանատարից շնորհակալագիր է ստացել), Ռումինիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: 1943թ. հունվարին ազատագրել է Օստրոգոժսկը, Ստարի Օսկոլը, Բելգորոդը, Խարկովը: 1943թ. մայիսի 8-ից` 50-րդ Հրաձգային կորպուսի հրամանատար (38-րդ Բանակ): 1943թ. սեպտեմբերի 2-ին ազատագրել է Սումի, ապա Ռոմնի, Պրիլուկի քաղաքները, մասնակցել Դնեպրի գետանցմանը: Ակտիվորեն մասնակցել է Կիևի ազատագրմանը և 1943թ. նոյեմբերի 6-ին նշանակվել Կիևի կայազորի առաջին պետ: 1944թ. մարտ-ապրիլին Մարտիրոսյանի կորպուսը գետանցել է Հարավային Բուգը, Դնեստրը, Պրուտը, ազատագրել 400 բնակավայր: Նրա կորպուսի կազմում էր Լ. Սվոբոդայի չեխոսլովակյան 1-ին հրաձգային բրիգադը: 1944թ. ապրիլից 73-րդ Հրաձգային կորպուսի (50-րդ Բանակ, 1-ին Ուկր. ռազմաճակատ) հրամանատար: 1944թ. հուլիսի 27-ին բարձր նվիրվածության և նշանակալից մարտական գործողությունների վարման բացառիկ հմուտ ղեկավարման համար ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը Մարտիրոսյանին շնորհել է Պատվո Լեգիոների կոչում «1-ին աստիճանի Կոմանդորական խաչի» հանձնումով: 1945թ. հունվարի 21-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը նրա կորպուսն ազատագրել է լեհական Խմելնիկ, Վելյուն, Վրոցլավ քաղաքները, ոչնչացրել է ավելի քան 20.000 զինվոր և սպա, 83 տանկ, 21 ինքնաթիռ, մեծաքանակ այլ տեխնիկա: 1945թ. մայիսի 9-ին նրա կորպուսն առաջինն է մտել ազատագրված Պրահա: Մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու, հրաձգային կորպուսի հմուտ ղեկավարման համար 73-րդ Հրաձգային կորպուսի (52-րդ Բանակ, 1-րդ Ուկր. ռազմաճակատ) հրամանատար գեներալ-մայոր Ս. Մարտիրոսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մայիսի 29-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1947թ. ավարտել է ԳՇ Ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1951թ.-ից 7-րդ գվարդիական բանակի հրամանատարի տեղակալ: Զորացրվել է 1953թ.: Եղել է գնդապետ, գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ: Եղել է Խորհրդա-չեխոսլովակյան բարեկամության միության փոխնախագահ, հայ-չեխոսլովակյան բարեկամության միության նախագահ: Ապրել է Երևանում: Մահացել է 1984թ. փետրվարի 15-ին: Թաղված է զինվորական գերեզմանատանը: Պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «ԲԳԿԲ XX-ամյակ», «Մոսկվայի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» մեդալներով, չեխոսլովակյան «Սպիտակ առյուծի» 2-րդ աստիճանի և «Խաչ սուսերով» շքանշաններով: 1984թ. Կիևում Մարտիրոսյանի անունով փողոց է անվանակոչված, տեղադրված է հուշատախտակ: Պրահայում, Երևանում և այլ քաղաքներում կան հուշարձաններ, անվանակոչված են փողոցներ: Եղել է Սումիի, Վելյունի, Վրոցլավի, Կիևի, Մլադա Բոլեսլավի, Պրահայի և Երևանի պատվավոր քաղաքացի:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Բ., Երևան 2007:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am