Մարտակերտի շրջան: Վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։ Կազմվել է 1991- ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա։ Հյուսիսում սահմանակից է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարվաճառի ենթաշրջանին, հարավում՝ Ասկերանի, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Տարածքը՝ 1,7 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 19,5 հզ. (2003)։ Ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ, 11-ը ռազմական գործողություններից հետո բնակեցված չեն։ Շրջկենտրոնը Մարտակերտ քաղաքն է։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։ Գտնվում է 600 մ միջին բարձրության վրա։ Շրջանի ցածրադիր վայրերում տարածված են կիսաանապատային, անապատատափաստանային գորշ կամ մուգ շագանակագույն, բարձր լեռնալանջային մասերում՝ ալպյան գոտուն բնորոշ լեռնամարգագետնային, գետահովտային ցածրադիր վայրերում՝ հզոր շերտերով նստվածքային հողերը։ Նախալեռնային և լեռնային վայրերում գերակշռում են սևահողերը, իսկ անտառայինում՝ մուգ դարչնագույն ենթամոխրային հողատեսակները։ Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, բարիտի, գրանիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բենտոնիտային կավերի, գիպսահողի, գետավազի, լեռնային ավագի պաշարներ:

 Տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերը (բազմաթիվ վտակներով)։ Թարթառի հունի պատնեշման միջոցով ստեղծվել է Սարսանգի ջրամբարը, որը կարգավորում է նրա ստորին հոսանքի ռեժիմը, ջրերն օգտագործվում են Սարսանգի հէկի գործադրման համար։ Շրջանի հյուսիսային մասով հոսող Կուր գետի Ինջու վտակի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

 Կլիման չոր մերձարեադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,70C է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը՝ 0-10C, հուլիսին՝ 21,40C: Ցածրադիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչե -16°C միջին լեռնայինում՝ -200 բարձր լեռնայինում՝ -23°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածրադիր և նախալեռնային վայրերում 400C է, լեռնայինում՝ մինչե 35օC: Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է։ Տարածքում կան շուրջ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (XIII.), Երեք մանկունք (XVII), Եղիշե առաքյալի (XII_XIII), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (IX դ.), Խոխանբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։ Գանձասարի վանքը XIII-XIX դդ. եղել է Արցախի կրոնական, քաղաքական, մշակութային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը։

 Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Գործում են Սարսանգի հէկը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետալուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները։

 2002-2003 ուսումնական տարում գործել է հանրակրթական 36 (29 միջնակարգ, 3 ութամյա, 4 տարրական) դպրոց։ Մարտակերտում է կենտրոնական շրջանային հիվանդանոցը, շրջանում գործում են գյուղական 3 հիվանդանոց, բժշկական 2 ամբուլատորիա և 35 բուժկետ։ Մշակութային օջախներ են գործում 37 գյուղական համայնքներում։

 Մինչև պաշտպանության բանակի կազմավորումը շրջանի հայկական գրեթե բոլոր գյուղերում ստեղծվել են 50-ից ավելի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատներ, որոնք ծանր ու տևական մարտեր են մղել հակառակորդի դեմ, ինչպես նաև մասնակցել Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

 1991-ի ապրիլ-մայիսին իրականացնելով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, հուլիս-օգոստոսին՝ Շահումյանի շրջանի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանը մտադիր էր փախստականների մուտքով ապակայունացնել ԼՂԻՄ ներքին կացությունը, կասկածի տակ դնել հայ բնակչության գոյատեման հեռանկարը, արագացնել նրա տեղահանման գործընթացը։ 1992-ի ամռանն արդեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտու հյուսիսարեելյան, արևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցել էին լայնամասշտաբ հարձակման։ Հակառակորդը գործողության մեջ էր դրել նաև Կիրովաբադում տեղակայված նախկին խորհդային 4-րդ բանակի ուժերը։ Մոտավոր հաշվումներով մարտական գործողություններին մասնակցել են 150 միավոր զրահատեխնիկա, տասնյակ հազարների հասնող հետևակ։ Իրավիճակը չափից ավելի ծանր էր նաև Կիչան-Սրխավենդ ռազմաճակատային հատվածում։ Հունիսի երկրորդ կեսին մարտերը շարունակվել են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատվածում։ Ադրբեջանի ԶՈՒ ունենալով տեխնիկայի և կենդանի ուժի ակնառու առավելություն՝ գրավել են Մարտակերտի շրջանի դաշտային մասը՝ իր խոշոր բնակավայրերով։ Հյուսիսային Արցախում և Մարտակերտում Ադրբեջանի ազգային բանակի լայնածավալ հարձակման հետևանքով բռնագաղթել են ավելի քան 40 հզ. բնակիչ, ավերվել ու հրկիզվել տասնյակ բնակավայրեր։ Հուլիսի 4-ին Լենինավանի, Կարմիրավանի և Փափրավենդի կողմից հակառակորդը հարձակվել է Մարտակերտ քաղաքի վրա։ Կատաղի մարտերից հետո հայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված թողել են Մարտակերտ քաղաքը և նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուղի դիրքերը։ Մարտական գործողությունների ողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծվել է ՍՈՒ-25 ինքնաթիռից։ Նույն օրը հակառակորդը գրավել և հրկիզել է Հաթերքը, վերահսկողության տակ վերցրել Մոխրաթաղ, Դամիրլու, Կուսապատ, Մեհմանա, Ջանյաթաղ և այլ գյուղեր։ Հուլիսի 10-ի դրությամբ, ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոնյուլաթաղ հատվածով և վտանգվել էր Չլդրան-Սրխավենդ-Դազանչի մարտագծի դիրքերը։ Դարաբաղյան ուժերն այդ ընթացքում անցել են խորը պաշտպանության և հետագայում կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Չլդրան գյուղի ուղղությունում և մարտագծում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը։ Դրմբոնից Չլդրան տանող խաչմերուկի մոտ տեղի ունեցած մարտերից հետո ինքնապաշտպանական ուժերն անցել են հակահարձակման։ Հուլիսին ազատագրվել են Մեհմանա, Կուսապատ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ-Քերավանդ, Չափար, Ներքին Հոռաթաղ և այլ գյուղեր։ Օգոստոսին հակառակորդի քելբաջարյան խմբավորմանը հաջողվել է վերագրավել Գետավան, Չափար, Զարդախաչ ու Հաթերք գյուղերը և հարձակումներ ձեռնարկել Գյուլաթաղ, Մեհմանա և Հարությունագոմեր գյուղերի ուղղությամբ։ Ամառային այս գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է շուրջ 3 հզ. սպանված, կորցրել 40 տանկ և 60 ՀՄՄ 1992-ի հոկտեմբերին հյուսիսային ռազմաճակատի ղեկավար է նշանակվել Կենտրոնական Պաշտպանական շրջանի հրամանատար Ս. Կարապետյանը։ Չլդրան գյուղի ուղղությամբ Կենտրոնական և Մարտակերտի Պաշտպանական շրջանները, զարգացնելով հարձակողական գործողությունները, ազատագրել են Կոճողոտ, Վերին Հոռաթաղ գյուղերը և մոտեցել Հարությունագոմերի ու Վաղուհասի մատույցներին։ Սակայն թևերում գործող ուժերի կրած անհաջողության պատճառով ստիպված նահանջել են դեպի ելման դիրքերը։ Նոյեմբերի 15-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ազատագրել են Չլդրան գյուղը և մոտեցել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղուն, իսկ նոյեմբերի 17-ին մարտերը շարունակվել են Վաղուհաս գյուղի մատույցներում։ 1993-ի հունվար-փետրվարին մարտական թեժ գործողություններ են ծավալվել հյուսիսային ռազմաճակատում։ Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակում պետք է ձեռնարկվեր Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ և Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիք-լու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով։ Ռազմական գործողությունն իրականացրել են Կենտրոնական Պաշտպանական շրջանի, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմված մահապարտների և այլ կամավորական ջոկատներ։

 Փետրվարի 25-ի դրությամբ, Մարտակերտի շրջանի գրեթե բոլոր կարևորագույն մարտական դիրքերը, ինչպես նաև Մարտակերտ-Քելբաջար մայրուղին վերահսկել են ղարաբաղյան ուժերը։ Մանիքլու Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղությունում կենտրոնացված էին Մարտակերտի Պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Ն. Դանիելյան), Մարտունիի Պաշտպանական շրջանի (Մ. Մելքոնյան), Շուշիի առանձնակի գումարտակի (Պ. Ղևոնդյան) ստորաբաժանումները, որոնք կարճ ժամանակահատվածում ազատագրել են մի շարք բնակավայրեր, Սարսանգի հիդրոհանգույցը, «Պուշկենյալ» և հեռուստաաշտարակի բարձունքները։ 1993-ի հուլիսին Պաշտպանության բանակի զորամիավորումները, զարգացնելով հարձակողական գործողությունները, տևական մարտերից հետո ազատագրել են Մարտակերտ քաղաքը, շրջանի լեռնային, նախալեռնային և մնացած բնակավայրերը (բացառությամբ՝ 7 գյուղերի)։ Ղարաբաղյան զորամասերն անցել են գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանության։ 1993-ի վերջին և 1994-ի սկզբներին տեղային կարճատև մարտերից հետո Մարտակերտի շրջանում հաստատվել է խաղաղություն և սկսվել ազատագրված բնակավայրերի վերաբնակեցումը։

Հ. Մանուկյան, Հ. Խաչատրյան, Ս. Հասրաթյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am