Մանուկյան Անդրանիկ Ալեքսանդրի: Ծնվել է 1916թ. մայիսի 17-ին Բնունիս գյուղում (Սիսիանի շրջան, Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է Զինված ուժեր 1939թ. սեպտեմբերի 2-ին Ստալինյան Շրջանային զինկոմիսարիատի (Բաքու) կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Սևաստոպոլի պաշտպանությունը, աչքի ընկել Մամաև Կուրգանի մարտերում, Կուրսկի ճակատամարտում, Ուկրաինայի ազատագրման մարտերում: 1943թ. ավարտել է «Վիստրել» դասընթացներ (Ուլյանովսկ): Դնեպրի գետանցման համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: Նրա վաշտը ընթացքից գետանցել է Դնեստրը, արևմտյան ափին պլացդարմ ստեղծել, ապահովել տանկերի անցումը, պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: 1944թ. հուլիսից տանկային գնդի շտաբի պետի հետախուզության գծով տեղակալ: Հաջող թափանցել է հակառակորդի թիկունք, ոչնչացրել շտաբները, պլացդարմներ գրավել Բուգի, Սանի, Վիսլայի ափերին: Յարոսլավ քաղաքի (Լեհաստան) ազատագրման մարտերում հակառակորդի թիկունքում իր վրա է վերցրել 24 տանկի հարված, հնարավորություն տալով հիմնական ուժերին գրավել քաղաքը, պարգևատրվել է Կարմիր դրոշի 2-րդ շքանշանով: Նշանակվել է տանկային բրիգադի հետախուզության պետ: Աչքի է ընկել Վարշավայի և լեհական այլ քաղաքների ազատագրման մարտերում: 1945թ. հունվարի 15-ին գ. Ցեցիլյուվկայի (ք. Վարկայի շրջան, Լեհաստան) թափանցել է հակառակորդի թիկունք, ոչնչացրել մինչև 10 զինվոր, գերել կարևոր տվյալներ հաղորդած սպա: Այլ մարտում ոչնչացրել է 4 թնդանոթ, գրավել 60 ավտոմեքենա, գերել 35 զինվոր և սպա: 1945թ. հունվարի 17-ին գրավել է ք. Եժուվը (ք. Լոձից 27 կմ արլ.) և պահել մինչև գլխավոր ուժերի գալը: 1945թ. հունվարի 18-ին գերել է Պոդդեմբիցայի կայարանապետին (ք. Տուշինի շրջան): Հակառակորդի թիկունքում հմուտ հետախուզության, Եժուվի քաղաքի գրավման, արիության և հերոսության համար 1-ին Տանկային բրիգադի հետախուզության պետ, գվարդիայի կապիտան Ա. Մանուկյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. փետրվարի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով  և «Ոսկե աստղ» մեդալով: Մասնակցել է Օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը: Ծանր վիրավորվել է 28.02.42, 14.04.42, 25.08.44, թեթև` 29.01.42, 25.12.43, 29.03.44, 04.45: Մայոր Ա. Մանուկյանը զորացրվել է 1946թ. օգոստոսին: 1950թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը: 1955-73թթ. ծառայել է ներքին գործերի նախարարության զորքերում: Գնդապետ Մանուկյանը զորացրվել է 1973թ.: Ապրել է Երևանում: Աշխատել է № 32 դպրոցի զինղեկ: Մահացել է 1986թ. ապրիլի 4-ին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով, լեհական «Գրյունվարդ» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am