Մաղավուզ: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 6734 հեկտար։ 2002-ից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992-ը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ։ Գյուղում է Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում՝ Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար), Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։ ։
1988-ի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989-ին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990-ի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991-ի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992-ին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մադաղիսից զոհվել է 14 ազատամարտիկ։
Գ. Բադալյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am