Մադրասի խմբակի քաղաքական հրապարակախոսությունը։ Հայաստանի ազատագրության ծրագիրը շարադրված է Մադրասի խմբակի անդրանիկ քաղաքական-հրապարակախոսական տրակտատի՝ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» երկասիրության մեջ։ Այն առաջին փորձն էր Հայաստանի ազատագրության գաղափարը գրավոր խոսքով ժողովրդին մատուցելու ասպարեզում։
«Նոր տետրակը» տպագրվել է Մադրասում 1772-1773 թթ.։ XVIII դարի հայ մտավոր միջավայրում «տետրակ» արտահայտությունը օգտագործվել է «գիրք» հասկացության փոխարեն, ինչպես օրինակ՝ «Տետրակ այբբենական»: Գրքի մտահղացման գաղափարը պատկանում է Շահամիր Շահամիրյանի որդուն՝ Հակոբ Շահամիրյանին (1745-1774), որը, ինչպես ինքն էր խոստովանում, երկար ժամանակ «խորհում էր որևէ պիտանի բան կատարել անձկալի հայոց ազգի համար» և «ավելի բարի գործ, քան այս գիրքն էր», չկարողացավ կատարել։ Շ. Շահամիրյանը երիտասարդ էր (ընդամենը 27 տարեկան) ու անփորձ, ուստի «Նոր տետրակը» շարադրելուն օգնել է «իր հրահանգիչը»՝ Մովսես Բաղրամյանը։ Բայց ակնհայտ է, որ գրքում արտահայտված տեսակետները միայն այս երկուսինը չէին, այլ ամբողջ խմբակինը։
«Նոր տետրակը» հասցեագրված էր «Հայկազուն երիտասարդներին ու պատանիներին՝ ծուլության քնի վեհերոտ ու անհոգ թմրությունից սթափվելու համար»։ Գրքի նպատակն էր ազգային ինքնագիտակցություն ներարկել և քաղաքական գիտելիքներ տալ հայ երիտասարդությանը։ Հեղինակը վճռականորեն քննադատում է հոգևորականությանը, որը հայկական պետականության կորուստն ու հայ ժողովրդի ծանր կացությունը ներկայացնում էր որպես նրա գործած բազում մեղքերի համար վերուստ առաքված պատիժ։ Ստեղծված ծանր կացության մեջ, սակայն, Աստված որևէ գործ չունի, նշված է «Նոր տետրակում»։ Հայաստանի քաղաքական ճակատագրի պատասխանատուն հայ ժողովուրդն է և ուրիշ ոչ ոք։ Հետևաբար, Հայաստանի ազատագրության գործն էլ հայ ժողովրդի գործն է։ Քանիցս հայերը դիմել են եվրոպական հզոր պետություններին՝ օգնություն հայցելով, բայց ոչ մի օգնություն չեն ստացել։ Հետևապես հայերն առաջին հերթին պետք է հույսը դնեն իրենց վրա և ոչ թե օտարների։ Եվրոպայի միջոցով ազատագրվելու ակնկալությունը մոլորություն է և հետևանք հայ ազատագրական պայքարի սխալ մտայնության։ Ազատությունը չի կարող ձեոք բերվել մուրալով կամ բանակցություններով։ Ազատագրվելու միակ միջոցը զինված ապստամբությունն է, ուստի ժողովուրդը պետք է զինվի։ Չպետք է վախենալ դժվարություններից, զոհեր տալուց։ Ժողովրդի մի մասը պետք է իր արյունը թափի, որպեսզի մյուս մասն ազատագրվի օտար տիրապետություններից։ Առանց զոհերի ու պայքարի, միայն Աստծո ողորմածությամբ ոչ մի ժողովուրդ չի ազատագրվել։ Մահ հանուն հայրենիքի ազատության՝ ահա փրկության միակ ճանապարհը։ «Լավ է մեկ անգամ մեռնել քաջաբար, քան ապրել այսպիսի թշվառությամբ»,– եզրակացնում է հեղինակը։
Ազատության համար ժողովուրդը պետք է ունենա այդ հասկացությունն ըմբռնելու և գնահատելու մակարդակ։ Դրա համար նրան պետք է սթափեցնել, դուրս բերել քաղաքական տգիտության ու անտարբերության ճահճից։ Հայաստանի ազատագրության ծրագիրն իրականացնելու համար հեղինակը անհրաժեշտ է համարում լուսավորել ու կրթել հայերին։ Լուսավորությունն ու գիտությունն են ժողովուրդների երջանկության հիմնապատճառները։ «Եվրոպական բազում ժողովուրդներ,- գրում է Շ. Շահամիրյանը,– նախկինում համանման էին մեր ժողովրդին, սակայն այժմ նրանք մեծահարուստ են, կիրթ ու ուսյալ, քանզի բազմապիսի գիտություններ են ուսումնասիրել ու լուսավորյալ են»։ Իսկ հայերը դեռևս շարունակում են խարխափել տգիտության մեջ։ Հեղինակը հայ ծնողներին կոչ էր անում իրենց զավակներին տալ կրթության, որպեսզի սովորեն գիտություն ու արհեստներ, բայց հատկապես սովորեն զենք գործածել, որ նրանք դաստիարակվեն հայրենասիրական գաղափարներով, ոգեշնչվեն հայրենիքի ազատագրության տեսիլքով։ Ժամանակին հայերն էլ են եղել միասնական ժողովուրդ և ապրել են միասնական ազատ հայրենիքում։ Բայց հետագայում կորցրել են իրենց պետական անկախությունը, ընկել օտարների տիրապետության տակ, ցրվել աշխարհով մեկ։ Ուրիշ ժողովուրդների նման հայերը նույնպես կարող են ոտքի ելնել և թոթափել օտարի տիրապետությունը։ Այդ նպատակին հասնելու համար աշխարհով մեկ ցրված հայությունը պետք է վերադառնա Հայաստան, կենտրոնանա հայրենիքում, համախմբված ուժերով վերականգնի կործանված ազգային պետությունը, ստեղծի անկախ և ազատ «Մայր Հայաստան»։ Հեղինակն առաջին անդամ շրջանառության մեջ էր դնում «Մայր Հայաստան» հասկացությունը, որն իր որդիների անձնազոհ պայքարի շնորհիվ վերստին դառնալու էր Հայոց Հայրենիք և «հասնելու էր փառքի ու պատվի»։ Հայն ուրիշից չէր հափշտակում այդ երկիրը, այլ ստանում էր իր վաղեմի սեփականությունը, որ կորցրել էր անմիաբանության, ծուլության, տգիտության պատճառով։
Պատմության դասերն ըմբռնելու, թույլ տրված սխալներն ուղղելու, երիտասարդությանը ազգային ինքնագիտակցության ոգով դաստիարակելու համար հեղինակը դիմում է ամենազոր ու ազդու միջոցի՝ հայ ժողովրդի պատմության օգնությանը։ «Նոր տետրակի» առանձին գլուխներում զգալի տեղ է հատկացված Հայաստանի պատմությանն ու աշխարհագրությանը։ Այստեղ համառոտակի շարադրված են Հայկ Նահապետից մինչև Լևոն VI-ի ժամանակաշրջանի քաղաքական անցքերն ու XVIII դարի երկրորդ կեսի Խամսայի պատմությունը։ Փաստորեն, սա հայ ժողովրդի ամբողջական պատմության շարադրման անդրանիկ փորձերից մեկն էր, որտեղ հեղինակը Հայաստանի հերոսական անցյալին հակադրում էր սարսափելի, դժնդակ ներկան։ Հեղինակն առաջարկում է նաև այս վիճակից դուրս գալու ելքը. «Պետականությունը, որ կորցրել ենք մեր անկարգության, անմիաբանության, անգիտության ու ծուլության պատճառով, վերստին վերականգնելու ենք խոհեմությամբ ու արիությամբ։ Դա հնարավոր է, եթե բոլոր հայերր մի սիրտ, մի հոգի և մի կամք դառնան ու միաբանվեն»։
Հայոց պետականության անկման պատճառներից մեկը հեղինակը համարում է Հայոց թագավորների ու իշխանների միանձնյա իշխանությունն ու կամայականությունները։ Ահա թե ինչու նա քննադատում է բացարձակ միապետական կարգերը, մերժում դրանք։ Միայն մի մարդը, անհատը ի վիճակի չէ ճշտորեն կառավարելու, նա կարող է սխալվել, իսկ միապետի սխալը դժբախտություն է ժողովրդի համար. «Եթե հասարակ ժողովրդից որևէ մեկը սխալվում է, ապա միայն իրեն է վնաս բերում, իսկ իշխանի սխալվելը ոչ միայն վնասներ, այլև երբեմն մեծամեծ պատուհասներ ու աշխարհավերություններ է բերում ամբողջ ազգին»։ Հետևաբար, եզրակացնում է հեղինակը. «իշխանությունը ինչ-որ միմիայն մեկի դատողությանն ու կառավարմանը չպետք է ենթակա լինի, այլ ամենալավագույնը կլիներ, եթե իշխանությունը անխախտելի սահմանադրությամբ և անեղծանելի օրենքներով կախում ունենար ընտիր-ընտիր ու մեծամեծ խորհրդականներից և տեսակ-տեսակ խորհրդարաններից»։
«Նոր տետրակի» հրատարակությունից հինգ տարի անց՝ 1778 թ. Շ. Շահամիրյանը Վենետիկի Մխիթարյանների տպարանում լույս է ընծայում Հայաստանի և մասամբ հայկական գաղթավայրերի քարտեզը, որը կարծես նախորդի հավելվածն էր։ Քարտեզը ճշգրիտ պատկերացում էր տալիս Հայաստանի բնակավայրերի, լեռների, լճերի, դաշտավայրերի, սահմանների վերաբերյալ։ Այն շրջափակված է ազգային հերոսների՝ Հայկի, Արամի, Տիգրան Մեծի և Տրդատ III-ի դիմանկարներով, դրա դարդերը՝ դրոշներ, զենքեր և երաժշտական գործիքներ են, որոնք խորհրդանշում են ապստամբություն, զինված պայքար և խաղաղ կյանք։ Քարտեզը նպաստելու էր հայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը և նրան ոգեշնչելու էր ազատագրական պայքարում: 1786 թ. «Նոր տետրակի»՝ Հայաստանի պատմությանն ու աշխարհագրությանը վերաբերող հատվածը Վաոլամ Վահանովը թարգմանել է ռուսերեն և 2 հազար տպաքանակով հրատարակել Ա. Պետերբուրդում։ Գրքի հրատարակությանը նպաստել են իշխան Գ. Պոտյոմկինը, զորավարներ Ա. Սուվորովը, Մ. Կուտուզովը և ուրիշներ։ Ակնհայտ է, որ այս հրատարակությամբ մադրասցիները ցանկացել են ռուս հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա։ Աոաջին անգամ է, որ ռուս ընթերցողը մանրամասն ծանոթանում էր հայ ժողովրդի պատմական անցյալին և նրա ներկա քաղաքական կացությանը։
«Նոր տետրակի» հրատարակումից հետո մադրասցիները մեծ ջանքեր թափեցին նրա օրինակները հայ իրականության մեջ տարածելու համար։ Նրանք Արցախի մելիքներին ուղարկեցին «Նոր տետրակի» մի քանի օրինակ, զենք ու զինամթերք, ռազմական գրականություն՝ միաժամանակ նրանց կոչ անելով ապստամբել պարսկական տիրապետության դեմ։ «Նոր տետրակի» օրինակներ ուղարկվեցին նաև Գանձասարի կաթողիկոսին, Հերակլ II-ին և Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցուն։ Հայոց հովվապետի վերաբերմունքը մադրասցիների գործունեության և այս հրատարակության նկատմամբ միանշանակ բացասական էր: Պատասխան նամակներում կաթողիկոսը խիստ հանդիմանում էր Շ, Շահամիրյանին և հորդորում վերջ տալ այդ ամենին, դադարեցնել մելիքներին վտանգավոր նամակներ գրել։ Նա նաև կարգադրում է փակել տպարանը, այրել «Նոր տետրակի» ամբողջ տպաքանակը, իսկ Մ. Բաղրամյանին հեռացնել իրենց միջավայրից։ Կաթողիկոսական հատուկ կոնդակով Սիմեոն Երևանցին բանադրում է Մ. Բաղրամյանին և սպառնում նույնն անել նաև Մադրասի խմբակի մյուս անդամներին, եթե նրանք վերջ չտան իրենց «վնասավոր» գործունեությանը։
Կաթողիկոսի սպառնալիքները, սակայն, անզոր եղան կասեցնելու Մադրասի քաղաքական խմբակի լուսավորական ու հասարակական-քաղաքական գործունեությունը։
Մադրասի քաղաքական խմբակի մյուս կարևոր հրատարակությունը «Որոգայթ փառաց» երկասիրությունն է։ Գիրքը բաղկացած է երկու մասից՝ ներածությունից, այսինքն պատմական-տեսական մասից, և Հայաստանի ապագա հանրապետության սահմանադրության նախագծից։ Գրքի տիտղոսաթերթին, որպես հրատարակության թվական, նշված է 1773 թվականը և հեղինակի՝ Շ. Շահամիրյանի անուն աղգանունը։ Պարզված է, որ գրքի պատմական-տեսական մասը գրվել է 1773 թվականին, իսկ բուն սահմանադրությունը՝ 1780-ական թթ. կեսերին։ Ամբողջ գիրքը տպագրվել է 1788-1789 թթ. ընթացքում։ Գրքի իսկական հեղինակը, ինչպես ասվեց, Շ. Շահամիրյանն է, թեև դրա ստեղծմանն իրենց մասնակցությունն են բերել նաև Հ. էմինն ու Մ. Բաղրամյանը, իսկ մինչև 1774 թ., մինչև մահը՝ նաև Հակոբ Շահամիրյանը։ Շ. Շահամիրյանը գիրքն ամբողջովին վերագրել է վաղամեռիկ որդուն՝ նրա հիշատակն անմահացնելու համար։
«Որոգայթ փառացի» առաջին մասում արվում են ընդհանուր բնույթի մի շարք հետաքրքիր դատողություններ։ Այստեղ Շ. Շահամիրյանը վճռականորեն մերժում է կառավարման միապետական եղանակը և հիմնավորում օրենքի թագավորության գաղափարը։ Նա այն միտքն է զարգացնում, որ մարդիկ բնությունից հավասար են ծնվում և հետևաբար պետք է ունենան հավասար իրավունքներ։ Մարդիկ պետք է թագավորեն միայն բնության և ոչ թե բանական արարածների վրա։ Մարդկանց վրա թագավորելու են օրենքները՝ շեշտելով իրենց բնածին և բնական իրավունքները՝ ազատությունը և հավասարությունը։ Օրենքները պետք է հավասարապես անհրաժեշտ ու պարտադիր լինեն բոլորի համար՝ մարդկանց օժտելով միանման իրավունքներով։ Որևէ օրենք ընդունելուց աոաջ պետք է լայն քննարկման դրվի և ապա միայն ընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ։ Հեղինակը մերժում է ազնվականության և եկեղեցու դասային արտոնությունները, ճորտատիրությունն ու կախման մյուս ձևերը։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իշխանություն, որն արտահայտի ընդհանուրի կամքը, գրում է Շահամիրյանը, և որի գործողությունների մեջ դրսևորվի հասարակական շահը։ Հետևաբար, ժողովուրդը պետք է հսկողություն սահմանի պետության գործունեության վրա։ Նրան պետք է իրավունք վերապահվի փոխելու այն կառավարությունը, որը չի արտահայտում հասարակության պահանջները։ Պետական կազմակերպության լավագույն ձևը հեղինակը համարում է հանրապետությունը և գտնում, որ միայն այդպիսի իշխանության դեպքում կլինի արդարություն և առաջադիմություն։
«Որոգայթ փառացի» առաջին մասում հեղինակը կոչ է անում իր հայրենակիցներին ելնել ազատագրական պայքարի և վերականգնել հայկական պետականությունը։ Դա հայերի «բնական իրավունքն է», և նրանք պարտավոր են դա անել, հակառակ դեպքում կվերածվեն ճորտերի մի խաժամուժի։
«Որոգայթի» երկրորդ մասը ազատագրված Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կառուցվածքի ծրագիրն է։ Սահմանադրության նախագիծը ունի 521 հոդված։ Այն ներկայացնում է ապագա Հայաստանի պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Առանձին հոդվածներ են նվիրված տնտեսության, ֆինանսների, լուսավորության, աոողջապահության, դատարանի, ընտանիքի, զինված ուժերի կազմակերպման հարցերին և այլն։ Ըստ «Որոգայթի» Հայաստանի Հանրապետության և՛ օրենսդրական, և՛ գործադիր մարմինները պետք է լինեն ընտրովի։ Հեղինակը տեսականորեն հիմնավորում է այն միտքը, թե ամբողջ իշխանությունը ելնում է ժողովրդից, պատկանում է ժողովրդին ու հաշվետու է նրան։
Հայաստանի Հանրապետության օրենսդիր գերագույն մարմինը «Հայոց տունն» է (խորհրդարան, պառլամենտ), որի տանուտերների (պատգամավորներ) ընտրությունը լինելու է երկաստիճան, առանց որևէ ցենզի, երեք տարին մեկ անգամ։ «Հայոց տունն» ունենալու է իր նախագահությունը՝ կազմված տասնչորս տանուտերներից, որոնցից մեկն ընտրվում էր նախարար (նախագահ), իսկ մյուսը՝ Հայր Հայաստանյայց։ Վերջինս ժամանակավոր պաշտոն էր, որի պարտականությունն էր ընդունել նախարարի և տանուտերների երդումը։ Նախարարը միաժամանակ գլխավորելու է հանրապետության բարձրագույն գործադիր մարմինը՝ նախարարությունը (մինիստրների խորհուրդ), որը բաղկացած է լինելու նախարարից և տասներկու խորհրդակիցներից (տեղակալներ, մինիստրներ): Նախարարությունը պետք է ենթարկվի և հաշվետու լինի «Հայոց տան» առջև։ Նախարարը օրենքների աոաջին կատարողն է, զորքերի գլխավոր հրամանատարը։ Նրան է վերապահվում պատերազմ հայտարարելու և հաշտություն կնքելու իրավունքները։ «Հայոց տան» որոշումները չկատարող անբարեխիղճ նախարարը հեռացվում է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվում է խորհդակիցներից մեկը։
Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիները օրենքի աոաջ հռչակվում են հավասար, վերացվում են դասային աստիճանները, նրանք ունենալու են խոսքի, անձի, դավանանքի և գործունեության լիակատար ազատություն՝ «յուրաքանչյուր ոք կարող է ազատապես խորհել, խոսել և գործել»։ Թեև հանրապետության բոլոր ժողովարդները հռչակվում են հավասար և ապահովվում է նրանց դավանանքի ազատությունը, բայց Առաքելական դավանանքին պատկանող հայերը հանդես են գալիս որպես տիրապետող ազգ և օգտվելու են մի շարք արտոնություններից։ Այսպես, ղեկավար բոլոր պաշտոններում կարող են ընտրվել, ինչպես նաև հողի սեփականատեր լինել միայն Առաքելական դավանանքին պատկանող հայերը և այլն։ Աղքատներին, ծերերին ու հաշմանդամներին պետության կողմից տրվելու է պարտադիր բժշկական ու նյութական օգնություն։
Սահմանադրության նախագիծը խրախուսում է մասնավոր ձեռներեցությունը, արհեստագործությունը, առևտրի զարգացումը։ Մասնավոր սեփականությունը հայտարարվում է սրբազան և անձեռնմխելի։ Կրթությունը պարտադիր է հանրապետության դպրոցական տարիքի երկսեռ բոլոր երեխաների համար։ Գյուղերում և քաղաքներում պետք է հիմնվեն դպրոցներ։ Գիր ու գրականությունից բացի դպրոցներում պարտադիր պետք է ուսուցանեն ռազմագիտություն։ Եկեղեցին բաժանվում էր դպրոցից, դպրոցը՝ եկեղեցուց։ Շ. Շահամիրյանը մեծ ուշադրություն է դարձնում գիտությանը և մշակույթին. «Հայոց տունր»,-ասված է սահմանադրությունում,- պետք է ըստ ամենայնի հովանավորի արվեստը, հատկապես փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, բժշկությունը, երաժշտությունը, ճարտարապետությունր»:
«Որոգայթի» հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել երկրի ռազմական ուժերին։ Հանրապետության քսան տարին լրացած բոլոր քաղաքացիները պետք է տիրապետեն ռազմական արվեստը, բայց բանակ զինակոչվելու են վիճակահանությամբ՝ յուրաքանչյուր հարյուր երիտասարդից հինգը, յոթ տարի ժամկետով։ Հայաստանը պետք է ունենա 90 հազարանոց մշտական զորք (69 հազարը՝ հետևակ, 21 հազարը հեծելազոր): Խստագույնս արգելվում է Հայաստանից զենք արտահանել, երկիր ներմուծվող զենքի համար մաքս չի գանձվելու։ Դատարանը լինելու է եռաստիճան՝ 1. Մայր կամ բարձրագույն, 2. մնայուն, 3. երդվյալների դատարան։ Դատավարությունը լինելու է բաց, այն ընթանալու է գրավոր, մեղադրյալն ունենալու է դատապաշտպան։
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» և «Որոգայթ փառաց» երկասիրությունները հայ հասարակական-քաղաքական գաղափարաբանության ամենափայլուն դրսևորումներից են, որոնք բացառիկ ազդեցություն ունեցան հետագա շրջանի հայ ազատագրական ու հասարակական մտքի զարգացման վրա։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am