Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Թատրոնը

 Լեռնային Ղարաբաղ: Թատրոնը: ԼՂՀ տարածքում թատերարվեստը սկզբնավորվել է հնագույն ժամանակներից։ Նոր ժամանակների թատրոնի սկիզբը դրվել է 1865-ին, երբ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ. Ամրիկյանը և Ս. Մանդինյանը Շուշիում, տեղի թատերասերների հետ բեմադրել են Հ. Կարենյանի «Շուշանիկ», «Վարդան Մամիկոնյան» պատմահայրենասիրական և «Շկոլի վարժապետ» (թարգմանություն) պիեսները։ Տեղի թատերասերների խումբը 1868-ից ներկայացումներ է տվել Հ. Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում։ Բեմադրվել են Հ. Կարենյանի, Մ. Տեր-Գրիգորյանի պիեսները, Խ. Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը», Տ. Նազարյանի «Ճպատդ քոլադ կտրի», Խ. եպիսկոպոս Ստեփանեի «Լեոն Ա» և այլ երկեր։ Պ. Ադամյանը և Զաբելը տեղի ուժերի հետ 1882-ին ներկայացրել են Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Շեքսպիրի «Համլետը»։ Մ. Խանդամիրյանի միջոցներով Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու մոտ 1891-ին կառուցվել է թատրոնի շենքԽանդամիրյանց» թատրոն), որը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով։ Այդ թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել հայ բեմի լավագույն ներկայացուցիչներ Գ. Պետրոսյանը, Գ. Ավետյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը, Պ. Արաքսյանը, Մ. և Հ. Ֆելեկյանները, Փառանձեմը, Զաբելը, Հ. և Ա. Զարիֆյանները, Քնարիկը, ինչպես և ռուսական, ուկրաինական (հյուրեկ) թատերախմբերը։ Շուշիի թատերական կյանքի առաջընթացին էապես նպաստել են Բաքվի հայոց կուլտուրայի միության և Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության հետ ունեցած սերտ կապերը։ 1915-ին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել Հայոց կուլտուրայի միության «Ազատ թատրոնը»՝ Վ. Փափազյանի ղեկավարությամբ։ Մինչև 1930-ական թթ. Շուշիում և Ստեփանակերտում գործել են առանձին թատերախմբեր։ 1932-ին Կ. Ալվարյանի ջանքերով կազմակերպվել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը (այժմ՝ Վ. Փափազյանի անվան), որը բացվել է Վ. Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացումով։ Հիմնադիր կազմում էին Ս. Մանուկզադեն, Աննա Մելիքը, Ա. Խաչյանը, Մ. Կորգանյանը և ուրիշներ։

1949-ին, Բաքվի հայկական թատրոնը փակվելուց հետո, թատրոնը համալրվել է նոր ուժերով։ Թատրոնի պատմության 1988-1994-ի շրջափուլն ընթացել է «Միացո՜ւմ... միացո՜ւմ» նշանաբանով։ Դերասաններն ու թատերական գործիչներն իրենց առօրյա խնդիրն են դարձրել հայրենասիրական ելույթները հանրահավաքներում, մարտական դիրքերում, զորանոցներում, ձեռնարկություններում։ Առանձին դեպքերում ներկայացումներն ունեցել են ոչ միայն գեղարվեստական, այլև քաղաքական հնչեղություն: 1988-ի փետրվար-մարտին Ստեփանակերտի հրապարակներում թատրոնը ներկայացրել է հայ բանաստեղծների (Հ. Շիրազ, Ս. Կապուտիկյան, Գ. էմին և ուրիշներ) ստեղծագործությունների հիման վրա ստեղծած «Մենք» գրական-երաժշտական կոմպոզիցիան (ռեժիսոր՝ Լ. Հարությունյան)։ Պատերազմի տարիներին բեմադրվել է Վ. Հակոբյանի «Արցախյան բալլադ», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլ պիեսներ։ Զինադադարից հետո թատրոնն ունեցել է նոր խնդիրներ. ընդլայնել գեղարվեստական հարցադրումների սահմանը, համադրել ռեժիսորական լուծումների ու դերասանական խաղի միասնության սկզբունքը։ Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են՝ Լ. Հարությունյանի «Սուրբ զատիկ» , «Եղել ենք, կանք և գալու ենք դեռ», Ռ. Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ», Ա. Բարսեղյանի «Ծաղկասար», Գ. Սարգսյանի «Դաս կանանց» և այլն։ 1981-1989-ին և 2000-ից թատրոնին կից գործել է դրամատիկական ստուդիա, որի հիման վրա բացվել է «Աստղիկ» մանկապատանեական թատրոնը։ Դրամատիկական թատրոնը հյուրախաղերով ելույթներ է ունեցել ՀՀ-ում, Վրաստանում (1987) և Լիբանանում (1988), իսկ 1996-2001-ին մասնակցել է համահայկական թատերական փառատոներին։ Ստեփանակերտում գործում է Հայաստանի թատերական գործիչների միության բաժանմունքը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am