Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Պետական կարգը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պետական կարգը: ԼՂՀ ինքնիշխան հանրապետություն է։ ԼՂՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պետական և իշխանության տեղական մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Պետական իշխանությունն իրականացվում է օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։ ԼՂՀ պետության և կառավարության գլուխը հանրապետության նախագահն է, օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Ագգային ժողովը։ Հանրապետության նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի համընդհանուր քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը հանրապետության նախագահի պաշտոնում չի կարող ընտրվել երկուսից ավելի ժամկետով։ Նախագահի հիմնական պարտականությունն է արտաքին և պաշտպանական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովումը և այլն։ ԼՂՀ նախագահը նշանակում է հանրապետության վարչապետին, հաստատում կառավարության կառուցվածքն ու կազմը։ Կառավարման նախագահական ձևը ԼՂՀ- ում մտցվել է 1994-ի դեկտեմբերի 22-ին։ Գործող խորհրդարանի կողմից ԼՂՀ նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, իսկ 1996-ի նոյեմբերին համընդհանուր ընտրությունների արդյունքում նա դարձել է ԼՂՀ առաջին ընտրված նախագահը։ 1998-ին և 2002-ին ԼՂՀ նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։

 Ազգային ժողովը ԼՂՀ բարձրագույն միապալատ օրենսդիր մարմինն է։ Աժ-ի լիազորությունները սահմանված են «ԼՂՀ խորհրդարանի մասին» ԼՂՀ օրենքով։ Աժ կազմված է 33 պատգամավորից, ովքեր ընտրվում են 5 տարի ժամկետով, և խորհրդարանական 6 մշտական հանձնաժողովներից։ Աժ իր լիազորությունների ամբողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրում է Աժ նախագահ և փոխնախագահ։ Աժ հատուկ նիստեր կարող են հրավիրվել հանրապետության նախագահի, Աժ նախագահի, Աժ Նախագահության կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից։ Աժ ընդունած որոշումները հաստատում է ԼՂՀ նախագահը։

 Կառավարությունը ԼՂՀ բարձրագույն գործադիր իշխանությունն է (պատերազմական իրադրության պայմաններում՝ 1992-94-ին, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես անցել է ԼՂՀ Պաշտպանության, պետական կոմիտեին)։ Կառավարությունը գլխավորում է վարչապետը (2000-ից՝ Ա. Դանելյան)։ Կառավարության կազմի մեջ մտնում են փոխվարչապետները, նախարարները, պետական վարչությունների պետերը և կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Կառավարության լիազորությունները կանոնակարգվում են «ԼՂՀ Կառավարության մասին» ԼՂՀ օրենքով։ Կառավարությունը հաշվետու է նախագահի և Ազգային ժողովի առջև։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am