Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կրոնը և եկեղեցին: Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ։ Արցախում և Աղվանքում քրիստոնեության առաջին քարոզիչները Թադեոսի աշակերտներ Դադոն (Դադի) և Եղիշեն են, որոնց նահատակության վայրերում հետագայում կառուցվել են Դադիվանքն ու Ս. Եղիշե առաքյալի վանքը։
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչը Ամարաս ավանում IV դ. սկզբին հիմնել է առաջին վանքը, Մեսրոպ Մաշտոցը բացել է Արցախի առաջին դպրոցը։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրամասում ստեղծվել են թեմեր, նվիրապետական աթոռներ (կաթողիկոսություն, մետրոպոլիտություն), որոնք միշտ վարչականորեն և «ի հոգևորս» ենթարկվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն և ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսության գահերեցությունը։ Հայոց Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ) Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայ եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողի կոսությունը՝ Կապաղակ, Պարտավ, ապա՝ Ամարաս, Գանձասար կենտրոններով։ XIV դարից, երբ կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է կոչվել Գանձասարի կաթողիկոսություն։ XVII դ. կեսից Խաչենի Երեք մանկունք վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, ինչը երկփեղկել է Գանձասարի կաթողիկոսությունը մինչև XIX դ.։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։ Վանքերին (Հոռեկա, Երեք մանկունք, Մեծառանից Ս. Հակոբ և այլն) կից գործել են դպրանոցներ։ Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հյուսիսային հատվածի (Ձող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Գանձասար, Բաղասական) թեմեր։ Քաղաքական հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոխվել է։ Տարբեր ժամանակներում Գանձասարի կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի, Աստրախանի և այլ եպիսկոպոսական թեմեր։
Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թմբուկի բարձրաքանդակները Գանձասարի կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել Արցախ-Ղարաբաղի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։ Հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետության տարիներին եղել է Արցախում հաստատված մահմեդական խաների բռնակալության դեմ մելիքների պայքարի, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ 1815-ին ցարական կառավարությունը լուծարել է Գանձասարի կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն՝ Մայր աթոռ Ս. էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմերով և մեկ հաջորդական վիճակով։ Այդ բաժանումը վերահաստատվել է «Պոլոժենիե» ով (1836)։ Շուշիի կամ Արցախ-Ղարաբաղի թեմի (կենտրոնը՝ Շուշի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները։ Շամախու (Շիրվանի) թեմը (կենտրոնը՝ Շամախի) ընդգրկել է Դերբենդի, Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սաղյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Գանձակի հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։
1830-ական թթ. Արցախի թեմում գործել են 25, 1860-70-ական թթ-ին՝ 30 եկեղեցական ծխական դպրոցներ։ 1914-ին թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի ու վանք, 180 հոգևորական։ 1930-ին թեմը դադարել է գործելուց, փակվել են բոլոր վանքերն ու եկեղեցիները, աքսորվել և գնդակահարվել են բազմաթիվ հոգևորականներ։
Արցախի թեմը (առաջնորդ՝ Պապն արքեպիսկոպոս Մարտիրոսյան) վերակազմավորվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Առաջին վերաբացված տաճարը Գանձասարի վանքն էր (1989-ին), որն էլ սկզբում դարձել է թեմի առաջնորդանիստը (ներկայումս Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին է)։ 2004-ին թեմն ուներ 10 քահանա, նորոգվել, կառուցվել և գործել է 17 եկեղեցի։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, որը հրատարակել է 50-ից ավելի կրոնաաստվածաբանական գրքեր։ Թեմում գործում են Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, Շուշիի հոգևոր դպրանոցը, թեմի լրատվական կենտրոնը, Քրիստոնեական մշակութային կենտրոնը, Եկեղեցասիրաց մանկանց միությունը, Եկեղեցասիրաց եղբայրակցությունը և այլն։ Ստեփանակերտում թեմը հիմնել է ծերանոց, Երևանում՝ «Զատիկ» մանկատունը։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am