Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Կերպարվեստը

 Լեռնային Ղարաբաղ: Կերպարվեստը: ԼՂՀ տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, հայտնաբերվել քարե գործիքներ, ուրարտական վաղ շրջանի պաշտամունքային արձանիկներ, խոյակներ, կենցաղային առարկաներ, դրամներ։ Հնավայրերից պեղված կիսաթանկարժեք քարերից պատրաստված մանյակները, բրոնզե նետագլխիկները, երկաթե դաշույնները, ոսկե ուլունքները, դրոշմազարդ կարասները, կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներով զարդարված սև, փայլուն կավանոթները վկայում են կիրառական արվեստի բարձր մակարդակի մասին։ Միջին դարերում մեծ վարպետության է հասել քարի զարդաքանդակումը (հայտնի են քարգործ վարպետներ Ղազարի, Գաբրիելի, Խաչենիկի, Շահենի, Պողոսի անունները), ինչի վկայությունն են ԼՂՀ տարածքում պահպանված Դադիվանքի, Գտիչի վանքի բարձրարվեստ և նրբակերտ խաչքարերը, ինչպես նաև քանդակազարդ կոթողները։ Հայ արվեստի պատմության մեջ որոշակի տեղ ունեն Արցախի միջնադարյան որմնանկարչության փայլուն օրինակները, որոնք պահպանվել են Դադիվանքում, Ամարասում։ Երկրամասի գրչատներում ստեղծված ձեռագիր-մատյաններում իրենց ինքնատիպությամբ առանձնանում և Արցախի մանրանկարչության դպրոցի մասին են վկայում բազմաթիվ բարձրարվեստ տերունական պատկերները, ավետարանիչների դիմանկարները, խորանները, լուսանցազարդերը, զարդագրերն ու գլխազարդերը։

 Ղարաբաղը հայտնի է իր ավանդական տարազով (հատկապես՝ կանացի), գորգերով, կապերտներով, խուրջիններով, արծաթե և պղնձե կերտվածքներով և այլն։ Արցախի գորգերին հատուկ են ատամնաձև եզրերով խաչաձև ու շեղանկյունաձև մեծ զարդանախշերը, որոնք հաճախ լրացվել են կենդանիների պատկերներով։ Ղարաբաղը Ռուսաստանին միացվելուց հետո, սոցիալ-տնտեսական վերելքին համընթաց, զարգացել են կիրառական արվեստի ավանդական ճյուղերը՝ բրուտագործությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, ասեղնագործությունը և այլն։ Հայ կերպարվեստում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն ծնունդով ղարաբաղցի գեղանկարիչ Ս. Աղաջանյանը, քանդակագործներ Հ. Գյուրջյանը, Ս. Բաղդասարյանը։ ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործում են երեք տասնյակից ավելի նկարիչներ, քանդակագործներ, ժողովրդական արվեստի բազմաթիվ շնորհալի վարպետներ։ Երկար տարիների անորոշությունից հետո 1988-ին ստեղծվել է ԽՍՀՄ նկարիչների միության մարզային ինքնուրույն բաժանմունք (այժմ՝ Արցախի նկարիչների միություն), որը գործուն կապերի մեջ է Հայաստանի նկարիչների միության հետ։ Կերպարվեստի բնագավառում նկատվում է զգալի առաջընթաց։ Այդ են վկայում պարբերաբար Հայաստանում, Արցախում և արտերկրում բացվող ցուցահանդեսները։ Արցախի նկարիչների գործերում նշանակալի են 1988-ի Արցախյան շարժման թեմաներով ստեղծագործությունները։ Առավել հայտնի են գեղանկարիչներ Ս. Պետրոսյանը, Ռ. Գաբրիելյանը, Ա. Մելիքսեթյանը, Ս. Գաբրիելյանը, Ռ. Պետրոսյանը, քանդակագործներ Յու. Ավետիսյանը, Ա. Հարությունյանը, Լ. Ղալայանը, Ա. Հակոբյանը (զոհվել է 1990-ին), թատերական նկարիչներ Գ. Ծատուրյանը, Ս. Հովհաննիսյանը և ուրիշներ։ Նշանավոր հուշարձաններից են Ս. Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը (1967, այն կոչվում է նաև «Ղարաբաղցիներ» և Ղարաբաղյան շարժման սկզբից դարձել է իր ազատության համար մարտնչող Արցախի յուրահատուկ խորհրդանիշ), 1988-ին բացվել են Սումգայիթի ցեղասպանության, և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները (երկուսն էլ՝ քանդակագործ Ա. Հակոբյան)։

 

Գրականության ցանկ

 Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ, Ե, 1985։

 Հակոբյան Հ., Արցախ-Ուտիք մանրանկարչությունը XIII-XIVդդ., Ե., 1989։

Մկրտչյան Շ., Արցախի գանձերը, Ե., 2000։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am