«Կռունկ» Կոմիտե: Հասարակական-քաղաքական կազմակերպություն Լեռնային Ղարաբաղում, որը ՀՀ «Ղարաբաղ» կոմիտեի հետ կազմակերպել է արցախահայության ազատագրական պայքարը՝ նպատակ ունենալով ԼՂԻՄ-ը դուրս բերել ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1988-ի մարտին։ Քանդակագործ Ա. Հակոբյանի առաջարկությամբ կոչվել է «Կռունկ» (ռուսերեն՝    КРУНККомитет революционного управления Нагорного Карабаха – Լեռնային Ղարաբաղի հեղափոխական կառավարման կոմիտե)։ Ծրագիրն ու Կանոնադրությունը մշակել է Ռ. Քոչարյանը։

 Հիմնադիր ժողովում ընտրվել է 13 հոգուց բաղկացած խորհուրդ (կոմիտե)՝ Ա. Մանուչարով (նախագահ), Ռ. Քոչարյան, Վ. Հակոբյան, Մ. Միրզոյան (տեղակալներ), Գ. Գաբրիելյան, Հ. Բեգլարյան, Ժ. Գալստյան, Հ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Վ. Մարության, Հ. Հովհաննիսյան, Յու. Ներսիսյան, Բ. Օվչյան։ Ունեցել է հանրահավաքների կազմակերպման (նախագահ՝ Ժ. Գալստյան, անդամներ՝ Ռ. Գրիգորյան, Ա. Գրիգորյան, Վ. Բադալյան), կարգախոսների ստեղծման (էդ. Ղազարյան, Ա. Հակոբյան, Հ. Զաքարյան), ֆինանսների (Ռ. Աղաջանյան, Հ. Մավսիսյան, Ա. Հարությունյան), նկարահանումների, տեսաժապավենների, լուսանկարների պահպանման (Ա. Նազարյան, Մ. Բալայան, Ս. Ասրյան, Բ. Կարապետյան), միգրացիայի և էմիգրացիայի (Ռ. Պետրոսյան, Վ. Սարգսյան, Բ. Օվչյան), քաղաքական հարցերի (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Մ. Միրզոյան, Վ. Աթաջանյան, Գ. Պետրոսյան, Շ. Հարությունյան), լրատվության (Հ. Բեգլարյան, Վ. Հակոբյան, Գ. Գաբրիելյան), հասարակական կարգի պահպանման (Յու. Ջահանգիրյան, Ա. Լաչինյան, Մ. Բաղդասարյան, Ռ. Բաղդասարյան, Կ. Բարսեղյան և ուրիշներ), անվտանգության (Վ. Գևորգյան, Է. Հայրապետյան, Ս. Ծատրյան, Ռ. Անանյան, Բ. Առուշանյան, Օ. Մելքումյան, Է. Շահրամանյան) հանձնաժողովներ և քարտուղարություն (Ս. Խաչատրյան, Կ. Օհանջանյան, Կ. Անդրյան)։ 1988-ի մարտի 1-ին Ա. Մանուչաավի և Ռ. Քոչարյանի կոչով դադարեցվել է գործադուլը, մարտի 6-ին Սումգայիթի ցեղասպանության, զոհերի հիշատակին սգո երթ և հանրահավաք է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում։ Մարտի 8-ին Ռ. Քոչարյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է Ե. Լիգաչովի և Ե. Պրիմակովի հետ, ներկայացրել սումգայիթյան ցեղասպանության շարժառիթները և կազմակերպիչներին։ «Կռունկ» կոմիտեի կազմակերպած ցույցի մասնակիցների ճնշմամբ մարտի 17-ին կայացել է կուսակցության մարզկոմի պլենումը. որոշում է ընդունվել՝ խնդրել ԽՄԿԿ ԿԿ-ին դրականորեն լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը։ 1988-ի մարտի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ Նախագահությունը որոշել է լուծարել «Կռունկ» կոմիտեն, արգելել ցույցերը, գործադուլները և հանրահավաքները։ Կոմիտեն անցել է ընդհատակ, 1988-ի հուլիսի 29-ին տրոհվել է, ստեղծվել են Տնօրենների խորհուրդ և «Միացում» կազմակերպությունները։

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Խաչատրյան Ս., Վաստակած պատիվ, Ս., 2002։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.a

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am