Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կովսականի (Զանգելան) ռազմական գործողություն 1993

 Կովսականի (Զանգելան) ռազմական գործողություն 1993: Հադրութի (հրամանատար՝ Ա. Աղաբեկյան), Մարտունիի (Մ. Հակոբյան), Շուշիի (Վ. Իշխանյան), Պաշտպանական շտաբների Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների, մոտոհրաձգային 5-րդ կամավորական բրիգադի (Մ. Գրիգորյան), «Սիսական» (Հ. Աղայան), «Արաբո» (Մ. Եղիազարյան), «Սև հովազ» (Ռ. Գասպարյան), Աթիկի, Բաղրամյանի, Թալինի, Արտաշատի, Կապանի, Գորիսի և այլ կամավորական ջոկատների հակահարձակողական մարտերը 1993-ի հոկտեմբերի 23-ից մինչե նոյեմբերի 1-ը։ Հոկտեմբերի 23-ին Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական պաշտպանական շրջանների զորամիավորումները մի քանի ուղղություններով զարգացրել են հակագրոհը, ճնշել Հորադիզի տրանսպորտային հանգույցում և նրա շրջակայքում տեղակայված թշնամու հենակետերը, ոչնչացրել և գերևարել թշնամու 100-ից ավելի զինվոր, վերցրել Տ-72 տեսակի երեք տանկ, 4 մարտական մեքենա, «Գրադ» համակարգի 4 հրթիռային կայանք, տասնյակ բեռնատար մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։ Մարտերի ընթացքում զոհվել է 8 և վիրավորվել 4 ազատամարտիկ։ Գրավելով ադրբեջանական բանակի այս ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների տարածքները մեկուսացրել են Ադրբեջանից։ Հարավային ուղղությամբ գործող Ադրբեջանի ազգային բանակի զորամասերը, փաստորեն, տեղի խաղաղ բնակչության հետ հայտնվել են շրջափակման մեջ, որը ղարաբաղյան ուժերի հետագա առաջխաղացման համար լուրջ դժվարություններ է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ի կեսօրին Պաշտպանության բանակի հրամանատարությունը միակողմանիորեն դադարեցրել է մարտական գործողությունները և նույն օրվա ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 26-ի ժամը 13:00-ը հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը հեռանալ ռազմական գործողությունների շրջանից։ Հակառակ հայկական կողմի բարի կամքի նման դրսևորման՝ հակառակորդը Զանգելանի շրջանի տարածքից անընդհատ հրթիռակոծել է Հադրութի շրջանի խաղաղ բնակավայրերը՝ ցամաքային զինտեխնիկայից բացի, օգտագործելով նաև օդուժը։ Կրակի գծից ադրբեջանցի խաղաղ բնակչության մի մասի դուրս բերման ժամկետը լրանալուց հետո ղարաբաղյան ստորաբաժանումները, հարկադրված, հոկտեմբերի 26-ին վերսկսել են հարձակումը, ճնշել ադրբեջանական Խանլըղ բնակավայրի ռազմական հենակետը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ից Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կոչով ՊԲ հրամանատարությունը դարձյալ դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հնարավորություն ընձեռելով Զանգելանի շրջանի խաղաղ բնակչության մնացած մասին դուրս գալ մարտական գործողությունների տարածքից։ Հոկտեմբերի 28-ին ժամը 17:00-ին, հրետանային նախապատրաստությունից հետո, հակառակորդը մեծաքանակ ուժերով հարձակման է անցել Բոյուկ Բահմանլու բնակավայրերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերահաստատվել նախկին դիրքերում։ Քերիմբեյլիից Ալխանլի ձգվող ռազմագոտում ՊԲ-ի հրամանատարությունը զորքերի տեղաշարժ է կատարել և ստեղծել ամուր պաշտպանություն։ Տևական մարտերից հետո ղարաբաղյան ուժերը սկզբում կասեցրել են հակառակորդի գերակշիռ ուժերի առաջխաղացումը, ապա ձեռնամուխ եղել վերացնելու հակառակորդի կրակակետերը։ Ադրբեջանական բանակի կազմավորումները, չդիմանալով ղարաբաղյան զինուժի շարունակական ճնշմանը, լքել են գրաված դիրքերը և Արաքս գետի ծանծաղուտներով հեռացել Իրանի տարածք։ Հոկտեմբերի 28-ին ՊԲ-ի մարտիկները մտել են սահմանամերձ Մինջևան երկաթուղային կայարան։ Նոյեմբերի 1-ի առավոտյան ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ են անցել Զանգելան շրջկենտրոնը և հարակից բնակավայրերը։ Այս ռազմական գործողությամբ Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը Հորադիզ երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանը ձգվող տարածքի վրա։ Զանգելանի ռազմական գործողությունների հաղթանակով վերացվել են ԼՂՀ հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան սահմանամերձ գոտուց մշտապես սպառնացող վտանգները։

Մ. Հարությունյան

 

 

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am