Կիրովաբադի (Գանձակ) ինքնապաշտպանություն, Կիրովաբադի հայ բնակչության ինքնապաշտպանական գործողությունները ադրբեջանական ջարդարարների դեմ` 1988-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը: Դեռևս 1905-ի և 1918–1920-ի հայ-թաթարական ընդհարումներից հետո Կիրովաբադը բաժանվել էր հայկական և ադրբեջանական թաղամասերի: 1988-ին քաղաքում բնակվում էր 230 հզ. ադրբեջանցի և 45 հզ. հայ, որից 13 հզ.` ադրբեջանական թաղամասում: 1988-ի փետրվարի 28-ին երկաթե ձողերով զինված ամբոխը հակահայկական կոչերով ներխուժել է քաղաքի հայկական մասը, բայց հանդիպելով դիմադրության` տեղի է տվել: Պետական մակարդակով մանրազնին նախապատրաստությունից հետո` 1988-ի նոյեմբերի 21-ից` Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թվում` Կիրովաբադում, գործի է դրվել զանգվածային հայաթափման ծրագիրը, սկսվել են հայերի էթնիկական զտումները, թալանն ու ջարդերը: Նոյեմբերի 21-ի գիշերը Կիրովաբադում կազմավորվել է ինքնապաշտպանության ղեկավար մարմին` «Գանձակ» կոմիտեն (ղեկավարներ` Տեր Սահակ Սահակյան, Գ. Օգանեզով, Խ.Սարգսյան, Ս. Հակոբյան, Ն. Մինասյան, Ջ.Վերդյան, Կ. Խաչատրյան, Ալ. Բալասանյան, Վ.Ասրյան, Մ. Եսայան, Վ. Բայտալով և ուրիշներ): «Գանձակ» կոմիտեն հայկական թաղամասերում ստեղծել է պահա կակետեր, հարակից շրջաններից քաղաքում ապաստանած բռնագաղթածներին ապահո վել սննդով, կազմակերպել ադրբեջանական թաղամասերում մնացած հայերի տեղափո խումը քաղաքի հայկական մաս, բանակցություններ վարել քաղաքի քաղաքացիական և զինվորական իշխանությունների հետ, ամենօրյա հանրահավաքներ անցկացրել, հրահանգներ տվել պահակակետերի ղեկավարներին: Կիրովաբադի ինքնապաշտպանությանյան ուղղությունները ղեկավարել են Ա. Շահնազարյանը, Ջ. Զաքարյանը, Վ. Մաթևոսյանը, Յու. Դաշյանը, Տ. Բայանդուրյանը, Զ. Շահինյանը և ուրիշներ: Ընդհարումների ժամանակ հայերը տվել են 3 զոհ, ադրբեջանցիները` 27 սպանված: Կիրովաբադի տարեցների տան հայազգի 12 ծերերի ադրբեջանցիները պատանդել են և դաժանորեն սպանել: Նրանց մասնատված դիակները հայտնաբերվել են 1990-ի ամռանը` Կիրովաբադից ոչ հեռու: Կիրովաբադի ինքնապաշտպանությունը դադարեցվել է դեկտեմբերի 10-ից` խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելու պատճառով: 1988-ի դեկտեմբերի 14-ից մինչև 1989-ի փետրվարը «Գանձակ» կոմիտեն գործել է ընդհատակում: Կիրովաբադի ինքնապաշպանության շնորհիվ Կիրովաբադի բազմաթիվ հայեր փրկվել են ֆիզիկական բնաջնջումից, իսկ Շամխորի, Դաշքեսանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերի բնակիչները հնարավորություն են ստացել անվտանգ տեղափոխվել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Գրականություն
Ներսիսյան Գ., Վարդապետով Լ.,
«Գանձակ. նախնիների կանչ», Ե., 2003:
Նույնի , «Գանձակ հուշեր»,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am