Խոսրով 3-րդ Կոտակ   Խոսրով 3-րդ Կոտակ:Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:

 Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի էր բազմաթիվ անօրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց կաթողիկոս է դառնում նրա ավագ եղբայրը՝ Վրթանես Ա Պարթևը (333-341 թթ.):

 Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով Խոսրովը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղկառուցում արքունի ապարանք: Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր ենտնկում: Անտառի մի մասը կոչվում է <<Տաճար մայրի>>, իսկ մյուսը` <<Խոսրովակերտ>> (<<Խոսրովի անտառ>>)Խոսրովի անտառ, որը մինչև Երասխ էր հասնում: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

 Այս խաղաղ ու բարգավաճ վիճակն ընդհատում է իրեն Արշակունի հորջորջող մազքթաց թագավոր Սանեսանը: 335 թ. նա ներխուժում է Հայաստան և, ավերածություններ պատճառելով, հասնում Այրարատյան աշխարհ ու գրավում Վաղարշապատը: Հայոց զորավար Վաչե Մամիկոնյանը Վաղարշապատից դուրս է վտարում մազքութների խառնիճաղանջ զորքերը, այնուհետև ջախջախում Օշականի Ցլու գլուխ լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սպանված Սանեսանի գլուխը բերում են Խոսրով Կոտակին` դրանով լուծելով Գրիգորիս եպիսկոպոսիսպանության վրեժը:

 336 թ. Սասանյանների զորքերը ներխուժում են Հայաստան: Հայոց թագավորը Բզնունիքի Դատաբեն նախարարին հանձնարարել էր դիմակայել թշնամուն: Սակայն Դատաբենն անցել էր թշնամու կողմը: Այդ օրհասական պահին հայոց թագավորի դեմ է գործում նաև Աղձնիքի բդեշխ Բակուրը: Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Դատաբենը և Բակուրը մահապատժի են ենթարկվում: Խոսրով Կոտակի սահմանած օրենքով աշխարհատեր նախարարները պետք է մնային թագավորի մոտ, և նրանցից ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ:

 Մծբինի պայմանագրի ժամկետը չլրացած՝ 337 թ. Սասանյանների արքա Շապուհ II Երկարակյացը (309-379 թթ.) պատերազմ է սկսում Հռոմեական կայսրության դեմ: Չկարողանալով գրավել Մծբինը՝ պարսիկները հարձակվում են Հայոց աշխարհի վրա: Վաչե Մամիկոնյանի զորքը դուրս էգալիս թշնամու դեմ: Տեղի ունեցած ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Զոհվում են սպարապետ Վաչե Մամիկոնյանը և նրա մի քանի զինակիցներ: Սակայն թշնամին դուրս էր շպրտվել երկրից: Վրթանես կաթողիկոսն օրենք է սահմանում` ամեն տարի Հայոց աշխարհում Վաչե Մամիկոնյանի և նրա հետ զոհված զինակիցների հիշատակը նշելու և հայրենիքի փրկության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերողներին սուրբ նահատակների շարքին դասելու մասին: Հայ եկեղեցին Վրթանես կաթողիկոսի սահմանած այսկարգով հետագայում Վարդան զորավարին և նրա հետ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին դասեց սրբերի շարքին:

 Խոսրով թագավորը Վաչե Մամիկոնյանի որդուն՝ Արտավազդին, հանձնում է սպարապետության պաշտոնը: Բայց քանի որ Արտավազդը պատանի էր, մինչև նրա չափահաս դառնալը հայոց զորավարության գործը հանձն են առնում Շիրակի իշխան Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին:

 

Դանիելյան Է.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am