Խոջալուի ազատագրումը: 1992 թվականին տեղի ունեցավ ռազմական գործողություն ԼՂՀ-ի օդանավակայանը (գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա) ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով։ Տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 25-26-ին։ 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հարձակումներին և «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության։ Այդ ընթացքում պատանդվել է 700 հայ խաղաղ բնակիչ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել է էլեկտրա և ջրամատակարարումից։ Շարունակվող պաշարման, գնդակոծության, մեծ թվով փախստականների առկայության, վառելանյութի բացակայության, արդյունաբերական, այդ թվում՝ սննդի վերամշակող ձեռնարկությունների հարկադրական պարապուրդի, միջշրջանային ճանապարհների շրջափակման և այլ պատճառներով ԼՂՀ-ում և հատկապես Ստեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել։ Հունվար-փետրվարին հացի ամսական չափաբաժինը չի գերազանցել 400 գ, և ամսվա վերջին սկսվել է սովը, իսկ որոշ բնակավայրերում բռնկվել են վարակիչ հիվանդություններ։ Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն։

 Մինչ այդ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջանքերով Խոջալու էին տեղափոխվել նրա և ՄՀՆՋ զինված ստորաբաժանումների մարտիկներ, կազմակերպել այնտեղ Ուզբեկստանից բռնագաղթած թուրք մեսխեթցիների վերաբնակեցում, և բնակչությունը 1989-ի 2135 մարդուց 1991-ին հասցվել էր 6000-ի։

 Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմականՔարտեզը՝ xocali.net-ի գործողությունը (հրամանատար՝ Ա. Տեր-Թադևոսյան) սկսվել է 1992-ի փետրվարի 25-ի ժամը 23:30-ին և ավարտվել փետրվարի 26-ի ժամը 3-ին։ Խոջալուն գրոհող ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները միջանցք էին թողել գյուղի խաղաղ բնակչությանը՝ ռազմական գործողու-թյունների գոտուց անվտանգ հեռանալու համար, որի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված էր։ Սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։

 Խոջալուի ռազմական գործողությունից հետո ԼՂՀ ԻՊՈՒ պատանդությունից ազատել են 13 հայ, այդ թվում՝ 1 երեխա և 6 կին, ռազմավար վերցրել 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ, 4 «Ալազան» կայանք, մեկ 100 մմ-ոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա։ ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներՔարտեզը՝ xocali.net-ի զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էր ԱՀ ԶՈՒ տարածքային հենակետային ստորաբաժանումը։ Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Այազ Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար» (Независимая газета  2.4.1992)։

 Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։

Գրականության ցանկ

 Մելիք֊ Շահնազայան Լ., Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Ե, 1998։

Հասաթյան Ս, Ղարաբաղյան պատերազմ, Ե., 2001։

Материалы всесоюзной переписи 1989 года, М., 1989:

Демоян Г., Мелик-Шахназарян Л., Ходжалинское дело, Особая папка, Е., 2003

Լ. Մելիք-Շահնազարյան

 Աղբյուրը՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994:1հատորով:Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2004 թ., էջեր 271-272:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am