Կարճիկյան Խաչատուր (ծնվել է 1882, Վաղարշապատում - մահացել է 1918, Երևանում), պետական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտել Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1910)։ Թիֆլիսում աշխատել է որպես դատապաշտպան, մասնակցել «Դաշնակցության գործի» դատավարությանը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) տարիներին՝ հայկական կամավորական շարժման կազմակերպիչներից։ Զբաղվել է Կովկասում արևմտահայ գաղթականության տեղավորման հարցերով։ 1917-ի նոյեմբերին՝ Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարար, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան սեյմի պատգմավոր։ Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահ։ Դեմ է եղել Բրեստի հաշտության պայմանագրի (1918) ստորագրմանը։ Տրապիզոնի բանակցությունների (1918) օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային վերադարձվելու դեպքում ինքը դուրս կգա Սեյմի կազմից, և այդպես էլ վարվել է՝ թողնելով նաև Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Այդուհանդերձ, Կարճիկյանի գործուն միջամտությամբ Աեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում։

1918-ի հունիսից՝ ՀՀ (1918-20) ֆինանսների նախարար, 1918-ի հոկտեմբերին՝ իր իսկ առաջարկով ձևավորված կոալիցիոն կառավարության խնամատարության նախարար։ ՀՀԴ կողմից մեղադրվել է Կարսը 1918-ին թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ, սպանվել է իր աշխատասենյակում։

Գրականություն

Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am