Կապանի կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1990-ին՝ Կապանում և շրջանի գյուղերում 1988-ին ստեղծված ջոկատների միավորմամբ: Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ: 1993-ին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Կապանի առանձնակի մոտոհրաձգային կամավորական վաշտ: 1988-1994-ին ջոկատներն առանձին և միացյալ մասնակցել են ՀՀ Կապանի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Կարմրաքար, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Ղարաչիման, Շիկահող, Սրաշեն, Հանդ, Հաջիբաբա), Գորիսի և ԼՂՀ Մարտակերտի, Զանգելանի (Ղազանչի, Աշքենդ, Սեիդլար, Վերին Եմազլու, Շարաֆլու, Կարագյոլ, Մինջևան), Ֆիզուլիի (Հորադիզ, Բոյուք Բահմալու և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Կապան-Գորիս մայրուղով անցնող ավտոշարասյուների անվտանգ երթևեկության ապահովմանը: Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Հարությունյանը, Մ. Օհանյանը, Ս. Մկրտչյանը, Ռ. Սարյանը, Գ. Մկրտչյանը, Հ. Քոչարյանը, Ա. Կարապետյանը, տեղակալներ՝ Գ. Հարությունյանը, Դ. Աղայանը, շտաբի պետ՝ Գ. Մկրտչյանը: Ջոկատից ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Հ. Քոչարյանը (հետմահու), «Արիություն» մեդալով՝ 3, «Մարտական ծառայության համար»՝ 3, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 8, զոհվել 18 ազատամարտիկ: Կապանի հուշահամալիրում տեղադրված են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-գերեզմանաքարեր:
Մ. Օհանյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am