Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ջամիլլուի (Մալիբեկլու) ազատագրում

 Ջամիլլուի (Մալիբեկլու) ազատագրում: Ռազմական գործողություն: Տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 15-ին՝ Ստեփանակերտը շրջապատող հակառակորդի հենակետերից մեկը՝ Ջամիլլուն, վնասազերծելու համար: Իրականացվել է 2 փուլով: Նախապատրաստական փուլում Ա. Sեr-Թադևոսյանի հրամանով հետախուզության պատասխանատու Վ. Բալայանը և ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար Ա. Սարգսյանը կատարել են Ջամիլլուի տեղազննումը և հատակագծումը: Արձանագրվել են կրակակետերի վերածված 89 տուն, մարտական բոլոր դիրքերը, ճանապարհները:

 Հարձակողական փուլում, ընդհանուր հարձակման նախօրեին՝ դեկտեմբերի 14-ին, թիկունքից գրավվել է Ջամիլլուն Ստեփանակերտից բաժանող, երեք պահակակետերով 898 բարձունքը: Ռազմական այդ գործողությունը, փաստորեն, կանխորոշել է մարտի ելքը: Դեկտեմբերի 15-ի վաղ առավոտյան ՀՄՄ-ով կրակի տակ են առնվել հակառակորդի հիմնական կրակակետերն ու դիրքերը: Դպրոցի շենքում տեղակայված շտաբում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել: Այգեստանի, Խնածախի, Քարաշենի ջոկատները, ԻՊՈՒ-ի առաջին վաշտը մտել են Ջամիլլու: Հակառակորդը, կորցնելով կենդանի ուժ և զինտեխնիկա, առանց լուրջ դիմադրության հեռացել է Ջամիլլուից: Վերջինիս կրակակետերի վնասազերծմամբ՝ կասեցվել են Ստեփանակերտի և հարակից Խնածախ, Այգեստան գյուղերի մշտական գնդակոծությունները, դադարեցվել հարձակումները, ճեղքվել Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի օղակներից մեկը:

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am