Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հռչակագիր Ադրբեջանի Հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի:

 Հռչակագիր Ադրբեջանի Հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման (1920-ի նոյեմբերի 29) կապակցությամբ Խորհրդային Ադրբեջանի կառավարության հատուկ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը հրաժարվում է «վիճելի» տարածքներից և տարածքային հարցերը չեն կարող երկու ժողովուրդների՝ «հայերի և մահմեդականների» միջև արյունահեղության պատճառ դառնալ։ Հռչակագրով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի և Նախիջևանի գավառները ճանաչել է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տվել ինքնորոշման իրավունք, պարտավորվել դադարեցնել ռազմական գործողությունները Զանգեզուրում և ադրբեջանական զորքերը դուրս հանել երկրամասից։ 1920-ի նոյեմբերի 30-ին հրապարակվել է նաև Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի և արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովի դիմում-ուղերձը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին։ Դիմում-ուղերձում Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, և այդ օրվանից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը։

 1920-ի դեկտեմբերի 2-ին Գ. Օրջոնիկիձեն Լենինին և Ի. Ստալինին հաղորդել է Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու Ադրբեջանի հեղկոմի որոշման մասին։

 Ադրբեջանի հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի հռչակագրի, «Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության», ինչպես նաև Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921-ի հունիսի 3-ի որոշման հիման վրա Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհը 1921-ի հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարել է ՀԽՍՀ անբաժան մաս։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am