Հովհաննես Քաջազնունի:(Տեր-Հովհաննիսյանց, պապի Իգիթխանյան ազգանվան թարգմանությամբ՝ Քաջազնունի) Հովհաննես(Ոուբեն) Մաթևոսի (ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Ախալքալաքում: Մահացել է 1938 թվականի հունվարի 10-ին Երևանում: Եղել է անհատի պաշտամունքի զոհ): Եղել է հասարակական-քաղաքական, պետական գործիչ, ճարտարապետ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Թիֆլիսի ռեալական դպրոցում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը (1893): 1893-1895-ին և 1899-1906-ին աշխատել է Բաքվում, 1895-1897-ին՝ Բաթումում, 1897-1899-ին՝ Թիֆլիսում՝ ճարտարագետ-ճարտարապետ: Բաքվում նրա նախագծերով և ղեկավարությամբ կառուցվել են բնակելի տներ, հիվանդանոց, Թիֆլիսում՝ թեյարան (չի պահպանվել) և այլն: 1909-ին Բաքվի Ս. Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցու (այժմ՝ ավերված) նախագծումն ու շինարարությունը հանձնարարվել է Քաջազնունիին:1911-ին շինարարությունը չավարտած, խույս տալով «Դաշնակցության գործով» Սանկտ Պետերբուրգում դատվելուց, հաստատվել է Վասպուրականում, զբաղվել հեղափոխական գործունեությամբ, Վանում նախագծել և կառուցել է Աշխատանքի տունը (1911-1912): 1914-ին վերադարձել է Այսրկովկաս: 1917-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի անդամ: 1917-ի վերջին 1918-ի սկզբին եղել է ՀՀԴ ներկայացուցիչը Անդրկովկասյան սեյմում: Անդրկովկասյան Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության խնամատարության նախարար (1918-ի ապրիլ-մայիս): Մասնակցել է Տրապիզոնի (1918-ի մարտ-ապրիլ) և Բաթումի (մայիս-հունիս) հաշտության բանակցություններին, Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Բաբաջանյանի հետ ստորագրել է Բաթումի պայմանագիրը: 1918-ի մայիսին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում հասել է Հայաստանի անկախությունը հռչակելու որոշման և խորհրդի կողմից միաձայն նշանակվել վարչապետ (պաշտոնը վարել է մինչև 1919-ի սկիզբը), կազմել է կառավարություն, որը Երևան է ժամանել 1918-ի հուլիսին: 1919-ի փետրվարին մեկնել է Եվրոպա և ԱՄՆ` Հայաստանին օգնություն կազմակերպելու, որի առաջին խմբաքանակը ստացվել է գարնանը: Քաջազնունին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսին, 1920-ի սեպտեմբերին վերադարձել է Հայաստան, որտեղ խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, ազատվել է 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ: 1921-1924-ին ապրել է Բուխարեստում: 1923-ի օգոստոսին դուրս է եկել ՀՀԴ կուսակցությունից: Հրատարակել է «Հ. 8. Դաշնակցութինն անելիք չունի այլեւս» (1923) գրքույկը: 1924-ին դիմել է Խորհրդային Հայաստանի Կառավարությանը՝ հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925-ից ապրել է Երևանում, դասախոսել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետումում, ապա՝ նորաբաց Շինարարության ինստիտուտում (ստացել է պրոֆեսորի կոչում), 1927-1931-ին՝ ՀԽԱՀ պետպլանին կից Շինարարության տեխնիկական կոմիտեի փոխնախագահ, 1932-ին՝ ՀԽԱՀ ժողկոմխորհի կոմիսարիատի գիտքարտուղար: Նախագծել և իրականացրել է Արմավիրի ու Երևանի բամբակազտիչ (1925, չի պահպանվել). Երևանի ձեթօճառի (1926, 1930) գործարանների կառուցումը և բանավանների կառուցապատումը, Գյումրիում՝ բնակելի տուն («Նավակ», 1936), Ապարանում՝ վարչական շենք և այլն: Գրել է «Հարյուր տասը օր Եվրոպայում» գիրքը, ճարտարապետությանը, արվեստին, գրականությանը նվիրված հոդվածներ, հուշագրություններ, պատմվածքներ, մասնակցել շինարարական կառույցների ռուս-հայկական բառարանի կազմմանը: 1937-ին անհիմն բռնադատվել է և մահացել է բանտում:
Երկեր
Ազգ և հայրենիք, Բեյրութ, 1979:
Բաց նամակ Z-ին. Թուրքիա թե Ռուսիա. Ե., 1990:
Հայաստանի Հանրապետություն (Հուշագիր), Ե., 1993:
Հ. 3.Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Ե . 1994:
Գրականություն`
Դոլուխանյան Լ, Հովհաննես Քաջազնունին՝ ճարտարապետ, Ե., 1997:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am