Հորադիզի ռազմական գործողություն: Պաշտպանական-հակահարձակողական գործողություն՝ Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական պաշտպանական շրջանների զորամիավորումների կողմից՝ Զանգելանի և Հորադիզի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Տեղի է ունեցել 1993-ի հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին: 1993-ի հոկտեմբերի 7-ին ԵԱՀԽ պատվիրակությունը հակամարտող կողմերին է ներկայացրել տարածաշրջանում «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը», որում «հակամարտության մասնակից կողմեր» էին դիտվում ՀՀ, ԱՀ և Լեռնային Ղարաբաղ: Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը իր անհամաձայնությունն է հայտնել այդ առաջարկություններին։ Միաժամանակ օգտվելով այդ առիթով հայտարարված զինադադարի (1993-ի հոկտեմբեր) ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանական բանակը լրացուցիչ կուտակումներ է կատարել Ջաբրայիլի շրջանում։ Համալրվել է օտարերկրյա վարձկանների ջոկատներով, Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում ուսանած զինվորական կադրերով, Ուկրաինայից Ադրբեջան առաքված 40 տանկով և այլն։ Հոկտեմբերի 10-ի գիշերը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել Ղարաբաղյան բանակի պաշտպանությունը և տիրել Հադրութի շրջանի ողջ հարավային տարածքին։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զորամիավորումները հրետակոծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածի հայկական պաշտպանական դիրքերը՝ հիմնականում Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի ուղղությամբ, գիշերը՝ նաև Աղդամի և Ֆիզուլիի սահմանամերձ հայկական գյուղերը, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան հակառակորդը տանկերից և հետևակի մարտական մեքենաներից՝ Մարտունիի դիրքերը։ ԼՂՀ զորամիավորումները, հավատարիմ մնալով Փարիզում ձեռք բերած զինադադարի մասին երկկողմ համաձայնությանը, ձգտել են չենթարկվել սադրանքներին, ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, ավելին՝ ԼՂՀ ղեկավարությունը փորձել է համոզել Ադրբեջանի իշխանություններին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը։ Հոկտեմբերի 21-ին Ջաբրայիլի շրջանի Կույջակ գյուղի մոտակայքում կենտրոնացնելով մեծ քանակի կենդանի ուժ և զինտեխնիկա՝ հակառակորդը հարձակողական գործողություններ է սկսել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու հարավային սահմանի ուղղությամբ։ Տևական մարտերից հետո թշնամու գերակշիռ ուժերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակության չորս պահակակետ։ Մարտական գործողություններ են ընթացել նաև Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում։ Այդ ընթացքում Հորադիզի երկաթուղային հանգույցի շրջանում նկատվել է ծանր հրետանու և տանկերի կենտրոնացում՝ ղարաբաղյան պաշտպանությունը հարավում և հարավ արևելքի ուղղություններում ճեղքելու և հայկական զորամիավորումները միմյանց կապող ճանապարհները կտրելու նպատակով։ Հոկտեմբերի 23-ի առավոտյան գործողության մեջ դնելով 8 տանկ, 10 զրահամեքենա, մեծաքանակ հրետանի և շուրջ 500 հետևակային՝ Ֆիզուլիի և Կուբաթլուի շրջանների տարածքներից հակառակորդը գրոհել է ղարաբաղյան դիրքերի վրա՝ փորձելով հանկարծակի հարվածներով ճնշել պաշտպանական ուժերի դիմադրությունը և ռազմաճակատի այդ հատվածում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամու առաջխաղացումը և անմիջապես անցել հակահարձակման։ Հոկտեմբերի 23-ին Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների զորամիավորումները մի քանի ուղղություններով զարգացրել են հակագրոհը, ճնշել Հորադիզի տրանսպորտային հանգույցում և նրա շրջակայքում տեղակայված թշնամու հենակետերը, ոչնչացրել և գերևարել թշնամու 100-ից ավելի զինվոր, վերցրել Տ-72 տեսակի երեք տանկ, 4 մարտական մեքենա, «Գրադ» համակարգի 4 հրթիռային կայանք, տասնյակ բեռնատար մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։ Մարտերի ընթացքում զոհվել է 8 և վիրավորվել 4 ազատամարտիկ։ Գրավելով ադրբեջանական բանակի այս ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների տարածքները մեկուսացրել են Ադրբեջանից։ Հարավային ուղղությամբ գործող Ադրբեջանի ազգային բանակի զորամասերը, փաստորեն, տեղի խաղաղ բնակչության հետ հայտնվել են շրջափակման մեջ, որը ղարաբաղյան ուժերի հետագա առաջխաղացման համար լուրջ դժվարություններ է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ի կեսօրին Պաշտպանության բանակի հրամանատարությունը միակողմանիորեն դադարեցրել է մարտական գործողությունները և նույն օրվա ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 26-ի ժամը 13:00-ը հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը հեռանալ ռազմական գործողությունների շրջանից։ Հակառակ հայկական կողմի բարի կամքի նման դրսևորման՝ հակառակորդը Զանգելանի շրջանի տարածքից անընդհատ հրթիռակոծել է Հադրութի շրջանի խաղաղ բնակավայրերը՝ ցամաքային զինտեխնիկայից բացի, օգտագործելով նաև օդուժը։ Կրակի գծից ադրբեջանցի խաղաղ բնակչության մի մասի դուրս բերման ժամկետը լրանալուց հետո ղարաբաղյան ստորաբաժանումները, հարկադրված, հոկտեմբերի 26-ին վերսկսել են հարձակումը, ճնշել ադրբեջանական Խանլըղ բնակավայրի ռազմական հենակետը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ից Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կոչով ՊԲ հրամանատարությունը դարձյալ դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հնարավորություն ընձեռելով Զանգելանի շրջանի խաղաղ բնակչության մնացած մասին դուրս գալ մարտական գործողությունների տարածքից։ Հոկտեմբերի 28-ին ժամը 17:00-ին, հրետանային նախապատրաստությունից հետո, հակառակորդը մեծաքանակ ուժերով հարձակման է անցել Բոյուկ Բահմանլու բնակավայրերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերահաստատվել նախկին դիրքերում։ Քերիմբեյլիից Ալխանլի ձգվող ռազմագոտում ՊԲ-ի հրամանատարությունը զորքերի տեղաշարժ է կատարել և ստեղծել ամուր պաշտպանություն։ Տևական մարտերից հետո ղարաբաղյան ուժերը սկզբում կասեցրել են հակառակորդի գերակշիռ ուժերի առաջխաղացումը, ապա ձեռնամուխ եղել վերացնելու հակառակորդի կրակակետերը։ Ադրբեջանական բանակի կազմավորումները, չդիմանալով ղարաբաղյան զինուժի շարունակական ճնշմանը, լքել են գրաված դիրքերը և Արաքս գետի ծանծաղուտներով հեռացել Իրանի տարածք։ Հոկտեմբերի 28-ին ՊԲ-ի մարտիկները մտել են սահմանամերձ Մինջևան երկաթուղային կայարան։ Նոյեմբերի 1-ի առավոտյան ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ են անցել Զանգելան շրջկենտրոնը և հարակից բնակավայրերը։ Այս ռազմական գործողությամբ Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը Հորադիզ երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանը ձգվող տարածքի վրա։
Ս. Հասրաթյան
Գականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am