Հնչակյան կուսակցություն: Ծրագիրը և կառուցվածքը։ Հնչակյան կուսակցության ձևավորման վրա մեծ ազդեցություն գործեցին ռուսական հեղափոխական, միջազգային սոցիալիստական և անարխիստական ուսմունքները, ազգային-ազատագրական շարժումներին բնորոշ գաղափարները։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը սատարելու, նրան զինված պայքարի առաջնորդելու նպատակադրումով։ Նորաստեղծ կազմակերպության կորիզը, ինչպես նշվեց, դաստիարակված էր եվրոպական հեղափոխական գաղափարների ոգով։ Հատկապես վճռական նշանակություն էր ունեցել ռուսական նարոդնիկական միտքը։ Պայքարի մարտավարական մեթոդների, կազմակերպության կառուցվածքի րնտրության խնդիրներում վճռական էր «Նարոդնայա վոլյայի» և բալկանյան հեղափոխական կազմակերպությունների ունեցած ազդեցությունը։ Ժնևյան խմբակը սերտ հարաբերություններ է հաստատում ռուսական սոցիալ-դեմոկրատիայի հեղինակություններից՝ Գ. Պլեխանովի, Վերա Ջասուլիչի և նշանավոր այլ գործիչների հետ։ Հնչակյան կուսակցության գաղափարախոսությունն, այդպիսով, իր մեջ ներառում էր և՛ ազատագրական հեղափոխական պայքարին հատուկ նպատակադրումներ, և՛ մարքսիստական-սոցիալիստական գաղափարներից բխող սկզբունքներ։ Ծրագրի նախնական տարբերակը, ըստ Ռ. Խանազատի, կազմվեց Մարո Վարդանյանի, Ավետիս Նազարբեկյանի, Գևորգ Ղարաջյանի համատեղ ջանքերով և հետագայում ամբողջանալով՝ րնդունվեց իբրև պաշտոնական փաստաթուղթ։
Ծրագիրն ընդգրկում էր կուսակցության հեռավոր և մոտակա նպատակները։ Հեռավոր նպատակը հիմնավորում էր հայկական հասարակության մեջ սոցիալիստական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը։ Շեշտված էր փոքրամասնության կողմից մեծամասնության շահագործման վրա հենված հասարակարգի փլուզման անխուսափելիությունը։ Հին համակարգը փոփոխելու անհրաժեշտ պայման էր դիտվում սոցիալիստական հեղափոխությունը։ Նոր հասարակությունը հենվելու էր սոցիալիստական իրավակարգի և տնտեսական արդարության սկզբունքների վրա։ Որպես հեռավոր նպատակ, ծրագիրը հստակորեն սահմանում էր «սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ»։
Մոտակա նպատակը ձևակերպված էր սոցիալ-դասակարգային և ազգային-ազատագրական միահյուսված շեշտադրումներով։ Հիմնական խնդիրը համարվում էր պայքարը Թուրքահայաստանի, Ռուսահայաստանի և Պարսկահայաստանի հայկական տարածքներում անկախ հայկական պետության հիմնումը։ Այլ խոսքով՝ հայ քաղաքական մտքի պատմության մեջ առաջին անգամ սահմանվում էր Հայկական Հարցը որպես հայրենիքի ամբողջական տարածքում անկախ պետություն ստեղծելու խնդիր։ Միաժամանակ ընդգծվում էր, որ անհրաժեշտ է «կռիվ մղել միապետական կարգերը տապալելու համար և դրանք փոխարինել հանրային, ռամկավարական, սահմանադրական կարգերով»։ Դա, ծրագրի տրամաբանությամբ, կուսակցությանը հնարավորություն կտար ներառվել օսմանյան և ռուսական բռնակալությունների դեմ մղվող ընդհանուր ճակատի մեջ՝ հայ ժողովրդի ազատագրման խնդիրը կապելով այդ երկրներում ընթացող հեղափոխական դործրնթացների հետ։
Հայկական միասնական պետության կերտման առաջին քայլը համարվում էր Թուրքահայաստանի ազատագրումը։ Ծրագրում նշված էր, որ «պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրշել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում, կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդային ընդհանուր ապստամբության միջոցով»։ Ծրագիրը թուրքահայ ժողովրդի դատի լուծումը կապում էր ազգային անկախ գոյության հետ՝ շեշտելով, որ «Հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից ընդմիշտ պետք է զատվի Թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը, որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու աոաջին պայմանը»։ Ծրագիրն ապագա հայկական պետության համար նախատեսում էր ամենալայն ժողովրդավարական կարգեր՝ ուղիղ և գաղտնի ընտրություն, խղճի, խոսքի, կազմակերպվելու ազատություններ, տեղական, համայնքային ինքնավարություններ և այլն։
Հեղափոխական պայքարում կուսակցությունն ընդունում էր հետևյալ առաջնահերթությունները.
ա. Պրոպագանդա, որը տարվելու էր ժողովրդի մեջ զանգվածներին կուսակցության հետապնդած նպատակները, օսմանյան բռնատիրությունը հեղափոխական ճանա– պարհով տապալելու անհրաժեշտությունը բացատրելու համար։
բ. Ագիտացիա, որը ներառելու էր ժողովրդին ոտքի հանելու ու ոգևորելու, հայրենիքի ազատագրության խնդիրը հասարակության լայն շրջաններին պարզաբանելու աշխատանքներ։ Պայքարի ձևերից էին զանազան ցույցերը, բարենորոգումների պահանջը, ծանր հարկերի դեմ ուղղված ելույթները և այլն:
գ. Տեռոր, որը համարվում էր ժողովրդի ոգին բարձրացնելու, բռնակալությանը հարվածելու և հայությանը պաշտպանելու ազդու լծակ։ Տեռորը և ասպատակային գնդերի կազմումը համարվում էին հեղափոխական կազմակերպության պայքարի կարևոր զենքերը և դիտվում իբրև կուսակցության՝ ընդհանուր ապստամբության կազմակերպման անհրաժեշտ միջոցներ։ Տեռորը ուղղվում էր ինչպես արտաքին թշնամու, այնպես էլ ազգային շահը դավաճանողների, հայ լրտեսների դեմ։ Ծրագրում որոշակի տեղ էր հատկացվում մեծ տերությունների՝ Հայկական Հարցի նկատմամբ գրաված հայամետ դիրքին, թեև շեշտվում էր, որ ժողովուրդն ինքը պետք է կռի իր ազատությունը։ Մասնավորապես, ընդհանուր ապստամբության համար խիստ կարևորվում էր միջազգային նպաստավոր իրավիճակի առկայությունը։ Նման բարենպաստ պահ էր համարվում Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ։
Հնչակյան կուսակցությունը և՛ ծրագրային փաստաթղթերում, և՛ գործունեության ընթացքում ընդունում ու անհրաժեշտ էր համարում նաև Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների (քրդեր, ասորիներ) հետ համագործակցության և հակասուլթանական ճակատ կազմելու հարցը։
Ծրագրում խնդիր էր դրվում ստեղծել խմբեր գյուղացիներից, բանվորներից, ինչպես նաև ասպատակային կամ մարտական խմբեր՝ ամենատարբեր խավերից։ Ենթադրվում էր, որ հաղթանակից հետո գյուղացիներից ու բանվորներից կազմված խմբերը վճռական դեր են խաղալու պետության կառուցման գործում։
Կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։ Կուսակցության ամրապնդման, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում նրա ճյուղավորվելու ընթացքում կառույցի ձևը բավականաչափ փոփոխությունների ենթարկվեց։ Անփոփոխ (մինչև 1896 թ. պառակտումը) մնաց դեմոկրատական-կենտրոնացվածության սկզբունքը և պաշտոնաթերթի շռւրջ համախմբված կենտրոնի ղեկավար դերի դրույթը։
Այսպիսով, ի սկզբանե Հնչակյան ծրագիրն ու գաղափարախոսությունն ունեին որոշակիորեն տարբերակվող ազգային և սոցիալական շերտեր։ Հեղափոխության զարգացման և ջարդերի ահագնացող վտանգի պայմաններում ավելի ու ավելի էր հասունանում ազգի բոլոր ուժերը համախմբելու և միևնույն թիրախին միասնաբար հարվածելու ձգտումը։ Հաշվի էր առնված, որ գաղափարական տարակարծությունները, ներազգային հակադրությունների ցանկացած սրում խիստ բացասաբար են ազդելու ազատագրական պայքարի վրա։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am