Հեթում Բ (ծննդյան թվականը անհայտ-1307, Անազարբա), Կիլիկիայի հայոց թագավոր 1289-ից։ Հաջորդել է հորը՝ Լևոև Գ-ին։ Հեթում Բ-ի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի ԱշրաՖ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285-ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10-ամյա հաշտության պայմանագիրը, 1292-ին զավթել Հռոմկլա քաղաքը։
1294-ին գահը զիջելով իր Եղբայր Թորոսին՝ Հեթում Բ-ն մտել է վանք, սակայն ավագանու պահանջով 1295-ից կրկին գահակալելով՝ փորձել է վերականգնել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ։ Դժգոհելով Հեթում Բ-ի քաղաքականությունից՝ 1296-ին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և նրան բանտարկել Բարձրբերդում։ 1298-ին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Գահակալական կռիվներից օգտվելով՝ Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հվ-արլ. շրջանները։ 1299-ին դարձյալ գահ հրավիրված Հեթում Բ մոնղոլների աջակցությամբ ազատագրել է կորցրած հողերը։ 1301-ին Հեթում Բ Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին, և դարձել նրա խնամակալը («թագավորահայրը»)։ 1307-ին թաթար զորավար Փիլարղուն Հեթում Բ-ին և Լևոն Դ-ին (40 հայ նշանավոր իշխանների ուղեկցությամբ) բանակցության պատրվակով հրավիրել է Անազարբա և խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու մեղադրանքով կոտորել նրանց։
Գրականություն՝
"Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am