Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում

 Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում: Արաբների քաղաքական գերիշխանության ժամանակաշրջանում հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթի զարգացումը դանդաղել էր, խիստ նվազել էին առաջրնթացի հնարավորությունները: Հայոց պետականության վերականգնումը, Բագրատունիների գլխավորությամբ անկախ թագավորության կերտումը, ավատատիրական քաղաքների աոաջացումը, երկրի ընդհանուր տնտեսական վերելքն ու առաջադիմությունը, առնչությունների սերտացումը հարևան երկրների հետ նախադրյալներ ստեղծեցին կրթական գործի, գիտության, գրականության և արվեստի վերելքի համար: Ճիշտ է, սելջուկ-թուրքերի ու մոնղոլների արշավանքները և Հայաստանի տնտեսական կյանքում սկիզբ առած անկման երևույթները մեծապես խոչընդոտեցին հայ մշակույթի հետագա առաջընթացը, բայց ի վիճակի չէին կանգնեցնելու այն: Զաքարյան իշխանների գլխավորությամբ հայկական տարածքների ազատագրումը և տնտեսական կյանքի վերընձյուղումը նոր վերելք աոաջ բերեցին մշակույթի զարգացման ասպարեզում: Ինքնատիպ մշակութային կյանքով էր ապրում Կիլիկյան Հայաստանը, որի աոնչությունները չափազանց սերտ էին թե' բուն Հայաստանի, թե' Բյուզանդիայի, արևմտաեվրոպական երկրների ու մերձավորարևելյան տարածաշրջանի մահմեդական քաղաքական կազմավորումների հետ:

 Պատմաշրջանի հայ մատենագրության և մշակույթի մյուս բնագավառների կայուն վերելքի հիմքը կրթական գործի զարգացումն էր:

 Տարրական կրթություն երեխաները ստանում էին հասարակական կամ մասնավոր բնույթի դպրոցներում, որտեղ ուսուցումը տևում էր շուրջ երեք տարի: Նախնական կրթություն ստացածները հետագա ուսումնառությունը շարունակում էին բարձր տիպի ուսումնական հաստատություններում՝ վարդապետարաններում: Կրթագիտական հռչակավոր կենտրոններ էին Անիի, Արդինայի, Կարսի, Հաղպատի, Սանահինի, Կեչառիսի, Այրիվանքի, Նարեկա վանքի, Մշո Ս. Կարապետի վարդապետարանները: 1280-ական թվականներից գործում էր Գլաձորի համալսարանը, որի նշանավոր ուսուցչապետներից էին Ներսես Մշեցին և Եսայի Նշեցին: Գլաձորի ավանդույթները շարունակեց Տաթևի համալսարանը , որը մեծ հռչակ ձեռք բերեց Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու արդյունավետ գործունեության շնորհիվ:


 


                                                                                                    Մարգարյան Հ.


 


Տես նաև՝


Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am