Հայկական տարածքների հարցը (1918-1920 թթ.)
Զանգեզուրի հայերի հերոսամարտերն ադրբեջանական զավթիչների դեմ
Ադրբեջանի հետ հենց սկզբից Հայաստանի Հանրապետության հարաբերությունները եղան բարդ ու ոչ բարեկամական: Չնայած դրանք որոշվում էին աշխարհաքաղաքական, ազգային, կրոնական, սահմանային և այլ գործոններով՝ այնուհանդերձ առանցքայինը տարածքային հարցերն էին: Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց գերազանցապես հայաբնակ Ղարաբաղի, Զանգեզուրի, Ղազախի սահմանային գավառների, ինչպես նաև անվիճելիորեն Հայաստանին պատկանող Շարուրի, Նախիջևանի և մահմեդական բնակչություն ունեցող այլ տարածքների նկատմամբ: Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Աղրբեջանի այդ նկրտումները: Կողմ լինելով հարևանների հետ վիճելի հարցերը փոխհամաձայնությամբ և բանակցությունների միջոցով կարգավորելուն՝ Հայաստանը նման կարգավորման համար հիմք էր ընդունում ազգագրական սկզբունքը: Մինչդեռ Ադրբեջանը շեշտը դնում էր տնտեսական, աշխարհագրական և այլ գործոնների վրա: Հատկապես պայքարը սուր էր Զանգեզուրի և Ղարաբաղի համար: Այդ տարածքները ոչ միայն հայրենիքի մաս էին, այլև նրա կենսունակ գոյության երաշխիք: Երկու կողմն էլ հասկանում էին հիշյալ տարածքների իրական նշանակությունը, որը և անզիջում էր դարձնում պայքարը: Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող իրադարձություններն անմիջականորեն ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով վերածվել ուղղակի պատերազմի: Ըստ որում Ադրբեջանն օգտագործում էր տնտեսական, ռազմական ու դիվանագիտական ճնշման բոլոր լծակները: Հայաստանի համար փակ էին Ադրբեջանով անցնող բոլոր ճանապարհները: Ադրբեջանը հրաժարվում էր նավթ և հաց մատակարարել Հայաստանին՝ հուսալով նման ճնշմամբ զիջումներ կորզել Ղարաբաղի և Զանգեզուրի հարցում: Ադրբեջանի ռազմական ճնշումը դրսևորվում էր ոչ միայն սահմանային գավառներում ուժի բացահայտ ցուցադրմամբ և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա պարբերական հարձակման փորձերով, այլև, ինչպես ասվեց, Հայաստանի մահմեդական բնակչության շրջանում քայքայիչ գործունեության ծավալմամբ և թուրք-թաթարական նորանոր խռովությունների կազմակերպմամբ:
Զանգեզուրի հայ բնակչությանը վիճակված էր երկարատև արյունալի կռիվներ մղել իր ազատության համար:
Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում շերտընդմեջ ապրող հայերը և թուրքերը ունեին իրարից խիստ տարբեր քաղաքական ձգտումներ: 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո գավառը փաստորեն բաժանվել էր երկու մասի՝ հայկական և մուսուլմանական: Հայկական մասը ընդգրկում էր բուն Զանգեզուրի՝ Գորիսի, Սիսիանի, Կապանի և Արևիքի (Մեղրու) շրջանները, իսկ մուսուլմանական մասի մեջ էին մտնում Գորիս-Կապան-Մեղրի գծից արևելք ըկած թուրք և քուրդ բնակչությամբ շրջանները: Հայկական մասի նկատմամբ մուսուլմանական մասն ուներ մի մեծ առավելություն, այստեղ բնակչությունը կրոնական տեսակետից միատարր էր՝ կազմված էթնիկ թուրքերից ու քրդերից, իսկ հայկական մասում հայ բնակչության թիկունքում կային հայերի համար մեծ վտանգ ներկայացնող թուրք և քուրդ հոծ բնակչությամբ տասնյակ գյուղեր, հատկապես Սիսիանի և Կապանի շրջաններում:
Գավառի ինքնապաշտպանության կազմակերպման գործում մեծ աշխատանք էին տանում Զանգեզուրի ազգային խորհուրդը, ՀՀԴ Սյունիքի կենտրոնական կոմիտեն, գործիչներ Արշակ Շիրինյանը, Միքայել (Միշա) Պարոնյանը, Զախար Տեր-Դավթյանը, Նիկոլայ Հովսեփյանը, Զախար Տեր-Ղազարյանը և ուրիշներ: Զանգեզուրի հայ պաշտպանների զինական ուժը մեծապես հզորացավ, երբ 1918 թ. հուլիսի վերջերին Անդրանիկն իր ավելի քան 3 հազարանոց «Հարվածող զորամասով» և թուրքահայ ու նախիջևանահայ շուրջ 35 հազար գաղթականներով մտավ Զանգեզուր: Գաղթականությունը հիմնականում տեղավորվեց Սիսիանի շրջանում, իսկ զորամասի ստորաբաժանումները՝ զորավար Սմբատի, Սասունցի Մուշեղի, Հայկ Բոնապարտյանի, Բորտի, Կալմակովի և Վիչինի, Ջեբեջիի, Փիլոսի, Հասրաթի, Հարությունի և ուրիշ հայտնի զինվորական գործիչների հրամանատարությամբ տեղակայվեցին գավառի չորս շրջաններում: Անդրանիկի զորամասից քիչ առաջ Զանգեզուր էր մտել նաև 1918 թ. սկզբին արցախցի հայ զինվորականներից Թիֆլիսում կազմավորված Շուշիի գունդը՝ գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ: Արցախ անցնելու մի քանի անհաջող փորձերից հետո գունդը մնացել էր Գորիս քաղաքում և դարձել գավառի ինքնապաշտպանության հուսալի ուժերից մեկը:
1918 թ. նոյեմբերին Քառյակ դաշինքի երկրների պարտությունից հետո թուրքական զորքերը սկսեցին հեռանալ Անդրկովկասից և նրանց փոխարինելու եկան դաշնակիցների զորքերը: Ադրբեջանում հաստատվեցին անգլիացիները՝ իրենց պաշտպանության տակ առնելով մուսավաթական ռեժիմը: Պաշտոնական Լոնդոնը Արցախը և Զանգեզուրը համարեց Ադրբեջանի անբաժանելի տարածքներ: Բաքվի նավթն անգլիացիների համար ավելի կարևոր էր, քան «փոքր դաշնակից» հայ ժողովուրդը:
Արցախի և Զանգեզուրի հայությունը վճռականապես մերժեց անգլիացիների քաղաքականությունը և պատրաստվեց դիմադրության: Արցախցիների խնդրանքով Զանգեզուրում գտնվող Անդրանիկն իր զորամասով և գավառի զինվորական ջոկատներով 1918 թ. նոյեմբերի 29-ին արշավանք ձեռնարկեց դեպի Շուշի: Զանգեզուրի և Արցախի միջև տարածքների թուրք և քուրդ զինված խմբերը, փակելով հայկական ուժերի ճանապարհը, ցույց տվեցին կատաղի դիմադրություն, բայց ի վերջո ջախջախվեցին և խուճապով ցրվեցին զանազան ուղղություններով: Ճանապարհը դեպի Շուշի մաքրված էր թշնամուց, բայց Ավդալարում (Լաչին) գտնվող Անդրանիկին ընդառաջ եկան անգլիացի և ֆրանսիացի երկու սպաներ, որոնք Ադրբեջանում անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնից բերել էին առաջխաղացումն անհապաղ դադարեցնելու մասին հրաման՝ սպառնալով, թե հակառակ դեպքում Փարիզի Խաղաղության վեհաժողովում Արցախի և Զանգեզուրի պատկանելիության հարցը քննարկելիս հազիվ թե որոշում ընդունվի հայերի օգտին:
Անդրանիկը տեղի տվեց և դեկտեմբերի 4-ին հայկական զորքը Զաբուղի ձորից վերադարձավ Գորիս:
Ոգեշնչված անգլիացիների հովանավորությունից՝ Ադրբեջանը նոր թափով շարունակեց կռիվը Զանգեզուրը և Արցախը նվաճելու համար: 1919 թ. հունվարին Ադրբեջանի կառավարությունը Շուշիի, Զանգեզուրի, Ջիվանշիրի և Զեբրայիլի գավառներից ստեղծեց գեներալ նահանգապետություն՝ մոլի մուսավաթական գործիչ Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կոտրել հայերի դիմադրությունը և Արցախն ու Զանգեզուրը ենթարկել Ադրբեջանին: Հայաստանի կառավարությունը անօրինական համարելով Բաքվի այդ ձեռնարկը՝ իր հերթին, 1919 թ. մարտին շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանին նշանակեց Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր պետական կոմիսար: Ա. Շահմազյանի՝ Գորիս ժամանելուց մի քանի օր անց, մարտի 25-ին, Անդրանիկն իր զորամասով Գորիսից մեկնեց Երևան՝ գաղթականությանը առժամանակ թողնելով Զանգեզուրում: Գաղթականության կարիքները հոգալու համար Անդրանիկը Գորիսի գավառի ազգային խորհրդի տրամադրության տակ դրեց իր զորամասի ունեցած գումարի ու դեղորայքի մեծ մասը:
Թուրքերը կարծում էին, թե Անդրանիկի հեռանալուց հետո Զանգեզուրն այլևս անկարող կլինի դիմանալ իրենց զանգվածային ճնշմանը: Բայց Զանգեզուրը մնաց ամուր և արթուն՝ պատրաստ թշնամուն դիմակայելու աջից ու ձախից՝ Նախիջևանի և Ադրրեջանի կողմերից եկող թշնամական բոլոր հարձակումներին: Թեև 1919 թ. գարնան և ամռան ամիսներին այդ բոլոր հարձակումները հետ էին մղվում նրանց համար մեծ կորուստներով, բայց Ադրբեջանի կառավարությունը կրած պարտություններից դասեր չէր առնում և պատրաստվում էր վճռական հարձակման: Բազմակողմանի նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կառավարությունը 1919 թ. նոյեմբերին Զանգեզուրի վրա նետեց իր բանակի ամենաընտիր զորամասերը: Կռիվը եղավ դաժան ու արյունալի: Զանգեզուրը այս անգամ էլ թշնամու առջև կանգնեց որպես անհաղթահարելի պատնեշ: Հայկական ուժերը՝ Արսեն Շահմազյանի հրամանատարությամբ, մեկը մյուսի հետևից կործանիչ հարվածներ հասցրին թշնամու զորքերին, որոնք խուճապահար փախան Ադրբեջանի խորքերը:
1919 թ. օգոստոսին Զանգեզուր է գալիս հայ ժողովրդի մեծ զավակ Գարեգին Նժդեհը, որը շուտով դառնում է լեռնաշխարհի հայության լեգենդար ղեկավարը: Նրա գլխավորությամբ հայկական վաշտերը ինքնապաշտպանական գործողություններից անցնում են նախահարձակ հաղթական կռիվների:
Զանգեզուրցիների փայլուն հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ Արցախին: Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ Դրոյի հրամանատարությամբ: Կապարդողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը: Սակայն 1920 թ. ապրիլին բոլշևիկյան Ռուսաստանի զորքերը մտան Անղրկովկաս, և Ադրբեջանն առաջինը դարձավ խորհրդային: Ն. Նարիմանովի ղեկավարությամբ ստեղծված ադրբեջանական խորհրդային կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ շարունակեց մուսավաթականների քաղաքականությունը և լիակատար աջակցություն ստանալով ռուսական բոլշևիկյան կառավարությունից՝ ձեռնարկեց զենքի ուժով Արցախի և Զանգեզուրի նվաճումը:
1920 թ. մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին:
1920 թ. հուլիսի 4-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը մտան Զանգեզուրի սահմաններից ներս և հաջորդ օրը գրավեցին գավառի կենտրոն Գորիսը: Լեռնավայրում ազդարարվեցին խորհրդային կարգեր: Կարմիր բանակի առջև խնդիր էլք դրված գավառը նվաճելուց հետո շարժվել Նախիջևան և այնտեղից ուղիղ կապ հաստատել իրենց խորհրդային իշխանության բարեկամ հայտարարած Թուրքիայի քեմալական ուժերի հետ: Առաջին իսկ օրից Զանգեզուր մտած բոլշևիկյան ուժերը դաժան բռնարարքների դիմեցին գավառի հայրենասիրական ուժերի դեմ՝ Հաստատելով մղձավանջային ռեժիմ: Դա ավելի բորբոքեց տեղացիների ատելությունն ադրբեջանական զավթիչների և նրանց աջակից կարմիր զորքերի նկատմամբ: Զանգեղուրը չհանձնվեց ու Նժդեհի գլխավորությամբ արյունալի կռիվներ սկսեց թուրք-բոլչևիկյան միացյալ ուժերի դեմ: Սիսիանում և հատկապես Կապարգողթում ծայր առած թեժ կռիվներում ռուս-աղրբեջանական զորքերը ծանր պարտություն կրեցին և օգոստոսին նահանջեցին: Բայց շատ չանցած՝ 11-րդ կարմիր բանակն անցավ վճռական հարձակման և արյունալի կռիվներով մինչև 1920 թ. սեպտեմբերի կեսերը կարողացավ գրավել Զանգեզուրի երեք կարևոր շրջանները՝ բուն Զանգեղուրը (Գորիսի շրջան), Սիսիանը և Կապանը: Բայց նույնիսկ այս պայմաններում գավառի ինքնապաշտպանական ուժերը չհանձնվեցին, այլ կենտրոնանալով Զանգեզուրի վերջին ազատ տարածքի՝ Գենվազի (Մեղրու շրջան) վրա՝ շարունակեցին գերմարդկային մաքառումը: Որքան էլ կարմիր բանակի զորամասերը և ադրբեջանական ղինուժը ջանքեր գործադրեցին գրավելու Գենվազը, բայց այն մնաց անառիկ: Զանգեզուրյան մարտիկների խիզախությունն ու անձնազոհությունը զարմանք էր պատճառել բազմաքանակ հակառակորդին, որի ուժերը գնալով նոսրանում էին: Հայերի՝ մեկը մյուսին հաջորդած և մեկը մյուսից հաջող գրոհների ճնշման տակ կարմիր բանակի ստորաբաժանումների մի մասը ստիպված հետ քաշվեց Նախիջևան, իսկ մնացած մասը բռնեց դեպի Կապան անկարգ նահանջի ճանապարհը:
Մինչ հակառակորդը նահանջում էր, Նժդեհի՝ Կապանի ընդհատակում գտնվող ուժերը հոկտեմբերի 9-ին ապստամբություն բարձրացրին և մեկ շաբաթում շրջանը ազատագրեցին կարմիր զորքերից: Կապանցիների օրինակով ապստամբեցին նաև Սիսիանի ընդհատակյա ուժերը և մինչև հոկտեմբերի 14-ը իրենց ձեռքը վերցրին ամբողջ շրջանը: Հերթը հասավ Գորիսի շրջանին, ուր կատաղի կռիվներ տեղի ունեցան զանգեզուրյան վաշտերի և կարմիր բանակի զորամիավորումների միջև: Վերջիններիս հետ կովի դաշտ էր դուրս եկել նաև տաճկական մի գունդ:
Արյունահեղ մարտերում զանգեզուրյան վաշտերը փայլուն հաղթանակով վերագրավեցին Գորիսի շրջանը: Նոյեմբերի 21-ին ամբողջ Զանգեզուրը ազատագրված էր: Գավառում վերականգնվեց ազգային իշխանությունը:
Ստեղծված հարաբերական դադարի պայմաններում Զանգեզուրում ձեռնարկվեցին լուրջ միջոցառումներ գավառի ներքին կյանքի կանոնավորման և պաշտպանության ամրապնդման ուղղությամբ: 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում իր աշխատանքները սկսած համազանգեզուրյան առաթին համագումարը գավառը հռչակեց Ինքնավար Սյունիք և որոշեց նրա կառավարման ձևը: Պատգամավորները դատապարտեցին Հայաստանում կատարված բոլշևիկյան հեղաշրջումը և գավառի հայ բնակչությանը կոչ արեցին կազմ ու պատրաստ դիմակայել սպասվելիք վտանգներին: Համագումարը զանդեզուրցիների ազատ և ինքնիշխան ապրելու բուռն ձգտման և զարմանալի համառության ցայտուն դրսևորումներից մեկն էր: