Հայաստանը անկախության վաղորդայնին (1985-1991 թթ.)
ա. Գորբաչովյան «Վերակառուցումը» և Արցախյան հարցի բարձրացումը: 1985թ. մարտին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Մ. Գորբաչովը: Երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու նպատակով նա փորձեց կատարել տնտեսական-քաղաքական բարեփոխումներ: Կոմունիստական կուսակցության 27-րդ համագումարը (1986 թ.) որոշեց արմատապես վերակառուցել երկրի տնտեսությունը, վերանայել նախկինում թույլ տրված սխալները, հասարակության մեջ մտցնել դեմոկրատիայի տարրեր: Բայց ընդունված որոշումները չէին կարող իրականանալ և արմատական փոփոխություններ առաջ բերել հասարակության մեջ:
«Վերակառուցման» անվան տակ ժողովրդական զանգվածների կողմից բարձրացված, բայց լուծում չստացած խնդիրներն ավելի ծանրացրին ԽՍՀՄ-ի սոցիալ-տնտեսական կացությունը: Սրվեցին հակասություններ կենտրոնի և ազգային հանրապետությունների միջև: Զանգվածային բնույթ ընդունեցին ազգամիջյան առճակատումները: Սոցիալտնտեսական ճգնաժամի խորացումը փաստորեն արագացրեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը:
Հայաստանում վիճակն ավելի աղետալի դարձավ 1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ գոյություն ունեցող ընդհանուր ճգնաժամին ավելացավ Լեռնային Արցախի (Ղարաբաղի) հարցը:
«Վերակառուցման» շրջանում ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում լայն պայքար սկսվեց ազգային ինքնուրույնության համար: Դրա հիմնական պատճառն այն էր, որ չէին ձեռնարկվում միջոցառումներ` ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու, տեղական պահանջներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու միջոցով բարձրացված ցավոտ հարցերին ինչ-որ չափով լուծում տալու համար: Ուստի հանրապետություններում անխուսափելիորեն ձևավորվեցին ազգային ժողովրդական ճակատներ, որոնք սկզբնական շրջանում պայքարում էին ԽՍՀՄ կազմում ավելի շատ արտոնություններ ձեռք բերելու համար: Պայքարի բովով անցան նաև Հայաստանը և Արցախը:
Արցախը միշտ իր ուրույն տեղն է ունեցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում: Ոգևորված Գորբաչովյան վերակառուցման քաղաքականությամբ և հավատալով Մոսկվայի խոստումներին` արցախցիները 1988թ. սկզբներից «Լենին-կուսակցություն-Գորբաչով» լոզունգներով դուրս եկան բացահայտ պայքարի: Սկզբում շարժումը, ըստ էության, չէր ղեկավարվում որևէ կազմակերպության կամ ընտրված որևէ պատասխանատու անձի կողմից: Այն ընթանում էր տարերային հուժկու պոռթկումներով: Արցախահայությունը վերջնականապես համոզվել էր, որ ազատությունը կարող է ձեռք բերվել ոչ թե վերադասին ուղղված խնդրանքով, այլ միայն ու միայն հետագա անձնուրաց պայքարով ընդդեմ ադրբեջանական դաժան գաղութատիրության: Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակում արցախահայությունը կամ պետք է հեռանար հայրենի երկրամասից, կամ պայքարեր իր հողն ու պատիվը պաշտպանելու համար: Ոտքի ելած հայության ազատագրական շարժումն աստիճանաբար առաջ քաշեց մի ոչ պաշտոնական կոլեկտիվ ղեկավարություն: Նրանց կոչերով մարզի բոլոր ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, ուսումնական հաստատություններում և մշակույթի օջախներում տեղի էին ունենում ժողովներ, կոմերիտական և կուսակցական կազմակերպությունների նիստեր, գյուղական, ավանային, քաղաքային և շրջանային խորհուրդների նստաշրջաններ, որտեղ քննարկվում էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը: Մոսկվան ու Բաքուն օր-օրի ուժեղացնում էին շարժման դեմ ճնշումը:
Որոշեց իրավական բոլոր նորմերը պահպանելով` պաշտոնապես բարձրացնել Արցախի ժողովրդի համար բախտորոշ հարցը և այդ նպատակով գումարել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Ադրբեջանական իշխանությունների կողմից հարուցված մեծ դժվարությունները հաղթահարելով` 1988 թ. փետրվարի 20-ին հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Հենվելով իր սահմանադրական իրավունքի վրա` Մարզային խորհուրդն ընդունեց պատմական որոշում: Մարզխորհրդի նստաշրջանը որոշեց «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին` խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմհանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև` հարցի դրական լուծման համար»: Հաջորդօրն այս որոշումը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում: Ադրբեջանի իշխանությունները սվիններով ընդունեցին այդ որոշումը և բռնեցին արցախահայության մարտահրավերը բռնի ուժով խեղդելու ուղին:
Արցախահայության ազատագրական պայքարին զորավիգ լինելու վճռականությամբ հաջորդ օրը Հայաստանում սկսվեցին հանրահավաքներ: Փետրվարի 21-ին Երևանի Թատերական հրապարակում տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը: Շուտով միտինգների ու ցույցերի ալիքը տարածվեց հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում: Բազմամարդ ժողովներում աշխատավորներն իրենց համերաշխությունն էին հայտնում Արցախի ազատագրական շարժմանը: Շարժումը գնալով ծավալվում էր: 1988 թ. փետրվարին ստեղծվեց շարժման կազմկոմիտե, իսկ մարտի սկզբներին Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ` «Ղարաբաղ» անվանումով կոմիտե, որը ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու միտինգները: Բոլոր քաղաքներում և հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծվեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որոնք քննարկում էին պայքարի հետագա զարգացման, շարժմանն օժանդակելու խնդիրներ:
բ.Սումգայիթյան ողբերգությունը: ԽՍՀՄ կենտրոնական մարմինները և ադրբեջանական իշխանությունները համոզվելով, որ քաղաքական միջոցներով հնարավոր չէ կասեցնել հայերի օրըստօրե ծավալվող ազատագրական շարժումը, որոշեցին կոպտորեն ոտնահարել համամարդկային իրավունքի բոլոր չափանիշները, ժողովրդական շարժմանը հակադրել բիրտ ուժն ու բռնությունը: Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում 1988թ փետրվարի 26-ից սկսած բորբոքվեցին հակահայկաան հանրահավաքներ, որոնց գլխավորում էին քաղաքի կուսշրջկոմների քարտուղարները:
Փետրվարի 27-ին ադրբեջանական խուժանը «Մա¯հ հայերին» կոչով` տեղական իշխանությունների աչքի առաջ կատարեց հայ ազգաբնակչության կոտորած: Գազազած խուժանը հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում, այրում կենդանի: Պաշտոնական տվյալներով տանջամահ էին արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200 հոգի: Երեք օր տևած ջարդերից հետո միայն, փետրվարի 29-ի գիշերը խորհրդային զորքը մտավ Սումգայիթ, որին մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագությունները և քաղաքից դուրսհանել կենդանի մնացած հայերին: Ավելի քան երեք հազար սումգայիթաբնակ հա յեր, կորցնելով իրենց բնակարանները և ունեցվածքը, հրաշքով փրկվելով սպանդից, պատսպարվեցին Հայաստանում, իսկ մնացածները Ադրբեջանից փախան տարբեր ուղղություններով: Ըստ որում նրանց թույլ չէր տրվում փոխադրվել Ղարաբաղ:
Կենտրոնական իշխանությունները ձգտում էին հասարակությունից թաքցնել սումգայիթյան ողբերգությունը` այն ներկայացնելով որպես խուլիգանական տարրերի գործողություն: Շուտով Երևանի փողոցներում հայտնվեցին խորհրդային զորքեր ու զրահատեխնիկա, որոնք իրենց հսկողության տակ առան կառավարական շենքերը, ռադիոտունը, հեռուստակենտրոնը, փոստատունն ու հիմնական ճանապարհները: Ցույցերն ու հանրահավաքները արգելվեցին: Բայց ժողովուրդը վճռական էր և անկոտրում: Այս պայմաններում կենտրոնը փորձեց արցախյան պայքարի իմաստը հանգեցնել զուտ տնտեսական պայքարի և ապակողմնորոշել լայն հասարակայնությանը:
1988թ. հուլիսի 18-ին Արցախի իշխանությունների խնդրանքով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂԻՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկեց Լեռնային Ղարաբաղի հարցը: Հայաստանի ներկայացուցիչներ Վ. Համբարձումյանը, Ս. Համբարձումյանը, Վ. Պետրոսյանը, ԼՂԻՄ-ի ներկայացուցիչ Հ. Պողոսյանը և ուրիշներ իրենց ելույթներում դատապարտեցին սումգայիթյան ոճրագործությունը, ցույց տվեցին արցախյան շարժման օրինականությունն ու Լեռնային Ղարաբաղը` մայր հայրենիքին միանալու անհրաժեշտությունը: Բայց ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը մերժեց ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումները: Ավելին, Մ. Գորբաչովի գլխավորած կուսակցական վերնախավը փորձեց հավասարության նշան դնել հակամարտող կողմերի միջև: Մերժելով արցախահայության օրինական պահանջը, նա ամեն կերպ պաշտպանում էր Ադրբեջանի շահերը և դատապարտում շարժումը: Հոկտեմբերյան հեղափոխության հերթական տարելիցի (1988 թ. նոյեմբերի 7) նշումը Երևանի Հանրապետության հրապարակում վերածվեց բազմահազարանոց բողոքի ցույցի, որի մասնակիցները շարունակում էին համառորեն պահանջել Արցախի միացումը մայր հայրենիքին: 1988թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի մասնակի ընտրությունների ժամանակ առաջին անգամ այլընտրանքային կարգով պատգամավորներ դարձան ղարաբաղյան շարժման մի քանի ղեկավարներ Հայաստանից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ:
1988թ. նոյեմբերին, հակառակ իշխանությունների համառ դիմադրությանը, ժողովրդի պահանջով գումարվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան, որը որոշում ընդունեց այն մասին, որ Հայաստանում կարող են կենսագործվել կենտրոնական իշխանությունների միայն այն որոշումները, որոնք Հանրապետության Գերագույն խորհուրդը կհամարի նպատակահարմար: Մոսկովյան իշխանությունները հակասահմանադրական և ապօրինի համարեցին ինչպես այդ նստաշրջանի գումարումը, այնպես էլ նրա ընդունած որոշումը: Ինքնուրույնության ամենաթույլ արտահայտությունն անգամ զայրացնում էր կենտրոնին, ուստի 1988թ. նոյեմբերի վերջերին Երևանում մտցվեց հատուկ դրություն և պարետային ժամ: Արգելվեցին ցույցերն ու հանրահավաքները, իշխանությունը փաստորեն հանձնվեց զինվորականներին: