Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանը Ք.ա. 3-րդ հազարամյակում. անվան հնագույն հիշատակությունները. Արմի, Արման(ում), Արամ
Հայաստանը Ք.Ա. 3-րդ հազարամյակում, «Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները. Արմի, Արման (ում), Արամ:
Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում (Ք.ա. 4-րդ հազարամյակի կեսերից մինչև Ք.ա. XXIV դար): Այդ ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ: Դա խոսում է լեռնաշխարհի բնակիչների ազգակցության մասին:Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանի հնավայրերից հայտնաբերվել են կիսաթանկարժեք քարերից պատրաստված գուրզեր,որոնք, հավանաբար, եղել են իշխանության խորհրդանշաններ: Ժամանակի գիտության բացառիկ նվաճում է Մեծամորի աստղադիտարանը, որտեղից աստղային երկինքը դիտարկել են Ք.ա. 2800-2600 թվականներին: Այդ փաստը եկավ հիմնավորելու եվրոպական աստղագետ-պատմաբանների դեռևս XIX դարավերջին կատարած եզրահանգումները, որոնց համաձայն կենդանակերպի (զոդիակի) համաստեղությունների անվանակոչումը կատարվել է Հայկական լեռնաշխարհում Ք.ա. մոտ XXVIII դարում: Հայաստանի վաղ բրոնզեդարյան խեցեղենը հարուստ է խորհրդանշաններով և գաղափարագրերով, որոնք հետագայում դարձան հայկական մեհենագրության հիմքը: Ք.ա. XXVI-XXIII դարերում ներկայիս Սիրիայի տարածքում բարձրանում է Էբլա պետությունը, որն առևտրական լայն ցանցով կապված է եղել շրջակա երկրների հետ: Էբլայի բնագրերը Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Արաբական թերակղզուց Միջագետք ներթափանցած սեմական ցեղերը Ք.ա. XXIV դարի երկրորդ կեսին ստեղծում են պատմությանը հայտնի առաջին բռնակալությունը: Պետության հիմնադիր Սարգոնը, հաստատվելով Միջագետքի կենտրոնում` Աքադ քաղաքում, ստեղծեց պատմության մեջ մինչ օրս հայտնի առաջին մշտական մասնագիտացված բանակը և շուրջ 10 տարի տևած պատերազմների ընթացքում հիմնեց նախադեպը չունեցող մի աշխարհակալություն: Նրա զորքերը հյուսիսում հասան մինչև Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերը, բայց անհաջողություն կրեցին այնտեղ: Մեզ է հասել Սարգոն Աքադացու տերության աշխարհագրությունը ներկայացնող մի արձանագրություն, որում առաջին անգամ ներկայացված է <<Արմենիա>> անվան նախաձևը` Արման(ում) երկրանունը: Աքադի չորրորդ տիրակալ Նարամ-Սուենը (Նարամ-Սին, Ք.ա. XXIII դար) Եփրատի և Տիգրիսի հոսանքներն ի վեր ձեռնարկել է բազմաթիվ ռազմական արշավանքներ: Նա Վանա և Ուրմիո լճերիմիջնատարածքում հիշատակում է Արամ երկիրը: Այդ տարածքը Վանի թագավորության ժամանակաշրջանում ևս հիշատակվում է գրեթե նույն տեսքով (Արամալի, Արմարիլի): Հիշենք, որ ըստ Մովսես Խորենացու տեղեկության <<արմեն>> և <<Արմենիա>> անունների հիմքում ընկած է <<Արամ>> անունը: Նարամ-Սուենը կատարեց մի քանի արշավանք դեպի Եփրատի վերին հոսանքի շրջանը: Այդ մասին է պատմում նրա ամենածավալուն արձանագրություններից մեկը, որում Արման(ում)ը ներկայանում է իբրև մի երկիր, որը <<երբևէ` մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չէր նվաճել>>: Նա Դիարբեքիրի շրջանում թողել է իր պատկերաքանդակով և արձանագրությամբ մի կոթող, որը հուշում է, որ Արման(ում) երկիրը գտնվել է Աղձնիքի տարածքում: Նարամ-Սուենի դեմ ձևավորվում է Հայկական լեռնաշխարհի և հարակից 17 պետական կազմավորումների դաշինքը` Արման(ում) երկրի գլխավորությամբ: Հետագայում տասնյոթ երկրների դաշինքի ղեկավարումը Արման(ում)ից անցավ Կուտիական երկրին (Կորդվաց աշխարհ), որն էլ վերջ դրեց Նարամ-Սուենի բռնակալական իշխանությանը:
Գրականության ցանկ
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.., էջ 25-27
Մովսիսյան Ա.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2487
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 815
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am