Հայկական տարածքների հարցը (1918-1920 թթ.). Հայ-վրացական հակասությունները:
Պետականության հռչակման պահից Հայաստանի Հանրապետությանը լուրջ փորձություններ էին սպասվում հարևանների հետ հարաբերություններում։ Պարսկաստանը միակ հարևանն էր, որի հետ սահմանների հարցում տարաձայնություններ չկային։ Ուստի ի սկզբանե նրա հետ հաստատվեցին բարիդրացիական և առևտրական հարաբերություններ, թեև Նախիջևանի թուրք բնակչության ապստամբ կեցվածքի պատճառով բնականոն երկաթուղային կապ երկու երկրների միջև այդպես էլ չհաստատվեց։
Թուրքիայի, Ադրբեջանի և Նախիջևանի թրքության կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում արտաքին աշխարհի, հատկապես Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապ հաստատելու գործում Հայաստանի համար կենսական նշանակություն էր ստանում Վրաստանով անցնող ճանապարհը։ Այս առումով Վրաստանի դեմոկրատական հանրապետության հետ լավ հարաբերությունների հաստատումը անհրաժեշտություն էր։ Սակայն անկախության առաջին ամիսներին երկու երկրների հարաբերությունները խիստ լարված էին։ Առանցքային հակասությունը սահմանների խնդիրն էր։ Առաջնորդվելով Վրաստանի համար «ռազմավարական սահմաններ» ստեղծելու անհրաժեշտությամբ՝ Վրասաանի ղեկավարները հավակնություններ էին ներկայացնում Ախալքալաքի և Լոռու գերազանցապես հայաբնակ գավառների նկատմամբ, որոնք համապատասխանաբար ունեին 80 հազար և 60 հազար հայ բնակչություն։ Ըստ որում Մուդրոսի զինադադարից հետո վրացիներն իրենց դիրքորոշումը բացատրում էին նրանով, որ Թուրքիայի պարտությունից հետո Հայաստանը կստանա Արևմտյան Հայաստանի 6 վիլայեթները և տարածքի կարիք չի ունենա։ Մինչդեռ սահմանագծման հարցում առաջնորդվելով ազգագրական սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունը նշված գավառները համարում էր իր տարածքի անբաժնելի մասը։
Երբ 1918 թ. հոկտեմբերին թուրքերը թողեցին Լոռի-Փամբակի տարածքը, կառավարության հրահանգով հայկական ուժերը Դրոյի գլխավորությամբ անմիջապես զբաղեցրին այն։ Դա մեծ խլրտում աոաջ բերեց Թիֆլիսում։ Իրենց հերթին, հակառակ Հայաստանի բողոքներին, վրացական զորքերը դեկտեմբերի 5-ին մտան Ախալքալաք՝ այն հայտարարելով Վրաստանի տարածք։ Հնարավոր է, որ այլ պայմաններում կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստեին և որոնեին ստեղծված վիճակից դուրս գալու խաղաղ ուղիներ, բայց նախորդ ամիսներին հայ-վրացական հարաբերություններում կուտակված լարվածությունը նրանց չէր թողել այդ հնարավորությունը։
Երկու երկրների միջև լարվածությունը հասել էր գագաթնակետին, որը պայմանավորված էր ոչ միայն տարածքային խնդիրներով, այլև տարբեր հանգամանքներով, այդ թվում առաջին հերթին՝ թուրքական 1918 թ. արշավանքի և հատկապես Անդրկովկասյան հանրապետության վերջին օրերի իրադարձություններով։ Հայ քաղաքական շրջանները, ոչ առանց հիմքի, վրացական կողմին մեղադրում էին հայերի հաշվին սեփական շահերը պաշտպանելու, հայերի թիկունքում գործելու և հակառակորդի դեմ իրենց միայնակ թողնելու մեջ։ Դրան գումարվում էին նաև հակասություններն անդրկովկասյան ընդհանուր գույքի բաժանման և մի քանի այլ հարցերում։ Իրավիճակն ավելի բարդացավ այն բանի հետևանքով, որ թեև երկու կողմերն էլ բազմիցս հայտարարում էին վիճելի հարցերը խաղաղ ուղիներով լուծելու պատրաստակամության մասին, բայց Վրասաանի ղեկավարությունը, ըստ էության, օգտագործում էր իր երկրի աշխարհագրական դիրքի առավելությունները և փորձում Հայաստանի հաղորդակցության ուղիների շրջափակման միջոցով նրան տարածքային զիջումներ պարտադրել։ Ուժի դիրքից վարած նման քաղաքականությունը հատկապես բնորոշ էր 1918 թ. աոաջին ամիսներին, երբ դեռ չէր ավարտվել Առաջին աշխարհամարտը, և Վրաստանը օգտվում էր գերմանական հովանավորությունից։ Սովի և համաճարակի ճիրաններում գալարվող Հայաստանի համար, որը կտրված էր արտաքին աշխարհից, դա թիկունքից հասցված դաշույնի հարված էր։ Նման պայմաններում երկու երկրների միջև վեճը, ի վերջո, վերածվեց ոազմական բախման, և 1918 թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց Հայ-վրացական պատերազմը։
Գնալով Վրաստանի հետ բացահայտ ռազմական բախման՝ Հայաստանը լուծում էր իր համար կենսական երկու հարց. 1) Դեպի Բաթում ազատ ելքի բացում, որը սովահար ժողովրդի փրկության միակ ուղին էր, 2) Լոռու և Ախալքալաքի հայկական գավառների միավորում հայրենի երկրին։
Այս առումով ընդունելի չեն այն տեսակետները, որոնք Հայ-վրացական պատերազմը փորձում են բացատրել հայկական բանակում ծառայող ռուս սպաների հակավրացական սադրանքներով կամ Դրոյի «ռազմատենչ խմբավորման» գործողություններով։ Հայ-վրացական պատերազմը կարճատև էր։ Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ դեկտեմբերի 15-ին սրընթաց գրոհով ազատագրեց Ալավերդին, 17-ին՝ Բոլնիս-Խաչենը, այնուհետև՝ Շուլավերը և Սադախլուն։ Վրացական բանակը ծանր պարտություն կրեց, դեպի Թիֆլիս տանող ճանապարհը բաց էր։ Սակայն Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ դեկտեմբերի 31-ին ռազմական գործողությունները դադարեցին, և կողմերի միջև կնքվեց զինադադար։ Ստորագրված համաձայնությամբ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնում էր Վրաստանին, հարավային մասը՝ մինչև Դսեղ-Ջալալօղլի գիծը՝ Հայաստանին։ Դրանց միջև ընկած տարածքում ստեղծվում էր «Չեզոք գոտի»՝ անգլիական զորքերի հսկողությամբ և անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ։ Վերջինս ուներ հայ և վրացի օգնականներ։ Չնայած Հայաստանի բողոքներին՝ Ախալքալաքի վրա հաստատվում էր վրացական հսկողություն։ Զեոքբերված համաձայնությունը ժամանակավոր էր։ Հարցի վերջնական լուծումը թողնվում էր համաձայնության (Անտանտ) պետություններին, երկու կողմն էլ իրենց ներկայացուցիչները պետք է ուղարկեին Եվրոպա։
Երկու երկրների փոխհարաբերությունների կարգավորման խնդիրներով զբաղվեց 1919 թ. հունվարի կեսին Թիֆլիսում բացված հայ-վրացական խորհրդաժողովը, որը տևեց մոտ 3 ամիս։ Սահմանային հարցերում կողմերը ղարձյալ համաձայնության չեկան, սակայն որոշում ընդունվեց փոխադարձ անկախության ճանաչման ե դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Ստորագրվեց փոստ-հեռագրական համաձայնություն։ Երկու երկրների միջև վերացվեց անցագրային ռեժիմը։ Մարտին վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը և Հայաստանի համար Թիֆլիսի ու Բաթումի վրայով ճանապարհ բացվեց դեպի Եվրոպա ու Ռուսաստան։ Դրանով հանդերձ՝ երկու երկրների միջև դեռևս կային չլուծված խնդիրներ։ Հայ-վրացական նոր խորհրդաժողով բացվեց 1919 թ. սեպտեմբերին։ Թեև սահմանային հարցում դարձյալ համաձայնություն չկայացվեց, այնուհանդերձ նոյեմբերի 3-ին ստորագրվեց երկու դաշնագիր։ Կողմերը պարտավորվեցին գոյություն ունեցող կամ ապագայում ծագելիք վեճերը լուծել փոխադարձ համաձայնությամբ կամ իրավարարի վճռով։ Նրանց միջև սահմանվեց առանց մաքսի ապրանքների փոխադրություն։ Անգլիացիների հեռանալուց հետո որոշում էր ընդունվել Լոռու «Չեզոք գոտում» խառը վարչություն պահելու մասին։ 1920 թ. ամռանը կայացած նոր խորհրդաժողովում սահմանային հարցերի կողքին երկար բանակցությունների նյութ դարձավ հպատակության հարցը, որը թելադրված էր վրացահայերի՝ Հայաստանի քաղաքացի դառնալու հարցում Վրաստանի ժխտական կեցվածքով։ Բայց, այդ ամենով հանդերձ, ընդհանուր առմամբ երկու երկրների միջև հաստատվեցին տանելի հարաբերություններ և աստիճանաբար կարծես մոռացության էր տրվում դառն անցյալը: