Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.): Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների ավանդը պատերազմում տարած հաղթանակում։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իր արժանի ավանդն ունեցավ Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորությունը։ Չնայած պատերազմական տարիների ծանր պայմաններին ու զրկանքներին, ռազմաճակատից անընդհատ ստացվող հարազատների բոթը գուժող «սև թղթերին»՝ Հայաստանի աշխատավորների հերոսական աշխատանքի շնորհիվ պատերազմի տարիներին հանրապետությունում ոչ միայն շարունակեցին իրենց գործունեությունը բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, այլև շահագործման հանձնվեցին 30 նորերը, այդ թվում՝ ավիացիոն, ժամացույցների, շարժիչավերանորոգման, ավտոդողերի և այլն։ Արդյունաբերությունը յուրացրեց 300 նոր արտադրատեսակներ՝ 10 տեսակի զինամթերքի, ականանետների, ականների, նռնակների, ավիառումբերի կորպուսների, ինքնաթիռների, ռետինատեխնիկական իրերի, կաուստիկ սոդայի, ծծմբական թթվի, հեղուկ քլորի արտադրությունները և այլն։
1942 թ. հոկտեմբերից Երևանի 447 գործարանը (հետագայում՝ հայէլեկտրամեքենաշինական) սկսեց վերանորոգել վնասված ինքնաթիռներ։ Այնուհետև գործարանում արտադրվեց «Յակ-3» կործանիչ ինքնաթիռի թևեր ու չասսի, որոնք ուղարկվում էին Թբիլիսիի ինքնաթիռաշինական գործարան, որտեղ և հավաքվում էր վերջնական արտադրանքը։ Պատերազմի վերջին տարում 447 գործարանը սկսեց «ՈՒՏ-2Մ» ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվելուց հետո ուղարկվում էին ռազմաճակատ:
Գյուղատնտեսության աշխատողների հերոսական ջանքերով պատերազմի տարիներին ոչ միայն չկրճատվեցին գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու ցանքատարածությունների մակերեսը, այլև զգալի չափով ավելացան դրանք։ Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը հնարավորություն տվեց հացի ներմուծումը հասցնել նվազագույն չափերի։ Շնորհիվ ձեռնարկված միջոցառումների անասունների գլխաքանակը չնվազեց, անգամ ավելացավ կարմիր բանակի համար նախատեսված մսի ֆոնդը։ Գյուղի աշխատավորության խնայողությունների հաշվին կառուցվեցին «Հայաստանի կոլտնտեսական» տանկային շարասյունը և «Սովետական Հայաստան» զրահագնացքը։ Ընդհանրապես պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների խնայողությունների հաշվին, բացի վերոհիշյալից, ստեղծվեցին «Զանգեզուրի լեռնագործ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Հայաստանի կոմերիտական», «Հայաստանի պիոներիա», «Սովետական Հայաստան» տանկային շարասյունները, «Սովետական Հայաստան», «Հաղթանակ», «Երիտասարդ գվարդիա», «Սովետական արտիստ» ավիաէսկադրիլիաները և այլն։
Պատերազմում տարած հաղթանակի գործում իրենց արժանի ավանդը ներդրեցին հանրապետության գիտության, կրթության, արվեստի, գրականության, մշակույթի բնագավառների աշխատողները։ Չնայած, պատերազմական դաժան պայմաններին՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի՝ «ԱրմՖանի» հիման վրա 1943 թ. նոյեմբերի 29-ին Երևանում հիմնադրվեց հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան, որի առաջին պրեզիդենտ ընտրվեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, իսկ փոխպրեզիդենտներ՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանն ու Վարդան Գուլքանյանը։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրումը պատմական խոշոր երևույթ էր հայ իրականության մեջ>։ Դա մեծ չափով նպաստեց հանրապետության գիտահետազոտական հիմնարկների ղեկավարությանը մեկ միասնական կենտրոնում միավորելու և գիտական աշխատանքի նպատակասլաց զարգացումն ապահովելու գործին։ Հայ գիտնականների գիտահետազոտական աշխատանքներն ավելի խոր ու բեղմնավոր ընթացք ստացան։ Նրանց հայտնագործությունները մեծ չափով օգնեցին երկրի պաշտպա–նության ամրապնդման ու ռազմաճակատի կարիքները հոգալու գործին։
Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, որ մշակեց Վիկտոր Համբարձումյանը, արագորեն ներդրվեց ռազմական արդյունաբերության մեջ և ստեղծվեցին գիշերային պայմաններում օգտագործվող նշանացույցներ։ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից 1942 թ. օգոստոսին Արագածի վրա տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում կատարված փորձերը ճանապարհ հարթեցին միջուկային էներգիան ռազմական և խաղաղ պայմաններում օգտագործելու համար։ Իրենց հայտնագործություններով աչքի ընկան նշանավոր գիտնականներ ֆիզիկոս Նորայր Քոչարյանը, մաթեմատիկոս Արտաշես Շահինյանը, քիմիկոսներ Լևոն Ռոտինյանը, Արաքսյա Բաբայանը, Արմենակ Մնջոյանը, երկրաբան Կոստանտին Պաֆենհոլցը, կենսաբաններ Արմեն Թախտաջյանը, Լևոն Հովհաննիսյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, լեզվաբաններ Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, արևելագետ Հովսեփ Օրբելին և ուրիշներ։
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում զգալի ավանդ ունեցան ԽՍՀՄ պետական բարձրագույն մարմիններում, ռազմական արդյունաբերության և տնտեսության տարբեր բնագավառներում աշխատող հայ պետական գործիչները, գիտնականները, կոնստրուկտորները։ Ահա նրանցից մի քանիսի թվարկումը. Անաստաս Միկոյան՝ եղել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյի և Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ, ղեկավարել է կարմիր բանակի մատակարարման կազմակերպման գործը, Իվան Թևոսյան՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի ժողկոմ, Արտեմ Միկոյան՝ «ՄԻԳ» կործանիչ ինքնաթիռների ստեղծման կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, Համո Յոլյան՝ N92 հրետանային գործարանի տնօրեն, Ստեփան Ակոպով՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողկոմ, Սուրեն Աղաջանով՝ N21 ավիաgործարանի տնօրեն, Պարույր Մաթևոսյան՝ Ստալինգրադի «Կրասնի օկտյաբր» մետաղամշակման գործարանի տնօրեն, Բագրատ Հարությունով՝ ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմի աոաջին տեղակալ, Լևոն Օրբելի՝ բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, Լենինգրադի Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, Հովսեփ Օրբելի՝ Լենինգրադի պետական Էրմիտաժի տնօրեն, ՀԽՍՀ ԳԱ Հիմնադիր պրեզիդենտ և ուրիշներ։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին 1946 թ. մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը որպես մեղադրող կողմի վկա և մերկացրել ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գիտության, արդյունաբերության և ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում կատարած ակնառու ծառայությունների համար 8 հայորդու շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը կրկնակի անգամ շնորհվել է երեք հայ ականավոր գիտնականների. «ՄԻԳ» կործանիչ ինքնաթիռների զլխավոր կոնստրուկտոր, ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանին, հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աամվել Քոչարյանցին, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին։ 1994 թ. հոկտեմբերի 11-ին Վ. Համբարձումյանին շնորհվել է նաև Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազում հայրենանվեր աշխատանքներ կատարած, հետագայում Խորհրդային Միության միջուկային և կրածնային զենքի հիմնադիր Կիրիլ Իվանովիչ Շչոլկինին, նույն ինքը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանին, եռակի անգամ շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
Այսպիսով, Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրից մինչև նրա հաղթական ավարտը Խորհրդային Հայաստանի աշխատավորների հերոսական աշխատանքի շնորհիվ հանրապետությունը վերածվեց իսկական ռազմական ճամբարի, կարմիր բանակի մարտական զինանոցի, որտեղից «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» նշանաբանով ամեն օր տասնյակ գնացքակազմերով ռազմաճակատ էին ուղարկվում մարդկային համալրումներ, զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք և այլն։ Ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկները մարտերի ամենածանր պահերին և ամենուրեք մշտապես զգում էին թիկունքի աշխատավորության աջակցությունը, ստանում նրանց նյութական ու բարոյական օգնությունը։
Գրականության ցանկ
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am