Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Պարտիզանական շարժման շարքերում

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.): Պարտիզանական շարժման շարքերում։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև թշնամու թիկունքում մարտնչող տասնյակ հազարավոր պարտիզաններ, որոնց թվում քիչ չէին հայ ժողովրդի զավակները։ Այսպես, միայն Ուկրաինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200, Ֆրանսիայում՝ 1200, Հունաստանում ավելի քան 1000, Հոլանդիայում շուրջ 800 հայ պարտիզաններ։ Գոյություն ունեին պարտիզանական մի քանի ջոկատներ, նույնիսկ գունդ, որոնք կազմավորված էին առավելապես հայերից: Այսպես, օրինակ՝ Ուկրաինայում գերմանական զավթիչների դեմ մարտնչել է 100 հոգուց բաղկացած «Հաղթանակ» ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի հրամանատարությամբ, և 250 հայերից բաղկացած «Անաստաս Միկոյանի անվան ջոկատը»՝ Արամայիս Հովսեփյանի հրամանատարությամբ: 80 հայերից էր բաղկացած Լենինգրադի և Կալինինի մարզերում գործող պարտիզանական 41-րդ ջոկատը՝ Արտեմ Սաղումյանի գլխավորությամբ։ Ղրիմում է մարտնչել 10-րդ պարտիզանական ջոկատը՝ Արամ Տերյանի, Կրասնոդարի երկրամասի Արմյանսկի շրջանի «Ստեփան Շահումյանի անվան ջոկատը»՝ Անդրանիկ Մալխասյանի հրամանատարությամբ։ Ֆրանսիայում է գործել Խորհրդային 1-ին պարտիզանական ջոկատը՝ Ալեքսանդր Ղազարյանի հրամանատարությամբ, գնդի անձնակազմը բաղկացած էր 2000 հոգուց, որից հայեր էին 1200-ը։ Հունաստանում գործում էր 1000 հայից բաղկացած «Ազատություն» պարտիզանական ջոկատը՝ Բաբկեն Ներսիսյանի հրամանատարությամբ, Հոլանդիայում 800 հայերից բաղկացած խումբը, ինչպես նաև Հոլանդական դիմադրական շարժմանն աջակցող խմբերը և այլն։ Իրենց խիզախությամբ առավել աչքի ընկած հայ պարտիզաններից էին՝ Հենրիկ Զաքարյանը, Վահան Գրիգորյանը (Բելոռուսիա), քույր ու եղբայր Հայկ և Թամարա Մարտիրոսյանները, Աշոտ Հայրապետյանը (Ղրիմ), Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամներ Գեորգի (Ժորա) Հարությունյանցը և Մայա Փեհլիվանյանը (Ուկրաինա), Արտյոմ Պետրոսյանը (Չեխոսլովակիա), Գևորգ Քոլոզյանը, Մկրտիչ Դաշտոյանը (Իտալիա), Բարթուղ Պետրոսյանը, Լևոն Տիտանյանը (Ֆրանսիա), Անդրանիկ Միրզոյանը (Հոլանդիա), Արարատ Նավոյանը (Լեհաստան ) և ուրիշներ։

 Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց ծանրակշիռ ավանդը ներդրեցին նաև անտեսանելի ճակատի գաղտնակյաց (անլեգալ) հայ հետախույզներ գեներալ-լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայորներ Գուրգեն Աղայանը, Իվան Աղայանցը, Միքայել Ալավեդյանը, Վյաչեսլավ Գևորգյանը, գնդապետներ Աշոտ Հակոբյանը, Գերասիմ Բալասանյանը, Վյաչեսլավ Գուրգենյանը, Խորհրդային Միության Հերոս Գևորգ Վարդանյանը, նրա անբաժան գործրնկերուհին ու կինը՝ Գոհար Վարդանյանը, և շատ ուրիշներ։ Գևորգ Վարդանյանի անունն իրավամբ տեղ է գտել աշխարհի բոլոր ժամանակների ականավոր 100 հետախույզների շարքում։

 Նա խորհրդային գաղտնակյաց հետախույզներից միակն է, որ արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Աշխարհի բազմաթիվ երկրներում նրա կատարած սխրանքների մասին հայտնի պատճառներով դեռևս չի կարելի գրել, սակայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ լեգենդար սխրանքր դարձել է հանրահայտ։ Շնորհիվ Գևորգ Վարդանյանի հետախուզական խմբիԹեթև Հեծելազոր») գործունեության 1943 թ. նոյեմբերի 28 - դեկտեմբերի 1-ը Թեհրանում տեղի ունեցած ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների խորհրդակցության նախօրյակին վնասազերծվեց ֆաշիստական հետախուզության գործակալների ցանցը, որոնք մահափորձ էին ծրագրել Իոսիֆ Ատալինի, Ֆրանկլին-Դելանոր Ռուզվելտի և Ուինստոն Չերչիլի դեմ։

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am