Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.): Հայ ռազմիկների մասնակցությունը Ճապոնիայի ջախջախման մարտերին (9 օգոստոսի-2 սեպտեմբերի 1945 թ.)

 Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Հայ ռազմիկների մասնակցությունը Ճապոնիայի ջախջախման մարտերին (9 օգոստոսի - 2 սեպտեմբերի 1945 թ.)։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի այդ եզրափակիչ մարտական գործողությանը խորհրդային բանակի շարքերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի մի քանի հազար զավակներ, որոնց զգալի մասը մինչ այդ մարտնչել էր խորհրդագերմանական ռազմական գործողությունների թատերաբեմում։

 Նրանց թվում էր Անդրբալկանլյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը։ 12-րդ օղային բանակի գործողությունները հմտորեն ղեկավարելու համար նա պարգևատրվեց Կուտուզովի առաջին աստիճանի զորավարական շքանշանով։

 Կվանտունյան բանակի ջախջախման և Հարավային Սախալինի ազատագրման գործում մեծ դեր կատարեց հեռավորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանին, որի հրամանատարը Խորհրդային Միության հերոս, հրետանու գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեղովն էր։ Ռազմաճակատի հրետանու գործողությունները հմտորեն ղեկավարելու համար նա պարգևատրվեց Սուվորովի 2-րդ աստիճանի զորավարական շքանշանով։ Նույն ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ, հրետանու գեներալ-մայոր Գևորգ Չայլախյանը պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով, նման պարգևի արժանացավ նաև 2-րդ հեռավորարևելյան ռազմաճակատի բժշկասանիտարական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը։

 Ցուցաբերած խիզախության համար Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 215-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության Հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը։ Լայնահուն Ամուր գետը առաջինների թվում հաջողությամբ հաղթահարելու և չինական քաղաքները ազատագրելու մարտերում ցուցաբերած սխրանքների համար Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 361-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Առաքել Հովհաննիսյանը։ Չանչուն և Մուկդեն քաղաքների ազատագրման գործում կարևոր դեր կատարեց 278-րդ Հրաձգային դիվիզիան, որի հրամանատարը գնդապետ Կոնստանտին Լազարյանն էր։ Դիվիզիան արժանացավ Խինգանյան պատվավոր անվան, իսկ նրա հրամանատարը պարգևատրվեց մարտական Կարմիր դրոշի շքանշանով։ Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվածների թվում էին 10-րդ օդային բանակի հրամանատարի տեղակալ, ավիացիայի գեներալ-մայոր Գրիգոր Տոլմաջյանը, 6-րդ գվարդիական տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը, ծովային օդաչու Վազգեն Վարդանյանը, տանկիստ Սերգեյ Մկրտչյանը, Սախալինյան ռազմական նավատորմիղի շտաբի պետ, 1-ին կարգի կապիտան (Հետագայում փոխծովակալ) Վալերիան Սուրաբեկյանը և շատ ուրիշներ։

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am