Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Պատերազմի սկիզբը

 Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946թթ.): Պատերազմի սկիզբը: 1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ։

 Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ 0բերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա։ Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո"վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։

 Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

 1941 թ. օգոստոսի 25-ին "Правда" թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»։

 Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։

 Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։

 

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am