Հայ դատի հանձնախումբ (ՀԴՀ, անգլերեն՝ Armenian National Committee), ՀՀԴ կուսակցության հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ: Հիմնվել է 1941-ին, Նյու Յորքում: Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության տեսակետները բոլոր մակարդակներով՝ իր գլխավոր խնդիրը համարելով հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը: ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ Արևելյան և Արևմտյան: Տնօրենների խորհուրդը (Board of Directors) հարաբերություններն իրականացնում է համապետական, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով: Հանձնախումբը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում: Հայ դատի կենտրոնական հանձնախմբի նախագահն է Ա. Գրիգորյանը (1998-ից):

 Ըստ հանձնախմբի կանոնադրության՝ Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ Հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետեր: Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ՀՀ-ում և Անդրկովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ ՀՀ տարածքը զբաղեցնում է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված Արևմտյան Հայաստանն ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերն իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրքական կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել Արևմտյան Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմական հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում), երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցագործություն, ՀԴՀ գտնում է, որ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ: Այն պետք է ընդգրկի նաև հայկական այն տարածքները (Նախիջևան, Լեռնային Ղարաբաղ), որոնք խորհրդային իշխանության օրոք արհեստականորեն անջատվել են ներկայիս Հայաստանից: Հայկական հարցի լուծումը ենթադրում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների դիմաց, այլև ազատ և ժողովրդավարական պետության ստեղծում:

 ՀԴՀ-ի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա: Նշելի ձեռքբերումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի հանձնարարականը (1989): 1990-ից Կալիֆոռնիայում, նահանգային իշխանությունների որոշմամբ, ապրիլի 24-ը նշվում է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցեղասպանության մասին դասընթացներ, կազմվել դասագիրք՝ «Հայ դատ»: Հանձնախումբը ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերն այդ երկրներում և Արցախի ու Հայաստանի շրջափակումը:

 Հանձնախմբին կից գործում է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը ՀՀ-ում, ԱՊՀ երկրներում և Թուրքիայում: Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել Հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ:

 ՀԴՀ տեղական կազմակերպություններ են գործում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, 1991-ից՝ Երևանում: Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում գործող հանձնախմբերը 1970-1980-ական թթ. զգալի աշխատանք են կատարել Հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստել Հայկական հարցի քննարկմանը Եվրախորհրդարանում և վերջինիս կողմից «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի ընդունմանը (18 հունիսի 1987):

 Ներազգային ճակատում կատարվող աշխատանքների ծիլում ՀԴՀ կարևոր տեղ է հատկացնում նաև հայության շրջանում իրականացվող կրթական, բացատրական և քարոզչական միջոցառումներին, Հայ դատի էությունը լուսաբանող նյութերի հրատարակմանը՝ ելնելով այն համոզմունքից, ու Հայ դատից հրաժարվելու, հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները մոռացության տալու երևույթները լրջորեն վտանգում են հայ ժողովրդի ապագան:

 Հանձնախմբի գուծունեությունը ԱՄՆ-ում լուսաբանում են «Ասպարեզ» (Գլենդել) օրաթերթը, «Հայրենիք» (Բոստոն) շաբաթաթերթը, «Հորիզոն» (Գլենդել) հեռուստածրագիրը, «Սփյուռքի ձայն» ռադիոժամը, հայկական այլ համայնքներում հրատարակվող ՀԴՀ տեղական կազմակերպությունների պարբերականները: Ամերիկայի հանձնախումբն անգլերեն հրատարակում է «Trans Caucasus. A Chronology» պարբերաթերթը:

Կ. Մանոյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆ ԵԻ ՀԱՅ ԴԱՏԸ, Լազեան Գ., Երևան, 1991 թ., 

ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ և ՀԱՅ ԴԱՏ, Մինասեան Բ., Համազգային Հայ Սեթեան Հրատ., Բեյրութ: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am