Հայաստանի արտաքին դրությունը.
Հարաբերությունները Քառյակ միության պետությունների հետ
Երևանի և Սևանի միջև 12 հազար քառ. վերստ տարածքում պարփակված, ընդամենը 13 վերստ երկաթուղի ունեցող և արտաքին աշխարհից մեկուսացված Հայաստանի Հանրապետությունը՝ շուրջ մեկ միլիոն տեղաբնակ ու գաղթական բնակչությամբ, որի մայրաքաղաքից ընդամենը 7 կմ հեռավորության վրա էին գտնվում թուրքական թնդանոթները, չէր կարող կենսունակ լինել: Անհրաժեշտ էր վիճակը որոշ չափով շտկել՝ օգտագործելով անդրկովկասյան քաղաքականության հարցում Թուրքիայի և նրա դաշնակիցների, առաջին հերթին Թուրքիայի և Գերմանիայի միջև առկա տարաձայնությունները, որոնք դրսևորվել էին դեռևս Բաթումի բանակցությունների օրերին: Չցանկանալով Անդրկովկասում Թուրքիայի չափից ավելի ուժեղացումը և ձգտելով այստեղ հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը՝ Գերմանիան հանդես էր գալիս Բրեստ-Լիտովսկի պայմանները պահպանելու օգտին: Գերմանիայի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած որոշ բարյացակամ դիրքորոշումն ամրապնդելու նպատակով Բաթումի բանակցություններում Գերմանիայի ներկայացուցիչ Օ. ֆոն Լոսովի հետ Գերմանիա մեկնեցին Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հ. Օհանջանյանը և Ա. Զուրաբյանը: Մասամբ նրանց ջանքերի շնորհիվ էր, որ որոշվեց հունիսի 25-ին Կ. Պոլսում հրավիրել Քառյակ միության պետությունների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) խորհրդաժողով, որին հրավիրվեցին նաև Անդրկովկասի հանրապետությունների ներկայացուցիչները: 1918 թ. հունիսի կեսերին Կ. Պոլիս մեկնեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ա. Ահարոնյանի գլխավորությամբ: Սակայն Քառյակ միության երկրների ռազմականան հաջողությունների պատճառով խորհրդաժողովն անընդհատ հետաձգվում էր: Շուրջ 4 ամիս մնալով Գերմանիայում և Կ. Պոլսում՝ Հայկական պատվիրակությունները հանդիպումներ ունեցան Գերմանիայի, Ավսարո-Հունգարիայի և Թուրքիայի բարձրաստիճան գործիչների հետ: Հայաստանի նկատմամբ ավելի նպաստավոր վերաբերմունք ստեղծվեց: 1918 թ. ամռանը օրակարգում դրվեց Հայաստան ավստրիական զորքեր ուղարկելու հարցը, որը, սակայն, չիրագործվեց արևմտյան ճակատում Ավստրո-Հունգարիայի պարտության պատճառով: Ռազմաճակատներում կրած պարտություններին զուգընթաց՝ զգուշավոր ու զուսպ էր դաոնում նաև թուրքական կառավարությունը: Անգամ խոսակցություններ էին գնում թուրքական զորքերը մինչև 1914 թ. սահմանները հետ քաշելու մասին:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am