Հայ դատ:  Հասարակական կազմակերպություն: Հիմնադրվել է 1987-ին, Երևանում՝ «Հանուն հայրենիքի» ընդհատակյա կազմակերպության (գործել է 1965-1987-ին) հիմքի վրա: Կազմակերպության քաղաքական թևը 1991-ին ստեղծված «Ազգային վերածննդի» կուսակցությունն է (նախագահ՝ Հ. Վասիլյան, 2000-ից՝ Մ. Պողոսյան): Կազմակերպության գաղափարախոսության հիմքը Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» ուսմունքի հիմնադրույթներն են: Հիմնական նպատակն է Հայրենիքի կորցրած տարածքների վերատիրումը, ազգային աշխարհընկալման սերմանումը, ազգային կենսաձևի հաստատումը: Հրատարակում է «Հանուն հայրենիքի» (1968-ից՝ ընդհատումներով), «Հայ դատ» (1987-ից) ամսագրերը, Գ. Նժդեհի առանձին աշխատություններ, վերլուծական տեղեկատվական գրքույկներ: 1968-ին «Հանուն հայրենիքի» ամսագրի հրատարակման և կազմակերպության գաղափարների տարածման համար ձերբակալվել և տարբեր ժամկետներով ազատազրկվել են կազմակերպության անդամներ Հ. Վասիլյանը, Ա. Բաբայանը, Գ. Հեքիմյանը, Ս. Թորոսյանը, Շ. Գյունաշյանը, Ա. Անտոնյանը, Լ. Առուշանյանը, Հ. Իսկանդարյանը, Ա. Դուբասարյանը:

 Ղարաբաղյան պատերազմի տարիներին «Հայ դատը» կազմավորել է Բերդաձորիինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատը, իսկ նրա առանձին անդամներ կամավորական տարբեր ջոկատների և ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կազմում մասնակցել են ՀՀ Իջևանի, Եղեգնաձորի, Արարատի, Գորիսի, Կապանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Կազմակերպությունից զոհվել է 13 ազատամարտիկ:

Մ. Պողոսյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am