Հաթերք: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ արևմուտք՝ Թարթառ գետի ափին՝ Մռավի հարավային լեռնալանջին՝ 1000 մ բարձրության վրա: Տարածքը՝ 3895 հա: Բնակչությունը՝ 1596 (2003): Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք և այլն: Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (XII դ.) կիսավեր է, կենտրոնում է Ավագ Ս. Նշան սրբավայրը, հարավ-արևմուտքում՝ Հաթերքի բերդը, շրջակայքում՝ նախնադարյան և նախաքրիստոնեական ժամանակների հնություններ:
1990-ին Հաթրքում կազմավորվել է «Փառանձեմ» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Ս. Հարությունյան): 1991-ի օգոստոսի 16-ին ջոկատը և գյուղի կանայք պատանդ են վերցրել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի 43 զինվորի և պահանջել ազատել Հաթերք և Չափար գյուղերից պատանդ վերցված տասնյակ հայ երիտասարդների, որոնց ձերբակալել և ադրբեջանցիներին էր հանձնել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարությունը: Դեպքի կապակցությամբ և Զ. Բալայանի ահազանգով՝ օգոստոսի 18-ին Հաթերք են ժամանել «Կրիկ»-ի մի շարք անդամներ. նրանց միջնորդությամբ նույն օրը կատարվել է պատանդների փոխանակում:
1992-ի հունիսին Քելբաջարի շրջանի Աղդաբան, Չարեքտար և Նարիշտար գյուղերի հենակետերից «Գրադ» կայանքներով հրթիռահրետակոծվել է Հաթերքը և շրջակա գյուղերը, հունիսի 5-ին հակառակորդը գրավել է Հաթերքը, հրկիզել տները, խոշտանգել երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչների: ԼՂ ԻՊՈՒ-ի հրետանավորները և կամավորական ջոկատները կարողացել են կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումն այլ ուղղություններում և հնարավորություն են ստեղծել բնակիչների տարհանման համար: Հուլիսի 20-ին Հաթերքի ջոկատը հարձակվել է գյուղում տեղակայված հակառակորդի վրա, նրան կորուստներ պատճառել, ապա նահանջել ու դիրքավորվել է Վաղուհաս-Չլդրան ուղղությունում: 1993- ի փետրվարի 20-ին ԻՊՈՒ ազատագրել են Հաթերք: Գյուղից զոհվել է 44 ազատամարտիկ:
Հ. Մանուկյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am