Համբարձումյան Վիկտոր Համազասպի: Ծնվել է  1908թ. սեպտեմբերի 18-ին  Թիֆլիս քաղաքում: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-1941թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-1970 և 1970-1972թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-1990թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am