Հադրութի շրջան: Վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։ Կազմվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1931-ին, մինչև 1939-ը՝ Դիզակի շրջան) հիմքի վրա։ Հյուսիսում սահմանակից է Մարտունիի, Ասկերանի, հարավում-արևելքում և մասամբ արևմուտքում՝ Քաշաթաղի, հյուսիս-արևմուտքում՝ Շուշիի շրջաններին։ Տարածքը՝ 724 կմ2։ Բնակչությունը՝ 25710 (1824), 31235 (1895), 36198 (1912), 27139 (1939), 14516 (1989), 11500 հզ. (2003)։ Ունի 29 համայնք և 41 գյուղ, մեկ քաղաք (2003), իսկ 1939-ին ուներ 48 բնակավայր, որից 8-ը հայաթափվել է (1950-80- ին), 3-ը միացվել է ադրբեջանական շրջաններին։ Վարչական կենտրոնը՝ Հադրութ։

 Հադրութի շրջանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավային մասում՝ 700-900 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Դիզափայտ լեռնագագաթն է (2478 մ)։ Շրջանի ցածրադիր վայրերում հողերը կիսաանապատային են, նախալեռնային և լեռնային գոտիներում գերակշռում են սևահողերը, իսկ անտառայինում՝ դարչնագույն հողատեսակները։ Ընդերքը հարուստ է կրաքարի, գրանիտի, կավի պաշարներով։ Հայտնաբերվել են նաև պղնձի (Մեծ Թաղլար), երկաթի (Քարինգ) և այլ մետաղային հանքավայրեր։ Տարածքով են հոսում Իշխանագետը, Զինգյանակապը, Ճղպորագետը և այլ գետակներ։ Կլիման բարեխառն է և աչքի է ընկնում տարվա եղանակների արտահայտված հաջորդականությամբ։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 11,7°C է, բարձրադիր վայրերում՝C: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 0 ևC, հուլիսին՝ 23,6°–30° C:  Տեղումների միջին տարեկան քանակը 500–700 մմ է։ Տարածքում կան շուրջ 3000 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, քարայր-կացարաններ, արտադրական և ինժեներական կառույցներ։ Առավել հայտնի են Գտչավանքը (XIII դ.), Օխտը դռնի եկեղեցին (VII դ.), Կատարո վանքը V_XI դդ.), Կարմիր եկեղեցին (X դ.), Ճոխտ պռավածառի վանքը (IX-Xա դդ.), Մարխաթունը (XVI դ.), Նռնեգա եկեղեցին, Նորեկավանքը, Ծաղկավանքը, Կավաքավանքը, Յոթ խաչ վանքը, Ճվավանքը, Սպիտակխաչ վանքը (X-XVI դդ.), Խտուդռե վանքի ավերակները, Գռոզ, Վնեսա բերդերը, Ցորաբերդը, Գտիչ ամրոցը (IX–XVII դդ.), Որվան քարանձավը (Ազոխի համալիր)  և այլն:

 Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը և դաշտավարությունը; Շրջանում կան գյուղատնտեսական մթերքների վերամշակման, շինարարական և այլ ընկերություններ: 2002-03 ուսումնական տարում գործել են 28 հանրակրթական (12 միջնակարգ, 10 ութամյա, 6 տարրական) դպրոցներ, Հադրութում՝ շրջանային կենտրոնական հիվանդանոցը, գյուղերում՝ բուժակամանկաբարձական և բուժական կետեր:

 Տարածքը անցյալում կազմել է Արցախ-Ղարաբաղ աշխարհի մաս և ի սկզբանե հանդիսացել նրա հարավային դարպասը; Նյութական մշակույթի կոթողները, վիմագիր, գրչագիր և տպագիր աղբյուրները վկայում են Հադրութ-Դիզակի ակնառու դերակատարությունը Արցախի ռազմաքաղաքական և հոգեոր-մշակութային կյանքում; Հադրութի  շրջանի մեծ մասը հնում հարևան Մարտունիի շրջանի հետ կոչվել է Մյուս Հաբանդ: Դիզափայտի արևմտյան մասի գյուղերը մտնում էին Արցախի Բերդաձոր, Աղահեջք, իսկ հարավայինը՝ Պարզկանք գավառների մեջ: Ուշ միջնադարում՝ Ղարաբաղի մելիքությունների տիրապետության ժամանակներում (XVII դդ.) Մյուս Հաբանդը բաժանվել է երկու մասի՝ երկու մելիքությունների, որոնցից մեկը մնում էր բուն Դիզակում (նստավայրը Դող-Տող բերդամրոց), իսկ մյուսը՝ Վարանդայի Քոլեզ (այժմյան Ծովատեղ) գյուղում: Միջնադարում գավառն ունեցել է 150-ից ավելի բնակավայր, երեք տասնյակից ավելի պաշտպանական ամրություններ, հոգնոր-մշակութային, տնտեսական կենտրոններ։ XVII դ. ստեղծվել է Դիզակի մելիքությունը, որը 1603-ին հրովարտակով վավերացրել է Իրանի Շահ Աբբաս 1-ինը։ 1813-ին՝ Գյուլիստանի պայմանագրով երկրամասում հաստատվել է Ռուսաստանի տիրապետությունը։ 1828-ից շրջանը ներառվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Հադրութում տեղակայվել է ռուսական սահմանապահ զորակայանը։ Հադրութում և այլ բնակավայրերում կառուցվել են քաղաքատիպ բնակելի, հասարակական, տնտեսական ն այլ բնույթի շենքեր, եկեղեցիներ, ճանապարհներ։

 1918-1920-ին, ազգամիջյան ընդհարումների ժամանակ, թուրքական խառնամբոխին հաջողվել է կրակի ճարակ դարձնել Հարար, Փրաջանց, Քարինգ, Ամուտեղ, Արևշատ ն այլ գյուղեր։ 1920-ական թթ. սկզբներին Թևան Ստեփանյանի ն Արտեմ Լալայանի ղեկավարությամբ աշխարհազորայինները պարտության են մատնել հայկական գավառներ ներխուժած թուրք-ազերիներին ն վերահաս կործանումից փրկել հարավային Արցախը։ 1931-ին կազմավորվել է Հադրութի շրջանը: Հայրենական մեծ պատերազմի (1941-45) ժամանակ Հադրութի շրջանից զորակոչվել է շրջանի բնակչության 38 %-ը (բացարձակ թվերով 8267 մարդ) կամ 1000 մարդու հաշվով 5-6 անգամ ավելի էր, քան ադրբեջանական մյուս շրջաններից էին զորակոչվել։ Շրջանից Խորհրդային միության հերոսի կոչման են արժանացել երկուսը, վեցը դարձել գեներալներ, մեկը՝ Ա. Խամփերցյանցը (Ս. Խուդյակով)՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ։ Հադրութի շրջանից պատերազմում զոհվել է 3952 մարդ։ 1949-ին Ալթայի երկրամաս է աքսորվել շուրջ 2000 դիզակցի։

 1960-ական թթ. և հետագա տարիներին շրջանի ծանր վիճակի մասին բողոքի նամակներ են գրվել և ուղարկվել Մոսկվա։ Ա. Նիկողոսյանը (կուսշրջկոմի 1-ին քարտուղար), Է. Լալայանը (շրջանային թերթի խմբագիր), Գ. Աթայանը (զինկոմ), Ն. Զայցևը (սահմանապահ ուղեկալի սպա), Շ. Մկրտչյանը (արցախագետ) իրենց ելույթներով, նամակներով փորձել են Կենտրոնի միջոցով բարելավել շրջանի անմխիթար վիճակը, սակայն չհասնելով որնէ արդյունքի՝ հեռացել են շրջանից։ 1987-ի վերջին ստեղծվել են ընդհատակյա խմբեր՝ Հադրութում (ղեկավարներ՝ Է. Աբրահամյան, Գ. Հայրապետյան, Ա. Մկրտչյան) և Տողում (Վ. Գրիգորյան), որոնք երկրամասը Հայաստանին վերամիավորելու խնդիրը լուծելու համար կազմակերպել են ստորագրահավաք և բողոք-նամակների առաքումը Մոսկվա։ 1987-ի դեկտեմբերին Մոսկվա մեկնած ԼՂԻՄ պատվիրակությունների կազմում էին նան Հադրութի ներկայացուցիչները (Է. Աբրահամյան, Ա. Մկրտչյան, Ռ. Բալայան և ուրիշներ)։ Շարժման ժամանակ բնակչության համախմբմանը և ինքնապաշտպանության կազմակերպմանը զգալի աջակցություն են ցույց տվել շրջանի կուսակցական և գործադիր մարմինների ղեկավարները (Գ. Բաղյան, Վ. Նավասարդյան, Ս. Սաֆարյան, Ա. Աբրահամյան) և Խորհրդային Միության հերոս Ա. Գասպարյանը, որոնք կապի մեջ էին Երևանում Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող գործիչների, հատկապես ծագումով դիզակցիներ Շ. Մկրտչյանի և Ի. Մուրադյանի հետ։

 1991-ի ապրիլ-հուլիսին՝ «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային ՆԳ զորքերի և ադրբեջանական ՄՀՆՋ-ականներն անձնագրային ռեժիմի խախտման պատրվակով ձերբակալել, պատանդ են վերցրել Շարժման ակտիվիստներին, տեղահանել խաղաղ բնակիչների։ Հաշված օրերի ընթացքում հիմնովին ավերվել և թալանվել են Բանաձորի ենթաշրջանի բոլոր գյուղերը, տեղահանվել Ջրաբերդ, Առաքյուլ, Կարմրաքար, Սարալանջ, Արևշատ, Քարագլուխ, Մյուլքուդարայ, Պետրոսաշեն, Ծամձոր, Խանձաձոր գյուղերը։ 1991-ի ամռանը շրջանում կազմավորվել են կամավորական ջոկատներ, որոնք կենտրոնացվել են Հադրութում, Տողում ու Հին Թաղլարի ենթաշրջանում և ղեկավարվել շրջանի կենտրոնական շտաբի կողմից։ Հա¬յաստանի կամավորա¬կան ջոկատների հետ ձեռնարկել են ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր։ 1991-ի հոկտեմբերի 30-ին ազատագրվել է Տողը 1991-ի նոյեմբերին՝ Սարինշենը, Ծամձորը, Ուխտաձորի ենթաշրջանի տարածքները։ 1992-ի հունվարին, հունիսին, օգոստոսին հակառակորդը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել Ցոր-Խուռհատ, Մելիքաշեն-Խոտհատ-Սարինշեն ուղղություններում։ 1992-ի սեպտեմբերից կամավորական ջոկատները Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, Կենտրոնական պաշտպանական շրջանի հետ ձեռնարկել են լայնածավալ ռազմական գործողություններ, ազատագրել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, 1993-ի օգոստոսին՝ Հադրութի շրջանի գյուղերը։ Հադրութի շրջանից զոհվել է 325 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Մկրտչյան Ա., Ի՛նչ է տեղի ունեցել Հադրութամ, Ե, 1992։

Աբրահամյան Հ., Մկրտչյան Շ., Արցախի համար զոհված դիզակցիները, Ե., 2000։

Շ. Մկրտչյան, Հ. Խաչատրյան

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am