Հադրութ:Քաղաք ԼՂՀ-ում՝ համանուն շրջանի վարչական կենտրոնը՝ Ստեփանակերտից 50 կմ հարավ-արևելք Հադրութ: Քաղաք ԼՂՀ-ում՝ համանուն շրջանի վարչական կենտրոնը՝ Ստեփանակերտից 50 կմ հարավ-արևելք 750-800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 230 հա։ Հադրութի համայնքում ներառվել են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Համայնքի բնակչությունը՝ 2761 (2003)։ Ունի միջնակարգ (հայերեն և ռուսերեն բաժիններով), երաժշտական, սպորտ դպրոցներ, մշակույթի տուն, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, շրջանային կենտրոնական հիվանդանոց, գրադարան, պատմաերկրագիտական թանգարան, կապի բաժանմունք։ Համայնքում գործում են բաժնետիրական ընկերություններ, որոնք հիմնականում զբաղվում են առևտրական գործունեությամբ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ, այգեգործությամբ, հացահատիկային և այլ բույսերի մշակությամբ։

 Հադրութում է Սուրբ Հարություն եկեղեցին (XVII դ.), շրջակայքում՝ «Բերդին մուտք», «Ծծախաչ ղալա» բերդերի ավերակները, Վանքում՝ Սպիտակ խաչ վանքը (XIV դ.), Տյաքում՝ Ս. Մեսրոպ (XIX դ.) եկեղեցին։

 1989-1992-ին Հադրութում կազմավորվել է ինքնապաշտպանական 3 ջոկատ, որոնք առանձին  կամ Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (1992), Էջմիածնի կամավորական ջոկատի (հրամանատար՝ Մ. Գրիգորյան) կազմերում մասնակցել են Խուրհատի, Մելիքաշենի, Նորաշենի, Իրգունաշ լեռան դիրքերի և ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հադրութից հրամանատարներ են եղել Է. Աբրահամյանը, Ա. Աղաբեկյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Մարտիրոսյանը, Ի. Ավանեսյանը, Ռ. Ֆատյանը, Գ. Ջաբյանը, Ա. Սարգսյանը, Ռ. Համբարձումյանը, Ռ. Ստեփանյանը, Բ. Դավիդովը, Գ. Մելիքսեթյանը, Ս. Սարդարյանը, Ա. Բաբայանը, Վ. Ղահրամանյանը, Ռ. Դադամյանը, Ա. Սաֆարյանը, Ս. Պողոսյանը, Ռ. Բաբայանը, Գ. Պետրոսյանը, Կ. Միրզոյանը, Գ. Հակոբյանը, Վ. Աբրահամյանը, Ա. Սեյրանյանը, Վ. Մայիլյանը, Կ. Աբրահամյանը, Ա. Մայիլյանը և ուրիշներ։ Հադրութից զոհվել է 56 ազատամարտիկ։

Ի. Ավանեսյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am