Հաագայի կոնվենցիաներ: 1. պատերազմի օրենքների և սովորույթների մասին միջազգային կոնվենցիաներ՝ ընդունված Հաագայի խաղաղության առաջին (1899) և երկրորդ (1907) վեհաժողովներում: 1-ին վեհաժողովում (27 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 3 կոնվենցիա՝ միջազգային ընդհարումների խաղաղ կարգավորման, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, 1864-ի օգոստոսի 10-ի ժնևյան կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու մասին, ինչպես նաև 3 հռչակագիր՝ օդապարիկներից կամ նման այլ նոր միջոցներով արկերի և պայթուցիկ նյութերի նետումը 5 տարի ժամկետով արգելելու, խեղդող կամ վնասակար գազեր պարունակող արկեր չկիրառելու և մարդու օրգանիզմում հեշտությամբ շրջող ու տափակող գնդակներ չկիրառելու մասին: Հատկապես կարևոր նշանակություն է ունեցել միջազգային բախումների խաղաղ լուծման մասին կոնվենցիան: 2-րդ վեհաժողովում (44 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 13 կոնվենցիա՝ միջազգային ընդհարումները խաղաղ կարգավորելու, ռազմական գործողություններ սկսելու, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, ցամաքային պատերազմի դեպքում չեզոք տերությունների և անձանց իրավունքների ու պարտավորությունների, պատերազմական գործողությունների սկզբում հակառակորդի առևտրական նավերի դրության, առևտրական նավերը ռազմական նավերի վերածելու մասին և այլն:

2. Ռազմական հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954-ի կոնվենցիա:

3. Միջազգային մասնավոր իրավունքի մասին կոնվենցիաներ (1902-05, 1951, 1956), որոնց կիրառությունը նվազ կարևոր լինելու պատճառով դադարել է:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am